
Ինչո՞ւ է Փաշինյանը շտապում, իսկ Ադրբեջանը դանդաղ շտապում, որքանո՞վ է Փաշինյանը գործում ՊՆ-ի թիկունքում

Օրեր Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում օգտագործել էր «խաղաղության համաձայնագիր» ձևակերպումը: Նույն ժամանակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ ընտրվել էր «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» նախագիծ ձևակերպումը:
Սրանից հետո փորձագիտական և ոչ փորձագիտական շրջանակներից կարծիքներ հնչեցին, թե պայմանագիր ասվածից սահուն անցում կատարվեց համաձայնագրի:
Իրականում նման անցումներ 2020 թվականի պատերազմից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը շրջանառության մեջ դրեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցը, եղել են:
Դեռ մի կողմ ենք թողնում՝ որքանո՞վ էր ի սկզբանե ճիշտ կամ սխալ կնքվելիք փաստաթուղթը հենց խաղաղության պայմանագիր կամ համաձայնագիր անվանելը, եթե ո՛չ Հայաստանը, և ո՛չ էլ Ադրբեջանը միմյանց պատերազմ չեն հայտարարել: Եվ ո՞վ գիտե՝ գուցե նաև այս նրբությունն էր հաշվի առնվել, որ մոտ 2 տարի առաջ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ԱՄՆ-ի միջնորդությամբ փուլային բանակցությունները ստացել էին «Հարաբերությունների կարգավորման համաձայնություն» անունը: Եվ ոչինչ, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Իլհամ Ալիևը շարունակեցին իրենց հրապարակային ելույթներում օգտագործել «խաղաղության պայմանագիր» եզրույթը:
Եվ այսօր այս հրապարակումը պատրաստելիս՝ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է, և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո»:
Այստեղ դարձյալ հարց է ծագում՝ ինչո՞ւ է Փաշինյանը նշել խաղաղության համաձայնագիր, Հայաստան-Ադրբեջան դե յուրե պատերա՞զմ է եղել, թե՞ այդպես է անվանում, որ չլինի:
Այդ դեպքում գուցե կարողանար հասնել չհարձակման պակտի ստորագրմա՞ն, որն առաջարկել էր Փաշինյանը, բայց որն անտեսել էր Ադրբեջանը, չնայած դե ֆակտո այդ պակտը Հայաստանին չէր ապահովագրելու հետագա ադրբեջանական հարձակումից, այնպես, ինչպես չի ապահովագրելու վերը նշված խաղաղության համաձայնագիրը՝ երբեմնի պայմանագիրը:
Ի դեպ, այն, որ Հայաստանին սկզբում ոչ թե պայմանագիր են ստորագրել տալու, այլ համաձայնագիր, դա պարզ էր վաղուց: Մոտ 1 տարի առաջ, երբ գաղտնազերծում էր արվել ադրբեջանական կողմից՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հարցն առանձին քննարկելու հետ՝ խաղաղության պայմանագրից դուրս, Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը հարցազրույցներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ «Խաղաղության պայմանագիր» դեռ երկար ժամանակ չի կնքվելու, այն, ինչ ստորագրվի, իրենից ներկայացնելու է ընդամենը սկզբունքների մասին համաձայնագիր:
«…Մի օգտագործեք «խաղաղության պայմանագիր» ձևակերպումը, դա աշխատանքային անվանում է: Իրականում գործ ունենք սկզբունքների մասին համաձայնագրի կամ դեկլարացիայի հետ: Իսկ խաղաղության պայմանագրի կոմպոնենտները մշակման փուլում են դեռ, իհարկե, որոշ «տրեկեր» հայտնի են՝ փոխվարչապետերի մակարդակով խոսվում է կոմունիկացիաների վերականգնման մասին, սահմանների սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով է ստեղծվել, ձևավորվում է ևս մեկ «տրեկ» հումանիտար հարցերով, օրինակ, եկեք հրաժարվենք միջազգային դատարաններում փոխադարձ պահանջներից: Սա նշանակում է՝ եկեք այս հարցերը բանակցային գործընթացի շրջանում իրար մեջ լուծենք: Ես այդպես եմ կարծում»,- մանրամասնել էր ադրբեջանցի դիվանագետը, ով ոչ մեկ անգամ նշել է, որ չի կարող լինել խաղաղության պայմանագիր վերջնական տարբերակով լինել, եթե երկու երկրների միջև պետական սահմանի հաստատման խնդիր կա, գործընթացն ավարտված չէ:
Ասվածին հավելենք, որ օրեր առաջ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասել էր.
«Համաձայնագրում քառակուսի մետրով նշված չէ, բայց և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն այդ համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը»:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ սահմանազատման գործընթացի վերջնարդյունքում ՀՀ-ն չի ունենա 29.743 քկմ տարածք: Չմոռանանք, որ դե ֆակտո այդքան տարածք արդեն իսկ չունենք։
Եվ որքան էլ պայմանագիր և համաձայնագիր բառերը հոմանիշներ լինեն, և առաջին հայացքից թվա, թե նույն միտքն են արտահայտում, իրականում դրանց միջև իմաստային տարբերություններ և նրբություններ կան: Բայց Նիկոլ Փաշինյանը սովոր է նման «բառախաղերի» և «բառային զիջումների», ինչն արտացոլված է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ապաշրջափակման մասին 9-րդ կետիմեջ։
Մի առիթով Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել՝ «…կարող է թվալ, թե բառերի, ստորակետի փոփոխությամբ շատ բան չի փոխվում, բայց իրականում, բայց պետք է, որ հղումները ճիշտ արվեն»:
Իսկ Նիկոլ Փաշինյանի՝ խաղաղության համաձայնագիր կնքելու կամ որևէ բովանդակությամբ փաստաթուղթ ստորագրելու շտապողականությունը, թերևս, իր ներքին և արտաքին պատճառներն ունի: Եվ այս օրերի՝ «հայկական կողմից հրադադարի խախտումների» մասին ադրբեջանական ապատեղեկատվության ինտենսիվությունը և հատկապես ՀՀ պաշտպանության նախարարության սեփական անունից առաջարկն Ադրբեջանին՝ ապացուցելու այդ մեղադրանքները, չեն կարող պատահականություն լինել, ինչին168.am–ը երեկ անդրադարձել է, և որի մասին դեռ կիմանանք, այդ թվում՝ որքանո՞վ է Փաշինյանը գործել իր թիմակից պաշտպանության նախարարի թիկունքում, կամ՝ որքանո՞վ է Սուրեն Պապիկյանը տեղյակ Ալիև-Փաշինյան հնարավոր ներքին պայմանավորվածություններից:
Իսկ այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է դրանց։ Պատասխանելով «Արմենպրեսի» դիտարկմանը, թե՝ «Ադրբեջանը շարունակում է Հայաստանին մեղադրել միլիտարիզացիայի, սահմանամերձ հատվածներում հարվածային սպառազինություն տեղակայելու մեջ՝ դա համարելով հիմնավորում, որ Հայաստանը պատրաստվում է ուժային սցենարի», ԱԳՆ խոսնակը պատասխանել է.
«Ուժային սցենարի, ո՞ր հարցի լուծման։ Հայաստանի Հանրապետության օրակարգում գտնվող ո՞ր հարցի լուծումն է, որ կարող է ենթադրել ուժային սցենար։ Նման մեկնաբանության տեղ կարող էր տալ միայն ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների հարցը, որի մասին Հայաստանի Հանրապետությունը հստակ արտահայտվել է, որ այդ հարցը ուժային ճանապարհով լուծելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը և հիմա արդեն՝ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու բոլոր հնարավորությունները ստեղծել են։ Հայաստանը ուժային մի սցենարի կարող է պատրաստվել՝ դիմակայելու հնարավոր ագրեսիային, իսկ սա ցանկացած երկրի լեգիտիմ իրավունքն է, և սահմանամերձ հատվածներում Հայաստանի բոլոր քայլերը տեղավորվում են բացառապես պաշտպանական տրամաբանության մեջ:
Նաև արժե հիշել, որ դեռևս 2021 թվականին Հայաստանը հանդես է եկել սահմանային հատվածներից զորքերի հայելային հետքաշման մասին առաջարկով, ինչին Ադրբեջանը չի համաձայնվել։ Այս համատեքստում մտահոգիչ կարող է լինել տարածաշրջանի միլիտարիզացիան, և այդ խնդիրը լուծելու համար է, որ Հայաստանը սպառազինությունների փոխադարձ վերահսկման երկկողմ մեխանիզմի ստեղծման մասին առաջարկ է արել Ադրբեջանին, ինչին, սակայն, Ադրբեջանը մինչև օրս դրական պատասխան չի տվել։ Հայաստանի Հանրապետությունը չի միլիտարիզացվում, այլ իրականացնում է բանակի կերպափոխման ռազմավարությունը, որը հրապարակային փաստաթուղթ է»:
Նշենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն անդրադառնալով հետաքննության երկկողմ մեխանիզմների ստեղծման և սպառազինության փոխադարձ վերահսկման փաշինյանական առաջարկներին, շեշտել էր, որ 30 տարի Հայաստանը ««օկուպացված» տարածքներում միջազգային մեխանիզմներից թաքցրել է իր սպառազինության մեծ մասը», և այսօր բարոյական իրավունք չունի խոսելու նմանատիպ մեխանիզմներից:
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկն էլ նկատել էր, որ «երկկողմ մեխանիզմների ստեղծումը կսառեցնի, ըստ էության, դելիմիտացիայի գործընթացը, ինչը նշանակում է՝ տարածքները կմնան Երևանի վերահսկողության տակ»:
Ինչ վերաբերում է հիշատակված բանակի կերպափոխման հայեցակարգին, ապա 168.am-ը գրել է, որ «Սանձահարում/Զսպում» հայեցակարգից անցում է կատարվել հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի, իհարկե, այստեղ էլ հարցեր կան, քանի որ ՀՀ ՊՆ-ից ոչ պաշտոնական վստահեցումներ են եղել, թե նախկինների բացթողումներն ուղղում են և զորքին քաղաքային մարտերին պատրաստելու պարապմունքներ անում են, հատկապես, երբ ադրբեջանական կողմը բնակավայրեր գրավելու դրվագներ է խաղարկում իր զորավարժությունների ժամանակ, բայց հարց է՝ քաղաքային մարտերի ժամանակ արդյո՞ք միայն պաշտպանվում են:
Իսկ ադրբեջանական կողմը մեկ անգամ չէ, որ հայտարարել է՝ իրենց «երկաթբետոնե» փաստաթուղթ է պետք, ինչը հնարավոր է միայն ՀՀ նոր սահմանադրության ընդունման դեպքում կամ ՀՀ սահմանադրությունից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները բացառելու: Այս առումով ՀՀ-ում դեռ խոստումներ են հնչել, ինչ-որ գործնական աշխատանքներ սկսել, բայց «հողի վրա» դեռ ՀՀ գործող սահմանադրությունն է՝ իր տարածքային պահանջներով, ինչպես ասում է Ադրբեջանը:
2026 թվականի ընտրություններից առաջ հերթական անգամ Ադրբեջանը կօգնի՞ Փաշինյանին և կհամաձայնի՞ ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, ցույց կտա ժամանակը, համենայնդեպս, հոդվածը գրելու պահին Փաշինյանի այս մասին ֆեյսբուքյան գրառումն ադրբեջանական մամուլում լայն և ոգևորված տարածում չէր գտել, ինչպես նմանօրինակ դեպքերում լինում է:
Ակնհայտ է, որ Ադրբեջանը փաստաթղթի ստորագրումը հետաձգում է ոչ թե այն պատճառով, որ համաձայնեցվածը շատ հայանպաստ է, այլ որովհետև, ըստ էության, ցանկանում է ստանալ միանգամից «երկաթբետոնե» փաստաթուղթ, քանի որ Փաշինյանի նկատմամբ վստահության պակաս կա, և ունի որոշակի վախեր՝ ՀՀ ներքաղաքական հնարավոր զարգացումների հետ կապված։
Այստեղ հարց է նաև՝ որտե՞ղ և ի՞նչ պայմաններում է տեղի ունենալու համաձայնեցված փաստաթղթի ստորագրումը: Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կադրից դո՞ւրս է դնելու իր ստորագրությունը, թե՞ այդ արարողությունը կարող է տեղի ունենալ հայ-ադրբեջանական սահմանին:
Իսկ հայ-ադրբեջանական սահմանին 3-րդ ուժի բացառման խոստումը կամ պայմանի կատարումը, ըստ էության, հեռուն գնացող է և տանում է դեպի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց:
Հ.Գ. Երբ հոդվածը պատրաստ էր հրապարակման, Նիկոլ Փաշինյանը ևս մեկ ֆեյսբուքյան գրառում արեց. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության եւ ոչ թե պատերազմի»։
Նրա այս հաղորդագրությանը վաղն առավել մանրամասն կանդրադառնանք։