«Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում». Օնիկ Գասպարյան

ԱԽ գրասենյակն այսօր հրապարակել է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի զեկույցի վերաբերյալ:

Ավելի վաղ ԱԽ-ն նույն խնդրի վերաբերյալ գրավոր գաղտնազերծել էր, երբ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը ևս հայտարարել էր, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի առաջին օրերին չի ասել՝ դրությունը վատ է և պետք է կանգնեցնել ռազմական գործողությունները։

Նշենք, որ մինչ այս Նիկոլ Փաշինյանն այս առնչությամբ հարցադրումներին ի պատասխան՝ չէր հերքել ԳՇ նախկին պետի համապատասխան պնդումը: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ զգուշացրել էր, որ «ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իրենց համար ցանկալի տարբերակով», ինչը և տեղի է ունենում:

Այսինքն, քննարկման առարկա դարձած 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի ներկայացրած զեկույցի գաղտնազերծված հատվածները ոչ միայն չեն հերքում ԳՇ նախկին պետի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու առաջարկի իրական լինելը, այլև ընդհակառակը՝ հաստատում են դրա իսկությունը, ինչը կարելի է կռահել անգամ հրապարակված ձևակերպումների լեզվաբանական «քննության» արդյունքում:

«Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն, որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել…,- նշվում է 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստում Օնիկ Գասպարյանի խոսքի գաղտնազերծված հատվածում, որից հետո հավելվում,- … Ամեն դեպքում զորքերն իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք…»:

Հայերեն մի քիչ լավ իմացողները կփաստեն, որ «ամեն դեպքում»-ից առաջ տվյալ դեպքում պետք է, որ խնդիրների, բարդ իրավիճակի կամ, այսպես ասած, հակադիր իրավիճակի մասին խոսք լինի, որից հետո Օնիկ Գասպարյանն ասեր՝ «ամեն դեպքում, զորքերը իրենց խնդիրը կատարում են…»:

Երկրորդ՝ եթե կոնկրետ ուղղությամբ փոքր հաջողություններ են եղել, դա չի նշանակում, որ գլոբալ առումով ռեսուրսային խնդիրներ չեն եղել:

Ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 30-ի ԱԽ նիստին ներկա է եղել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

ArmLur.am-ի միջոցով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, անդրադառնալով մոնտաժված ձայնագրությանը, պահանջել է հրապարակել այդ օրվա նիստի եզրափակիչ մասում ՀՀ նախագահի ելույթը և դրանից հետո նաև իր ելույթն ամբողջությամբ:

Իսկ թե արդյո՞ք պահանջը կկատարվի, գեներալ Օնիկ Գասպարյանն արդեն 168.am-ի հետ զրույցում ասաց.

«Վստահ եմ, որ, եթե նույնիսկ հրապարակեն, մոնտաժված է լինելու: Ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»:

Թե ինչ նպատակ է հետապնդում կամ ինչ հարց է լուծում իշխանություն-ԳՇ նախկին պետ հեռակա բանավեճը, հստակ պնդում դժվար է անել՝ գուցե հասարակությանը կարևորագույն խնդիրներից շեղելու եղանակ են ընտրել, գուցե սա ճնշման ձև՞ է՝ ուղղված Օնիկ Գասպարյանին, կամ առհասարակ Զինված ուժերին, գործող գեներալներին…

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր նաև, թե Օնիկ Գասպարյանի ղեկավարած ԳՇ-ին վստահել, պատվիրել են արցախյան պատերազմի արդյունքների վերաբերյալ վերլուծություն-զեկույցի մշակում:

«Հենց ԳՇ-ն զեկույց էր պատրաստում պատերազմի մասին, և այս ամսվա ընթացքում պլանավորված ԱԽ նիստում շտաբը պետք է զեկուցեր պատերազմի արդյունքների մասին: Եթե մենք ցանկություն ունեինք բարդել պատասխանատվությունը գենշտաբի վրա, ապա ինչի՞ էինք տալիս՝ այդ զեկույցն իրենք պատրաստեին»,- մարտ ամսին «Սիվիլնեթին» տված հարցազրույցում նշել էր նա:

Գեներալ Գասպարյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց ԱԽ-ից վերլուծություն կատարելու «պատվեր» ստանալու փաստը:

«Իրենք չեն պատվիրել, ես եմ ներկայացրել, որ մանրակրկիտ վերլուծություն է նախապատրաստվում ԳՇ-ում»,- շեշտեց Օ․Գասպարյանը:

Եվ քանի որ Օնիկ Գասպարյանն այլևս ԳՇ ղեկավարը չէ, այն, ըստ էության, կներկայացնի ԳՇ գործող պետ Արտակ Դավթյանը:

Նշենք, որ Արմեն Գրիգորյանի խոսքով, այն պետք է ներկայացվեր մարտ ամսվա ընթացքում՝ ԱԽ նիստում, բայց դեռևս ոչ մի տեղեկություն այդ մասին չկա, չնայած մարտի 30-ին ԱԽ նիստ հրավիրվել է:

Ըստ պաշտոնական տեղեկության, քննարկվել են Հայաստանի և Արցախի շուրջ ձևավորված անվտանգային միջավայրին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և ՀՀ կառավարության հետագա քայլերին վերաբերող հարցեր: Վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 13-ին՝ նշված նույն օրակարգով:

Տեսանյութեր

Լրահոս