
Սուրեն Պապիկյանն այլևս չպետք է զարմանա չկրակելու հրաման լինել-չլինելու մասին հարցերից. բանակը սպառնալիք են համարում և՛ Փաշինյանը, և՛ Ալիևը

Օրեր շարունակ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում և հայկական զինված ուժերին մեղադրում սահմանագոտու տարբեր հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար:
Միաժամանակ Ադրբեջանը քարոզչական հոդվածների միջոցով օրակարգում է պահում ՀՀ զինված ուժերի զինվածության հարցը, եթե մինչ այժմ Ադրբեջանը բողոքում էր Հնդկաստանից «Akash» զենիթահրթիռային համալիրների և Ֆրանսիայից CAESAR հրետանային համակարգերի ձեռքբերման փաստից, հիմա արդեն վտանգ է տեսնում ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների զինվածության մեջ:
Ու այս ամենի ֆոնին մարտի 19-ից Նիկոլ Փաշինյանը սկսեց գրառումներ անել:
Նախ գրեց՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Ես պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ փաստաթղթի ներքո», ավելի ուշ ևս մեկ գրառում արեց՝ Ալիևին առաջարկելով «սկսել խորհրդակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի համաձայնեցված նախագծի ստորագրման շուրջ»:
Դեռ երեկ 168.am-ը գրել էր, թե ինչո՞ւ է Փաշինյանը շտապում, իսկ Ադրբեջանը դանդաղ շտապում, և որքանո՞վ է Փաշինյանը գործում ՊՆ-ի թիկունքում:
Մենք նաև ներկայացրել էինք «Հարաբերությունների կարգավորման համաձայնությունից» մինչև «Խաղաղության պայմանագիր», հետո արդեն «Խաղաղության համաձայնագիր» շրջափուլերը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ուզածը ոչ թե կիսատ, այլ «երկաթբետոնե» փաստաթուղթն է, որը հնարավոր է միայն ՀՀ նոր սահմանադրության դեպքում:
Եվ այսօր ադրբեջանական վերլուծաբանները, ըստ էության, հաստատել են մեր դիտարկումները՝ նշելով, որ ոչ լիարժեք խաղաղության պայմանագիրը դիվանագիտական պրակտիկայում լուրջ չի ընկալվում, որ Նիկոլ Փաշինյանի արածը ոչ այլ ինչ է, քան մանիպուլյացիա: Այն դեպքում, երբ ըստ ադրբեջանական կողմի, իրենք խաղաղության համաձայնագրի ստորագրման իրենց պահանջները միջազգային հանրությանը շատ հստակ են տեղ հասցնում՝ ԵԱՀԿ ՄԽ և դրա մնացորդների լուծարումից մինչև ՀՀ նոր սահմանադրության ընդունում:
Իսկ Նիկոլ Փաշինյանը մարտի 19-ին Ֆեյսբուքում նաև հետևյալ գրառումն էր արել. «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման։ Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»:
Այսինքն, մինչև այս հանձնարարականն անո՞ւմ էին…
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի այս գրառումը բացարձակ զարմանալի չէր։
Չմոռանանք 2024 թվականի փետրվարին արձանագրված Ներքին Հանդի միջադեպը և ՀՀ իշխանությունների պահվածքը, երբ Ադրբեջանն այդ օրերին հնարավոր սադրանքի «լեգիտիմ հիմքեր» էր ստեղծում քարոզչական դաշտում:
2024 թվականի փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանը նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:
Ավելի ուշ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով.
«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան–Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:
Իսկ փետրվարի 13-ին էլ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր, որոնք երկրապահներից էին:
Ադրբեջանն իր այս գործողությունները որակել էր` որպես հատուցում կամ պատասխան գործողություն՝ պնդելով, որ վերջին ամիսների հրադադարի ռեժիմի պահպանումը հայկական կողմն է խաթարել, և պահանջել պատժել իրենց զինծառայողին վիրավորողին:
Չնայած մեր տևական ջանքերին, այդպես էլ Ռազմական ոստիկանությունից կամ Պաշտպանության նախարարությունից չհաջողվեց պարզել՝ ի՞նչ պարզեց միջադեպի հետաքննությունը:
Եթե անգամ երկրապահների կողմից անկանոն կրակ է եղել, որից օգտվել է Ադրբեջանը և հայ դիրքապահներ սպանել, ապա սրա պատասխանատվությունը դարձյալ երկրի ղեկավարության վրա է, որոնք ամեն պատեհ և ոչ պատեհ առիթի խոսում են պրոֆեսիոնալ բանակի ստեղծումից։ Բացի այս, արդյո՞ք պետք էր շտապել հրապարակավ մեղադրել սեփական դիրքապահին, ինչը ադրբեջանական կողմը կարող է տարածել հետագա դեպքերի վրա, հատկապես ժամանակ առ ժամանակ հիշում են նաև դիրքերում մարտական հերթապահություն իրականացնող երկրապահներին:
Եվ հենց նաև այսօրինակ իրավիճակը հաշվի առնելով ենք վտանգավոր համարել և համարում Ադրբեջանի հետ հետաքննության երկկողմ մեխանիզմներ ստեղծելու Փաշինյանի առաջարկը, այսինքն՝ նա շատ հանգիստ Ալիևի ձեռքն է հանձնելու նաև այս առումով «ռազմական արդարադատությունը», ինչի մասին ևս ահազանգել ենք անցած տարի՝ ներկայացնելով հրադադարի ռեժիմի պահպանման մեթոդների և հետաքննության մեխանիզմների ռևոլյուցիան:
Իսկ ՀՀ զինված ուժերի դեմ Փաշինյանի գործողություններն այսքանով չեն ավարտվել, և ավելի ուշ նա, ըստ էության, «հաղորդում» է տվել ՀՀ զինված ուժերի դեմ, ավելին՝ զրկել բանակին մտնել միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք:
Իսկ 2023 թվականի դեկտեմբերին 168.am-ը գրել էր, որ 2021 թվականի մայիսին բանակին չկրակելու կամ չկռվելու քաղաքական հրաման է տրվել, երբ Ադրբեջանի զինուժը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք մի քանի ուղղություններով, և ոչինչ, որ Գեղարքունիքի ուղղությամբ առաջխաղացումների դեպքով քրեական գործ կա ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանի դեմ։
Իսկ ի՞նչ է սահմանում օրենքը նման դեպքերի համար:
Մասնավորապես, ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագիրք-օրենքի հոդված 11-ը սահմանում է՝
Զինծառայողները, որպես ծայրահեղ միջոց, անհատապես կամ ստորաբաժանման կազմով զենք գործադրելու իրավունք ունեն`
– պահպանվող ռազմական և պետական օբյեկտների, զորամասերի և ստորաբաժանումների տեղաբաշխման, շենքերի ու շինությունների, զինվորական էշելոնների, մեքենաների շարասյուների ու միայնակ տրանսպորտային միջոցների և պահակախմբերի վրա խմբային կամ զինված հարձակումը ետ մղելու համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով,
– զենքին կամ ռազմական տեխնիկային բռնի տիրանալու փորձի կասեցման համար, եթե հնարավոր չէ դրանք պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով,
– զինծառայողներին և քաղաքացիական անձանց կյանքին կամ առողջությանը սպառնացող հարձակումից պաշտպանելու համար, եթե հնարավոր չէ նրանց պաշտպանել այլ եղանակով ու միջոցներով, և այլն:
Այնուհետև հոդված 12-ում շարունակվում է՝
«Զենքի գործադրմանը պետք է նախորդի նախազգուշացում այն գործադրելու մտադրության մասին: Առանց նախազգուշացման զենք կարող է գործադրվել հանկարծակի կամ զինված հարձակման դեպքում, մարտական տեխնիկայի, փոխադրամիջոցների, թռչող սարքերի օգտագործումով հարձակման դեպքում…»:
Ըստ այս հոդվածի՝ «զենքի գործադրման կամ օգտագործման յուրաքանչյուր դեպքի մասին զինծառայողը պարտավոր է զեկուցել հրամանատարին (պետին)»:
Իսկ միանձնյա ղեկավարման մասին հոդված 31-ում նշվում է՝
«Միանձնյա ղեկավարությունը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման, ղեկավարման և զինծառայողների փոխհարաբերության սկզբունքներից մեկն է: Դա հրամանատարին (պետին) իր ենթակաների նկատմամբ ողջ կարգադրողական իշխանությամբ օժտելն է և նրա վրա պետության հանդեպ անձնական պատասխանատվություն դնելը զորամասի, ստորաբաժանման և ամեն մի զինծառայողի կյանքի ու գործունեության բոլոր կողմերի համար:
Միանձնյա ղեկավարությունը դրսևորվում է հրամանատարի (պետի)` իրադրության համակողմանի գնահատումից ելնելով` միանձնյա կերպով որոշումներ ընդունելու, օրենքներին ու զինվորական կանոնադրություններին խստիվ համապատասխան հրամաններ արձակելու և դրանց կատարումն ապահովելու իրավունքի մեջ:
Հրամանի քննարկումն անթույլատրելի է, իսկ չենթարկվելը կամ հրամանը չկատարելը համարվում է զինվորական հանցագործություն»:
Բայց, ըստ հոդված 39-ի, հրամանատարը (պետը), նախքան հրաման տալը, պարտավոր է համակողմանիորեն գնահատել իրադրությունը և միջոցներ նախատեսել դրա կատարումն ապահովելու համար:
Հրամանատարը պատասխանատվություն է կրում տրված հրամանի և դրա հետևանքների համար, օրենսդրությանը հրամանի համապատասխանության համար, ինչպես նաև տրված հրամանում պաշտոնի չարաշահման կամ ծառայողական լիազորությունների գերազանցման դեպքում և հրամանի կատարման գործում միջոցներ չձեռնարկելու համար:
Հրամանը պետք է ձևակերպվի հստակ, թույլ չտա երկիմաստություն և չպետք է կասկածներ հարուցի ենթակայի մեջ:
Իսկ «Պաշտպանության մասին» օրենքի ՀՀ զինված ուժերին առնչվող հոդված 15-ում նշվում է, որ ԶՈւ խնդիրներից են՝
– Հայաստանի Հանրապետության վրա հնարավոր զինված հարձակման կանխումը, կասեցումը, լարվածության օջախի չեզոքացումը, ռազմական գործողությունների իրականացումը, հրադադարի կամ հաշտության պարտադրումը` զինված ուժերի մասնակի կամ լրիվ ծավալմամբ.
– ռազմական սպառնալիքների բացահայտումը և դրանց դիմակայումը և այլն:
Օրենքում նշվում է նաև. «Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ:
Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով:
Անմիջական պատասխան գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության, զինված հարձակումը կասեցնելու և (կամ) դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցումը կանխելու անհրաժեշտության դեպքում ստորաբաժանման գործողությունների մասին որոշումը կայացնում է տեղում գտնվող ամենաբարձրաստիճան հրամանատարը` նախապես համաձայնեցնելով այդպիսի որոշումներն ըստ վերադասության, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ սեղմ ժամկետում զեկուցելով վերադաս ղեկավարությանը կայացրած որոշման մասին:
Բոլոր նման դեպքերում ձեռնարկվող քայլերը պետք է լինեն համաչափ և սահմանափակվեն անմիջական վերահաս վտանգը կանխելու նպատակով»:
Կարո՞ղ ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը գործում է օրենքից դուրս կամ դրանից դուրս հրամաններ է տալիս ՀՀ զինված ուժերին, հատկապես, երբ ՀՀ զինված ուժերը չեն խախտում հրադադարը, իսկ Փաշինյանը նույնիսկ այս դեպքում բանակի համար լեգիտիմ և ոչ լեգիտիմ խնդիրներ է սահմանել, բայց իրականում հենց իր սահմանածն է գործող օրենսդրական դաշտի տեսանկյունից ոչ լեգիտիմ:
Այսինքն, իր վերջին գրառման մեջ Փաշինյանը հերթական անգամ ինքնախոստովանություն է արել, որ իր քաղաքական որոշմամբ կամ հրահանգով ՀՀ զինված ուժերը պատերազմի չեն պատրաստվում, իսկ դա բնավ էլ չի ենթադրում պատերազմ նախաձեռնել, այլ պատերազմական վատագույն սցենարին համարժեք ռազմական, անվտանգային նախապատրաստական աշխատանքներ իրականացնել, հատկապես, երբ հակառակորդդ իր քաղաքական օրակարգից չի հանել ուժի գործադրումն ինչ-ինչ հարցեր լուծելու համար:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրենքով ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը կարող է հանձնարարական տալ ՀՀ պաշտպանության նախարարին, բայց ոչ անմիջապես Զինված ուժերին: Եվ այստեղ արդեն հետագա զարգացումների պատասխանատվությունը, ըստ էության, մնում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վրա։
Նիկոլ Փաշինյանից հեռու բա՞ն է, որ ինչ-որ պահի ասի՝ ՀՀ պաշտպանության նախարարը չի կատարել կամ լավ չի կատարել իր հանձնարարականը, և սահմանին ոչ կանոնավոր զորքից մի զինծառայող՝ երկրապահ կամ 25-օրյա վարժանքի մասնակից իրեն «արկածախնդրություն է» թույլ տվել:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի ընդունում 2020 թվականի պատերազմական պայմաններում գերագույն հրամանատարի իր պատասխանատվությունը՝ կայացրած քաղաքական և ռազմական որոշումների, տված և չտված հրամանների, պատերազմի ելքի համար, թեպետ սա էլ է հարց՝ արդյո՞ք Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար լինելու իրավունք չուներ, բայց փաստ է, որ իրեն այդպես է ներկայացրել ինչ-ինչ հանգամանքներում, և նույնիսկ 2021 թվականին հայտարարել՝ «կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ ՊՇ-ն մինչ օրս հայկական զինված ուժերի տրամադրության տակ է»: Այս դրվագին առանձին առաջիկայում կանդրադառնանք, հատկապես, երբ Բաքվի «դատավարության» ժամանակ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն այս դեպքով որոշակի ակնարկներ արել է:
Իսկ, առհասարակ, Փաշինյանի պատերազմական և հետպատերազմական շատ որոշումների, հրամանների և հայտարարությունների պետք է իրավական գնահատական տրվի, այդ թվում՝ Սյունիքից զորքի հետքաշման, Տավուշից դիրքերի հանձնման և այլն:
Եվ, թերևս, այս և վերևում բերված մի շարք հանգամանքներ հաշվի առնելով էր, որ 2023 թվականի օգոստոսին քննիչ հանձնաժողովում և դրանից առաջ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել էր օրենսդրական որոշակի հստակություններ իրականացնել և վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում՝ նշելով, որ «ռազմական գործողությունների ընթացքում արդյո՞ք այդ ժամանակաշրջանը գնահատվում է որպես պատերազմ, թե՞ ոչ՝ իրավական և դրանից բխող գործողությունների առումով»:
Այսինքն, պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը:
Իսկ Տոնոյանը նաև նկատել էր. «Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա՝ այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար»:
Թե ինչ փորձությունների միջով կանցնի դեռ ՀՀ պաշտպանության գործող նախարար Սուրեն Պապիկյանը, ժամանակը ցույց կտա:
Իսկ մինչ այդ հիշեցնենք, որ ՊՆ-ին հրադադարի խախտում թույլ չտալու և «պատերազմ չսադրելու» հանձնարարական տվող Նիկոլ Փաշինյանը 2023 թվականին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, բայց ոչ տոտալ, Հակարիի կամրջի եզրին «ստուգողական կրակոցի» հրամանից զերծ չէր մնացել, երբ ադրբեջանական կողմը փորձել էր կամրջի եզրին դրոշ դնել:
Այլ կերպ ասած՝ կրակել-չկրակելու հրամանը կախված է բացառապես Նիկոլ Փաշինյանի քաղաքական շահից, այս պահին շահը գուցե թելադրում է, որ Ալիևի օրինակով պետք է շարունակել «հարվածել» ՀՀ զինված ուժերին և պահել կաշկանդված վիճակում, ինչը հղի է ծանր հետևանքներով, հատկապես, երբ 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո տեսել ենք զորքին «կոտրելու» արդյունքները:
Այնպես որ՝ փակ և ոչ փակ հանդիպումների ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չպետք է զարմանա, երբ լրագրողներից իրեն հարց է ուղղվում չկրակելու հրամանի մասին, քանի որ իր քաղաքական ղեկավարը չի գործում ռազմական օրենքների և կանոնադրության շրջանակում: