Ալիևը վերանայել է 2025թ. բյուջեի նախագծի նախնական տարբերակը. ռազմական բյուջեի ծախսերը կավելացվեն
Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ադրբեջանը 2025թ. բյուջեում մոտ 7 տոկոսով կրճատելու է պաշտպանության ու անվտանգության ծախսերը:
Ներկայացնելով նախորդ տարիներին Ադրբեջանի ռազմական բյուջեի ավելացումները, 168.am-ը գրել էր, https://168.am/2024/09/19/2099468.html որ չպետք է ոգևորվել, եթե անգամ վերջնահաշվարկում այդ կրճատումը տեղի ունենա, հաշվի առնելով նաև Ադրբեջանի՝ տարբեր երկրների հետ կնքած նոր ռազմական և ռազմատեխնիկական պայմանագրերը:
Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանի կառավարությունը 2025-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում մի շարք ուղղություններով որոշել է վերանայել ծախսերը, և բյուջեի առաջնահերթությունների մեջ դարձյալ ազգային անվտանգությունն ու ռազմական ոլորտն է:
Համաձայն ներկայացված փաստաթղթի, 2025 թվականին նախատեսվել է զգալի միջոցներ ուղղել պաշտպանության կամ ռազմական ոլորտին, ըստ այդմ՝ պաշտպանության և ազգային անվտանգության համար ծախսային չափը կկազմի 8 396 297 596, 0 մանաթ:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրի բյուջեի ծախսերի մեջ առաջնային տեղում պետք է ռազմական ծախսերը լինեն, քանի որ՝ «եթե պակաս ուշադրություն դարձնենք ռազմական ոլորտին և չապահովենք դրա համար հատկացված միջոցների անհրաժեշտ մակարդակ, ապա ապագայում մենք խնդիրներ կունենանք»:
Բայց սա չի խանգարում Ադրբեջանին ՀՀ զինված ուժերի նկատմամբ սահմանափակումների պահանջներ դնել, իսկ ռազմական բյուջեի մեծացումն արդարացնել Հայաստանի զինմամբ:
Սա ևս մեկ մեկ ապացույց է, որ Ադրբեջանը պատրաստվում է ոչ թե խաղաղության, այլ՝ պատերազմի: