![](/banners/BeFunky-design.jpg)
ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, կամ բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանի խոստովանությունը և ոչ օրինական հրամանը
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/Papikyan-Nikol.jpg)
Նիկոլ Փաշինյանը «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ կան ձևակերպումներ, որոնց վրա ցանկանում ենք ուշադրություն հրավիրել:
168.am-ն իր հոդվածներում ոչ մեկ անգամ հարցադրում է արել՝ երբ Փաշինյանն ասում է, որ ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է, արդյո՞ք այդտեղ հաշվի է առնվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ավելի քան 200 քկմ-ն, քանի որ այս հարցի և՛ դրական, և՛ բացասական պատասխանը կարևոր հուշումներ է անելու: Եվ ահա իր վերը նշված հոդվածում Փաշինյանը նշում է.
«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»:
Սա նշանակում է՝
– Ներկա դրությամբ հայկական վերահսկողության տակ գտնվող ՀՀ ինքնիշխան տարածքը 29.743 քկմ չէ,
– Ադրբեջանը չի ճանաչել ՀՀ 29.743 քկմ տարածքային ամբողջականությունը, հատկապես, երբ Ալիևը մի առիթով հայտարարել է, որ չի պատրաստվում իր զորքը հետ քաշել ՀՀ ինքնիշխան տարածքներից:
– ՀՀիշխանությունները չեն կարողացել պահպանել միջազգայնորեն ճանաչված ՀՀ ինքնիշխան տարածքը, կամ թույլ չեն տվել ՀՀ զինված ուժերին կատարել իրենց սահմանադրական պարտականությունը և պաշտպանել ՀՀ տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը,
– Հայաստանը միակողմանի է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և փաստացի ստացվում է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում է 86.600 քկմ-ից ավելի տարածք,
– Նիկոլ Փաշինյանը սակարկման է դրել ՀՀ միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքը, և առանց այն վերականգնելու, պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքել: Այսինքն, դրա վերականգնումը խաղաղության բանակցություններում նախապայման կամ պայման չէ: Եվ դեռ հարց է՝ սահմանազատման և սահմանագծման գործընթացում արդյո՞ք այն վերադարձվելու է Հայաստանին կամ այդ ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքի որքա՞ն մասն է Հայաստանի վերահսկողության տակ անցնելու նորից:
Այստեղ չպետք է մոռանանք, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացում Ադրբեջանին դեռ տարածքներ են տրվելու, այն դեպքում, երբ դեռ պարզ չէ ավելի քան 200 քկմ ՀՀ օկուպացված տարածքի ճակատագիրը:
Բայց, կրկնում ենք, ներկա պահին փաստացի ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքը 29.743 քկմ չէ, եթե ընդունենք Փաշինյանի հոդվածում նշված ձևակերպումը:
Ի դեպ, իր հոդվածում նա շեշտում է. «Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա, իհարկե, չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը)»:
Հիմա ավելի քան 200 քկմ-ն ՀՀ ինքնիշխան տարածքն է, որը մտնում է միջազգայնորեն ճանաչված 29.743 քկմ-ի մեջ, այս դեպքում որքանո՞վ է օրինական ՀՀ զինված ուժերին թույլ չտալ մտնել այդ օկուպացված տարածքը:
Իր հոդվածում Նիկոլ Փաշինյանը հիշատակում է Ալմա Աթայի հռչակագրի և Պրահայի պայմանավորվածությունների մասին:
Մինչդեռ ադրբեջանական կողմը բազմիցս նշել է, որ Ալմա Աթայի հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի կոորդինատ, և, որ Ադրբեջանը ՀՀ տարածքային ամբողջականությունը կճանաչի միայն դեմարկացիայի գործընթացի ավարտից հետո:
«Երբ հարևան պետությունները դեմարկացիայի են ենթարկում իրենց սահմանները, որից հետո ստորագրում են համապատասխան փաստաթուղթ, որը նշանակում է՝ այդ սահմանը ճանաչելի է երկու պետությունների կողմից: Եթե նման պրոցես գոյություն չունի, ապա միջազգայնորեն ճանաչված սահման հասկացությունը չի կարող օգտագործվել այս կամ այն պետության դեպքում, որոնք ունեն չավարտված գործընթացներ՝ այս խնդրի հետ կապված»,- դեռ 2023 թվականին իր հարցազրույցներից մեկում նշել էր Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը՝ հավելելով՝ ՄԱԿ-ը ճանաչում է պետությունը և ոչ թե՝ այս կամ այն սահմանները: Ավելին, ադրբեջանցի նախկին պաշտոնյան մեկ այլ առիթով էլ Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված ուշադրություն էր հրավիրել հետևյալի վրա.
«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении)»:
2024 թվականի ապրիլին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ինքն էր «Al-Jazeera»-ին տված հարցազրույցում նշել.
«Խնդիրն այն է, որ թեև մեր ղեկավարները բազմիցս վերահաստատել են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը՝ հիմնվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա, որի մասին ես հենց նոր խոսեցի, մենք տեսնում ենք, որ մեր հարևանները դեռ դժկամություն են ցուցաբերում Ալմա Աթայի հռչակագրին հստակ և միանշանակ հղում անելու խաղաղության պայմանագրի նախագծում, որն ավելի համապարփակ փաստաթուղթ է, հարցում, և որը պատրաստվում են ստորագրել երկու երկրները»:
Ինչ վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի Պրահայի պայմանավորվածություններին, ապա այդտեղ խոսքը 29.800 քկմ ՀՀ տարածքային ամբողջականության և 86.600 քկմ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին էր, որը, ինչպես նշեցինք, վաղուց խախտված է, դեռ մի կողմ ենք դնում, որ Փաշինյանն ավելի ուշ հայտարարել էր, թե 29.800 քկմ-ն կլորացված թիվ է և ճիշտը 29.743 քկմ-ն է Հայաստանի դեպքում:
Հիշեցնենք, որ Պրահայի պայմանավորվածություններից 1 տարի հետո տեղի ունեցավ Գրանադայի հանդիպումը, որին Ադրբեջանի նախագահը հրաժարվել էր մասնակցել, ինչի պատճառով տեղի ունեցած հանդիպումը քառակողմ էր՝ Նիկոլ Փաշինյան, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշել: Հանդիպման արդյունքներով ընդունվել էր հայտարարություն, որին փաստորեն Ալիևը չէր միացել: Այսինքն, Պրահայի և Գրանադայի հայտարարությունների, այսպես ասած, իրավականությունը դեռ պետք է քննարկել և հասկանալ, և թե ինչու է Նիկոլ Փաշինյանն ընդունում Պրահայի պայմանավորվածությունները, որը մի շարք հարցերում խախտվել է արդեն, բայց շեշտադրում չի կատարում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ինչը Փաշինյանը կապիտուլյացիոն չէր համարում, և որից Հայաստանն իր ստորագրությունը հետ չի կանչում, բայց որը ևս խախտվել է, բավական է միայն հիշատակել առաջին կետը, որի համաձայն՝ կողմերը պիտի կանգ առնեն զինադադարից հետո զբաղեցրած տեղերում: Մինչդեռ պատերազմի դե յուրե ավարտից կարճ ժամանակ անց Սյունիքից ՀՀ զորքը հետ քաշվեց և Ադրբեջանին հանձնվեց Գորիս-Կապան ճանապարհահատվածը:
Իսկ Ադրբեջանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Հայաստանին: Մասնավորապես, վերը նշված հոդվածում Փաշինյանը գրել է.
«Ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության, Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:
Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձևակերպված են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:
Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ, և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»:
Այսինքն, Փաշինյանը հստակ նշում է, որ Հայաստանի վրա հարձակվելու հավանականություն կա, քանի որ Բաքվի ոչ բոլոր պահանջներն են կատարված, ավելին, նա, թերևս, ընդունում է, որ Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության բեմականացված և շինծու մեղադրանքներով դատավարությունը Հայաստանի դեմ է օգտագործվում և դեռ օգտագործվելու է:
Այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ իշխանությունների քաղաքական որոշումներն ու առաջարկները համահունչ չեն այս ամենին, ինչո՞ւ է Փաշինյանը ցանկանում միջպետական գանգատներն Ադրբեջանի դեմ հետ վերցնել՝ «զինաթափելով» Հայաստանին նաև միջազգային դատաիրավական հարթությունում, հատկապես, երբ ոչինչ չի արվում Բաքվի դատավարության համատեքստում: Եվ վերջապես ապակառուցողական հակառակորդի դեպքում խաղաղության ի՞նչ նախադրյալների մասին է խոսում Փաշինյանը հոդվածի վերջում, երբ հստակ արձանագրում է Հայաստանի դեմ ադրբեջանական կողմից գեներացվող սպառնալիքների փաստը: Այսինքն, եթե Հայաստանը պատրաստ է զիջումների, տարբեր երկկողմ առաջարկներ է անում, ապա դա դեռ խաղաղության նախադրյալի մասին չի խոսում, դա ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն և հասարակության մանիպուլացում:
Ի դեպ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը դեմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև «հապճեպ փաստաթղթերի» կնքմանը:
Սակայն վերադառնանք Պրահայի պայմանավորվածություններին և հիշեցնենք, որ տարածված հայտարարության մեջ նշվում էր ՀՀ-Ադրբեջան սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման մասին, որին, ըստ էության, համաձայնություն էր տվել նաև Ադրբեջանը, իհարկե, նշվել էր, որ առաքելության առավելագույն ժամկետը 2 ամիս է։
Ավելին, նույն ժամանակահատվածում ՔՊ համագումարում Փաշինյանը հայտարարել էր, որ եվրոպական կամ միջազգային դիտորդներին ինքն է հրավիրել և նշել պատճառները՝ պարզ և բարդ:
«Բարդ պատճառն այն է, որովհետև ի հեճուկս օրենսդրության, պայմանավորվածության և պայմանագրերի, ՀԱՊԿ-ի արձագանքն ադրբեջանական օկուպացիային համարել եմ ոչ պատշաճ: Երկրորդ՝ արդեն երկար ժամանակ, չթաքցնեմ դա, Ադրբեջանն արևմտյան երկրներին, ԵՄ-ին ներկայացնում է, որ ՀՀ կառավարությունը և անձամբ վարչապետ Փաշինյանն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում Հայաաստան՝ դրանով սպառնալիք ստեղծելով Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը, անվտանգությանը: Եվ եվրոպացի մեր գործընկերներն ասում են՝ դուք ոնց որ ժողովրդավարական երկիր եք, ոնց որ խաղաղության օրակարգ եք որդեգրել, ինչի՞ եք ռուսական նորանոր զորքեր բերում և սպառնալիք ստեղծում Ադրբեջանի անվտանգության համար: Եվ ես ասացի՝ եթե մեր փաստարկները ձեզ համար ընդունելի կամ համոզիչ չեն, դուք դիտորդական առաքելություն ձևավորեք և եկեք, տեսեք՝ տեղում ինչ է կատարվում»,- նշել է Փաշինյանը:
Հաշվի առնելով, որ հենց սկզբից Ադրբեջանը դեմ է արտահայտվել ԵՄ դիտորդներին, կարո՞ղ ենք ենթադրել, որ մի կողմից՝ Ալիևը հետ է կանգնել իր խոսքից, մյուս կողմից՝ Պրահայի պայմանավորվածությունների համատեքստում դրան գնացել է ռուսական զորքի դուրսբերման նպատակով: Իսկ ԵՄ երկրների դեսպանները հավանություն են տվել Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը՝ մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։ ՀՀ իշխանություններն էլ մեկ անգամ չէ, որ ասել են՝ Երևանը շարունակելու է այդ առաքելության կարիքն ունենալ, քանի դեռ Հայաստանն Ադրբեջանի հետ չունի սահմանազատված սահմաններ, այսինքն՝ ԵՄ դիտորդները կարող են դուրս գալ սահմանազատված հատվածներից:
Իսկ մինչ այդ Ադրբեջանը պարբերաբար ԵՄ դիտորդների առաքելության համատեքստում Հայաստանին մեղադրելու է սադրանքներ նախապատրաստելու մեջ, թեպետ ՀՀ տարածքները ադրբեջանական վիզուալ վերահսկողության տակ են՝ հատկապես 2021-2022 թվականների ներխուժումների և մարտական գործողությունների հետևանքով: