Ալիևն ո՞վ է, որ Մինսկի խումբ փակի. համանախագահներին դա պետք է գալու Ալիևի ականջները քաշելու համար. Պուտինը Փաշինյանին հասկացրեց՝ ժողովուրդը հարցերդ կլուծի. Վարդան Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- 2018թ., երբ Թրամփը նախագահ էր, Ադրբեջանի կազմավորման 100-ամյակի առթիվ դիմելով Ալիևին, ասել էր, որ Ադրբեջանն ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերն է, և հույս հայտնել, որ Ադրբեջանն իր բոլոր խնդիրները շուտով կլուծի։ Դեռ այն ժամանակ էր Թրամփը ստեղծում այն պլատֆորմը, որի միջոցով պետք է լուծի Իրանի հարցերը։ Ադրբեջանին նախապատրաստում էին պատերազմի թե՛ մեզ հետ, թե՛ Իրանի հետ։ Հիմա, երբ Թրամփը կրկին իշխանության եկավ, Ադրբեջանը փորձում է հիշեցնել իր պատրաստակամության մասին։
- Եվրոպան մինչ բուն պատերազմը 8 տարի զինում էր Ուկրաինային․նույնն արվեց Ադրբեջանի դեպքում։
- Ինձ համար հստակ է, որ Թրամփի գալով և իր հայտարարություններով վերջ տրվեց ԱՄՆ-ում 30 տարի տիրող լիբերալ-գլոբալիստական կառավարման շքերթին. Եվրոպան դեռ դիմադրում է այդ ուժերին, բայց մեծ ուժեր չունի։ Թրամփը ցույց է տալիս, որ արհամարհում է այդ լիբերալ-գլոբալիստական գաղափարախոսությունը, չի ընդունում և վե՛րջ։ Գլոբալիստները, իհարկե, ամեն կերպ կփորձեն խանգարել նրան։ Գլոբալիստների թրենդը հետևյալն էր՝ մտնել երկրներ, գունավոր հեղափոխություններ անել, քանդել ու հեռանալ։ Թրամփն ինքն էր ասում՝ մեզ աշխարհում խայտառակ են արել։ Նա՝ որպես բիզնեսմեն, դեմ է այդ քաղաքականությանը։
- ԱՄՆ-ի ուզածն է, որ Իրանը հրաժարվի միջուկային ծրագրից, ընդունի Իսրայելը՝ որպես պետություն։ Այդ ժամանակ խնդիրներ չեն լինի, և ԱՄՆ-ը դրա փոխարեն կհանի պատժամիջոցներն Իրանի վրայից։ Իրանի նոր նախագահ Փեզեշքիանը կարծես թե որպես բարեփոխումների ջատագով է հանդես գալիս, նրան բարեփոխիչ էին անվանում ընտրությունների ժամանակ։
- Իրանն ու Ռուսաստանը ստորագրված պայմանագրով ապահովագրում են իրենց աշխարհաքաղաքական շահերի պաշտպանությունը։
- Իր նախորդ նախագահության շրջանում Թրամփը թիմ չուներ, ու վերջում, ըստ էության, թիմ ասվածը նրա դեմ դուրս եկավ։ Հիմա թիմ ունի, ու նրա առանցքը նվիրվածությունն է Թրամփին։
- Ռուսաստանն էլ դժվար կացության առաջ է։ Պետք է առևտուր անի․ մի բան տա, մի բան վերցնի։ Բոլորը խառնված են իրար, այդ թվում՝ Չինաստանը, Հնդկաստանը։ Սկսվում է շատ լուրջ, մեծ խաղ՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ աշխարհում։
- Եթե Ալիևը մտածում է, որ եթե Թրամփը Պանամայի նեղուցի մասին հայտարարություն է անում, ինքն էլ կարող է Զանգեզուրի միջանցքի մասին խոսել, ուրեմն դրանով նա ցույց է տալիս իր գավառական մտածողությունը։ Բացի դրանից, Թրամփն ուժի մասին չի խոսում, այլ իր ազդեցության, տնտեսական հզորության ու բանակցությունների։
- Զանգեզուրի միջանցքը զգալի գին ունի Ռուսաստանի համար ու շատ ավելի զգալի գին՝ Իրանի համար։ Հարցն այն է, թե ԱՄՆ-ը ինչպես կնայի Ալիևի հայտարարություններին։ Իսկ Ալիևի նման հայտարարությունները սովորաբար թե՛ ԱՄՆ–ում, թե՛ Եվրոպայում ընկալվում են՝ որպես գռեհիկ դուրսպրծուկի արտահայտություն։ Նրան կհասկացնեն՝ տեղդ ճանաչիր։
- «Հայաստանը ֆաշիստական պետություն է… Հայաստանում ֆաշիզմը պետք է ոչնչացվի. դա կանի կամ Հայաստանի ղեկավարությունը, կամ՝ մենք»,- վերջերս հայտարարեց Ադրբեջանի ղեկավարը։ Ալիևը ֆաշիզմի մասին իր այդ վերջին հայտարարությամբ Փաշինյանին հուշել է ընդդիմության դեմն առնելու ձևերը։ Սա նոր բան չէ։ 1994թ․ էլ է նման բան եղել։ Հայտարարում են ֆաշիստ, էքստրեմիստ ու հարցերը լուծում։ Ալիևն այդ հայտարարությունն իր համար չի արել, այլ Փաշինյանի, որ հարմար ժամանակ ընդդիմությանը մեկուսացնի։ Սա ծրագիր է։ Իրենք գիտեն, որ ֆաշիստն իրենք են, որ մշտապես երազում էին գենոցիդ անել, Արցախը դատարկել։ Եվ այն ժամանակ, երբ դեռ ուժ էլ չունեին դա անելու, Հայաստանին էլի մեղադրում էին ֆաշիզմի մեջ։ Հիշեք՝ ինչ էին անում Նժդեհի անվան հետ կապված։ Հիմա էլ այդ ամենն արել են, էլի մեզ են ասում ֆաշիստ, որ մարսեն իրենց արածը։
- Այս իշխանությունն անընդհատ ժողովրդին փսիխոզի մեջ է գցում՝ վախեցնելով պատերազմով։ Հայաստանն ընդամենը մի ոտի տեղ է։ Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը պատերազմ սկսի: Ի՞նչ պատերազմ, ո՞ւմ հետ պատերազմես։ Էստեղ ուժ կա՞, որ պատերազմեն։ Այնպես որ, այս ամենը ջուր է Ալիևի ջրաղացին։ Կրկնում եմ՝ Հայաստանի դեմ պատերազմ ինչի՞ պիտի անեն, եթե այս տարածք երբ ուզենան՝ կմտնեն, երբ ուզենան՝ դուրս կգան, ինչ ուզեն՝ կանեն։ Սա անում են մարդկանց վախեցնելու համար, որ այստեղից փախչեն՝ թե՛ բիզնեսը, թե՛ սովորական մարդիկ։ Եվ այսօր Երևանի փողոցներում մենք տեսնում ենք թուրք գործարարների, որոնք իրենց տեսքով հատուկ ծառայությունների աշխատակիցների են հիշեցնում։
- Մեծ Բրիտանիան առաջին օրվանից եղել է Ադրբեջան կոչված պետական միավորման կնքահայրը։ Անունն էլ է Մեծ Բրիտանիան դրել, Հեյդար Ալիևի առաջ Բրիտանիան՝ Մարգարետ Թետչերն է գծած դեռ այն ժամանակ դրել զարգանալու ու Ղարաբաղը նվաճելու պլանը։ Հիմա, եթե Բրիտանիան հայտարարություն է տարածել իր քաղաքացիների համար, որ Հայաստանի նշված հատվածներ մեկնելուց խուսափեն, դա արվել է սահմանազատման համար, որ չխանգարեն, կամ ինչ-որ բան պլանավորել են, որը մենք չգիտենք։
Հիշեցնենք, երեկ բրիտանական կառավարությունը խորհուրդ է տվել.
1. Զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանից 5 կմ հեռավորության վրա բոլոր ճանապարհորդություններից,
2. Չերթևեկել Նոյեմբերյան-Իջևան M16/H26 միջպետական ճանապարհով։
- Իրանում, այո, Հայաստանի այս իշխանությունից հույսները կտրել են, որովհետև սրանք ամեն ինչ անում են, որ այդ համագործակցությունը չկայանա։ Հայաստան կոչված տարածքն իրենք շահագրգռված են պահելու, որովհետև եթե Թուրքիան ստանա այդ տարածքը, Իրանը դառնալու է երկրորդ, երրորդ կարգի երկիր։
- Մինչև հիմա էլ բրիտանական ազդեցությունն ԱՄՆ-ում զգալի է, բայց երբեմն կատաղեցնում է ԱՄՆ քաղաքական վերնախավին, որովհետև ծրագիրը գծում են բրիտանացիները, բայց թուքումուրն ուտում է ԱՄՆ-ը։
- Անգլիացի հայտնի գրող Ռեդյարդ Կիպլինգը, օրինակ, ՄԻ-6-ի գործակալ էր։
- Թրամփն Ամերիկան նորից ուզում է դարձնել տղամարդ պետություն։
- Գլոբալիստական Բայդենի կաբինետը, երբ Թրամփը հաղթեց, մի ամսվա ընթացքում փորձեց ամեն ինչ կեղտոտել, որ Թրամփը կեղտի, ճահճի միջից սկսի իր նախագահությունը։ Հյուսիսային Կորեայում, Ուկրաինայում, Վրաստանում, ամենուր կրկին խառնեցին, սրեցին իրավիճակը։
- Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան ստորագրված փաստաթղթին, մի բան պիտի անեին, չէ՞, որ իրենց ազդեցությունը ցույց տային։ Այդ փաստաթղթի մասին այստեղ տեղյակ էլ չեն եղել։ Ամեն ինչ կազմակերպել է Բլինքենը։
- ՀՀ նախկին բոլոր իշխանությունների ժամանակ ԱՄՆ-ի հետ շատ ավելի սոլիդ հարաբերություններ են եղել, ավելի լուրջ փաստաթղթեր են ստորագրվել, հարաբերություններ ստեղծվել՝ թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի ժամանակ:
- Ալիևը ո՞վ է, որ Մինսկի խումբ կարողանա փակել։ Մինսկի խմբի ձևաչափը համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Ֆրանսիային այն պետք է գալու Ալիևի ականջները քաշելու համար։
- Պուտինին Փաշինյանի զանգելու իրական դրդապատճառն Օվերչուկի հայտարարությունն էր, որից անհանգստացել էին այստեղ։ Փաշինյանին հասկացրին՝ նայիր, հիմա քեզ պաշտպանում ենք, բայց հենց գազի գինը թանկացավ, դու արդեն չես կարող գոյություն ունենալ, ժողովուրդը հարցերդ կլուծի։ Դրա համար ինքնապաշտպանական բնազդն աշխատեց, սրանից վախեցավ ու զանգեց Պուտինին։ Վերջինս էլ իրեն բնորոշ քնքուշ ոճով սրան ասել է՝ նայեք, շատ լուրջ խնդրի առաջ եք կանգնելու։
- Փաշինյանն իր թիմով մտածում է հետևյալ տրամաբանության մեջ՝ ե՞րբ, ինչքա՞ն և ո՞ւր… Ե՞րբ կթռնեն, ինչքա՞ն կստանան և ո՞ւր կթռնեն…
- Գլոբալիստների դաստիարակությունը հետևյալն է՝ եթե թքում են երեսիդ, ցույց տուր, որ երեսիդ անձրև է գալիս։ Փաշինյանի և նրա թիմակիցների մոտ նույն մոտեցումն է աշխատում:
Մանրամասները՝ տեսանյութում։