Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի ուղղությամբ որևէ ակնարկ չի արել. Արմեն Աշոտյան
«Դասեր» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադարձավ նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմի» հաղորդաշարում հնչեցրած բացահայտումներին՝ կապված 2018թ. իրադարձությունների մեջ Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկու ունեցած դերակատարությանը։
«Սերժ Սարգսյանը որևէ ակնարկ չի արել Կարեն Կարապետյանի ուղղությամբ։ Պարզապես ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկին այդ պատմությունը՝ կապված Նիկոլին փոխվարչապետի պաշտոն առաջարկելու հետ, պատմել է պատկառելի կենսագրություն ունեցող մարդու… Սերժ Սարգսյանի հարցազրույցի մենյուի «գարյաչին» 2018թ.-ը չէ, այլ 44-օրյա պատերազմը, Արցախի հարցն ու բանակցությունները»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Նա նաև հիշեցրեց 2020թ. սեպտեմբերի 26-ին՝ պատերազմից մեկ օր առաջ, Նիկոլ Փաշինյանի՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցը, որն այդպես էլ չհրապարակվեց:
«Նիկոլ Փաշինյանը բերեց, եփեց այս պատերազմը, արեց ամեն ինչ, որ հարձակվողին միջազգային հանրությունը չպատժի, առիթ տվեց, որ պատերազմ սկսվի, բայց ագրեսորն Ադրբեջանն է։ Նիկոլն ինքն է խոստովանում, որ իրեն համանախագահների մոտ գժի տեղ է դրել. դա իրենք էլ են, չէ՞, տեսել։ Այնքան է դիտավորյալ դիվանագիտական տապալումներով զզվեցրել բոլորին, որ ասացին՝ դու էլ, Հայաստանն էլ, Արցախն էլ։ Ինչի՞ մասին էր այն հայտարարությունը, որ նա արեց իշխանության գալուց անմիջապես հետո, երբ ասաց՝ Ղարաբաղի տեղը չեմ բանակցելու։ Այդպես չեն անում, նախ զանգում, ասում են՝ մոտեցումներում բան է փոխվել։ Սա ուղիղ հարված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ինքնասիրությանը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն արցախյան բանակցությունների հարցում պատերազմաբեր էր։ Նա ի սկզբանե Հայաստանին դիրքավորեց՝ որպես մեղավոր կողմ»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

