Պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության, սա չի նշանակում անցյալից հրաժարում. Արմեն Գևորգյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասին
«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության առաջարկով ներկայացնում եմ հայ-թուրքական հարաբերություններում նոր նարատիվների անհրաժեշտությունը։ Փոփոխված իրականության պայմաններում նոր գաղափարների, մոտեցումների անհրաժեշտությունը Հայաստանի համար կենսական խնդիր է։ Առաջիկայում անդրադառնալու եմ նաև այլ հիմնական աշխարհաքաղաքական դերակատարների հետ հարաբերություններում նոր անհրաժեշտ բովանդակություններին։
Փոփոխված տարածաշրջանային իրականության պայմաններում մեզ պետք է բոլոր, այդ թվում հայ-թուրքական հարաբերություններում, նոր իմաստային մոտեցումներ ձևավորել։ Դրանք պետք է ելնեն պատմական արժանապատվության և ազգային պատասխանատվության այնպիսի հայեցակարգից, որը միավորում է հիշողության հանդեպ հարգանքը և ռազմավարական ողջախոհության անհրաժեշտությունը։
Հայկական հանրային մտքի մեջ Թուրքիայի հետ հարաբերությունների թեման երբեք սովորական դիվանագիտական հարց չի եղել։ Այն պատկանում է նախկին և գալիք սերունդների առաջ բարոյական հիշողության, ժողովրդի ճակատագրի և պատասխանատվության դաշտին։
Հայոց ցեղասպանության հիշողությունը և Արցախի ժողովրդի հիշողությունը չեն կարող անհետանալ՝ քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի փոփոխականության պայմաններում։ Հենց այդ պատճառով հայ-թուրքական հարաբերությունների նոր նարատիվները պետք է միավորեն հիշողությունն ու ողջախոհությունը՝ առանց զգոնության կորստի, առանց կամքի թուլացման, առանց պատրանքների։ Դրանք կոչված են հակադրության նեղ շրջանակից հայկական հիշողությունն ազատելու և նրան վերադարձնելու ստեղծարար ուժն ու քաղաքական բարձրությունը՝ դարձնելով այդ հիշողությունը նոր ազգային ինքնաճանաչման և արժանապատվության աղբյուր։
Անվտանգության կուտակման «+1» դոկտրինի շրջանակներում պետք է ցավի հիշողությունից կարողանանք անցում կատարել արժանապատվության հիշողության: Սա չի նշանակում անցյալից հրաժարում: Սա նշանակում է՝ հիշողությունը վերափոխել ուժի, մտահավաքության և քաղաքական հասունության:
Անխուսափելի հարցը
Մեր առջև անխուսափելիորեն կանգնած է մի հարց․
ինչպե՞ս հավատարիմ մնալ պատմական ճշմարտությանը և միևնույն ժամանակ թույլ չտալ, որ անցյալը փակի ապագայի ճանապարհը։
Այդ հարցի պատասխանը չպետք է վերածվի կոչի՝ «ամեն ինչ զրոյից սկսելու»։ Պատմությունը չի չեղարկվում, ողբերգությունը չի զրոյացվում, արդարությունը չի կարող լինել առևտրի առարկա։ Հայոց ցեղասպանությունը քննարկման ենթակա թեմա չէ, ոչ էլ ճնշման գործիք։ Դա պատմական ճշմարտություն է և մեր ազգային հիշողության բարոյական առանցքը։
Բայց հայկական պատմությունը միայն փորձությունների պատմություն չէ։ Դա նաև ստեղծարարության, մշակույթի, հոգևոր տոկունության և աշխատանքի պատմություն է։ Ժողովուրդները գոյատևում են ոչ միայն փորձությունների, այլ նաև` արարելու, պահպանելու և հաստատելու շնորհիվ:
ՀՀ նախկին փոխվարչսպետ, ԱԺ պատգամավոր Արմեն Գևորգյան

