«Եկել՝ Երևանում Հաջիևի դուդուկն են միացրել ու ադրբեջանական «ագիտացիա» են անում. ադրբեջանցիների են «ռասխոդ» անելու ու լցնեն Հայաստան». Աշոտ Սևյան

Հայաստանի «քաղհասարակության» որոշ ներկայացուցիչներ, որոնք օրերս մեկնել էին Բաքու, արդեն վերադարձել են Երևան։ Այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել՝ պատմելու, թե ինչ են արել Բաքվում։

Ըստ նրանց, Ալիևի օգնական Հաջիևն իրենց հետ հանդիպման ժամանակ հավատացրել է, թե «Ադրբեջանի համար պատերազմ ավարտված է, նրանք որևէ տարածքային պահանջ չունեն Հայաստանից»։

Մինչև Երևանում «քաղհասարակության» այս ներկայացուցիչները կիսվում են իրենց տպավորություններով, Ադրբեջանում Ալիևի մակարդակով շարունակում են խոսել «Արևմտյան Ադրբեջանից»։

Արցախյան պատերազմների մասնակից, չարեքթարցի Աշոտ Սևյանը հռետորական հարց է ուղղում թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ Բաքու մեկնած «քաղհասարակության» անդամներին.

Կարդացեք նաև

«Եթե Հայաստանի օրվա իշխանությունն ամեն ինչ զիջում է Ադրբեջանին, կատարում նրա բոլոր պահանջները, ապա Ադրբեջանն ինչո՞ւ պետք է պատերազմ սկսի»։

Նրա բնորոշմամբ՝ պարզ տրամաբանություն է՝ ինչո՞ւ պետք է պատերազմ անել, զոհեր տալ, եթե ստանում են այն, ինչ ուզում են։

«Ադրբեջանն այնքան պահանջներ ունի Հայաստանից, որ երևի մեկ դար էլ ապրենք ու այդ պահանջները կատարենք, դրանք չեն ավարտվի։ ՀՀ քաղհասարակությունը եկել Երևանում ադրբեջանական «ագիտացիան» է տանում, ինչը ճիշտ չէ։

ՀՀ իշխանությունը պարտված կողմն է, եթե իրենք այս կարգավիճակով են գնալու Ադրբեջանի հետ խաղաղության, ապա ՀՀ քաղաքացիներին դարձնելու են 4-5-րդ կատեգորիայի մարդիկ, որոնք Ադրբեջանի հետ պարզապես պետք է գոյատևեն։ Նույնիսկ Հայաստանում իրենց մոտ պետք է գոյատևես։ Սա խաղաղություն չէ, այլ նվաստացման ամենավերջին աստիճանը։ Նրանք, ովքեր պատրաստ են այս խաղաղությանը, նաև պետք է պատրաստ լինեն ամեն ինչ զիջելուն»,168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Սևյանը։

Նա շեշտեց՝ Ադրբեջանը մշտապես խոսում է 300 հազար ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին, ինչը նշանակում է, որ Հայաստանում հայերը նրանց որևէ կերպ չպետք է «թարս աչքով» նայեն, որովհետև «խաղաղություն» է։ Իսկ եթե ՀՀ իշխանությունը մտածում է, որ ադրբեջանցիները գալու են ու Հայաստանում հանգիստ ապրեն՝ սխալվում են, քանի որ Ադրբեջանից Հայաստան են բերելու դառը կյանք ապրած, պատերազմով անցած մարդկանց։

«Այդ կատեգորիայի ադրբեջանցիների են «ռասխոդ» անելու ու լցնեն Հայաստան։

Կամ՝ եթե Ադրբեջանն այդքան բարի է տրամադրված, ինչո՞ւ են մինչև հիմա Բաքվի բանտերում պատանդի կարգավիճակում պահում հայերին։ Այդ գերիներն ինչո՞ւ մինչև հիմա «համաներում» չեն ստացել, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանի ասած 2 ամիսը վաղուց անցել է, երբ ասում էր, թե «գերիներն իրեն կներեն, եթե 2 ամիս ավելի մնան գերության մեջ»։

Ադրբեջանը երկարատև պլան ունի, ավելին՝ պատերազմ չի լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում դիմադրող չկա: Այսօր Ադրբեջանի դիմադրող տեսնո՞ւմ եք մեր երկրում՝ չկա՛։ Հաջիևն ասել է, թե պատերազմ չեն ուզում, սրանք էլ եկել են, Երևանում Հաջիևի դուդուկն են միացրել»,- ընդգծեց Աշոտ Սևյանը։

Տեսանյութեր

Լրահոս