Տվյալ անձինք ամբողջովին նիկոլիզմի իդեաֆիկսի կրողներ են և Բաքու էին ուղարկվել հանրության համար այնտեղից «դրական էմոցիաներ» բերելու նպատակով. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Վերջին մի քանի օրերին բավական ակտիվ իշխանական քարոզիչներն իրենց լրատվականներում անընդհատ թմբկահարում էին ՀՀ քաղհասարակության ներկայացուցիչների այցը Բաքու՝ նշելով, թե «ինչքան կարևոր քայլ է ու ինչ պատմական նշանակություն ունի այն մեր պետության համար»։

Առաջինը, պետք է հասկանալ, թե ովքեր են այդ «քաղհասարակություն» կոչվածը և արդյո՞ք նրանք ներկայացնում են հանրության տարբեր շերտերն ու ամբողջովին արտացոլում հանրային տրամադրությունները, տիրապետող կարծիքը, թե՞ բացառապես Փաշինյանի թելը թելողների հավաքական են։ Որևէ մեկին չեմ ցանկանկանում թիրախավորել, սակայն կազմին ծանոթանալուց հետո միանգամից պարզ դարձավ, թե տվյալ անձինք ամբողջովին նիկոլիզմի իդեաֆիկսի կրողներ են և Բաքու էին ուղարկվել հանրության համար այնտեղից «դրական էմոցիաներ» բերելու նպատակով։

Այսօր լսում էի վերջիններիսի հրավիրած ասուլիսը, որտեղ միմյանց հերթ չտալով հայտարարում էին, թե ինչ «պուպուշ և անմեղ» է ադրբեջանական հանրությունը, որ նրանք «փոխվել են, չունեն հակահայկական տրամադրություններ»։ Այն աստիճանի էր, որ նրանցից մեկը հայտարարում էր, թե «մարդկանց շփվելու և հագնվելու ձևն այնքան է նման, որ մոռանում ես՝ Երևանում ես, թե Բաքվում», պնդում, թե երկու հասարակությունների նմանությունն ակնհայտ է։
Բաքու մեկնած «առաքյալներից» մեկն էլ հպարտ հայտարարում է, թե «ադրբեջանական կողմն առնվազն համաձայն է այն գաղափարի հետ, որ առավել մեծ ուշադրություն դարձնեն հռետորաբանության և տեղանունների խնդրին»։ Այսինքն՝ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Ալիևի այն հայտարարությունները, թե Սևանը Գյոյչա է, իսկ Երևանը՝ Էրևան, այս այցից հետո ենթադրաբար ենթարկվելու են շրջադարձային «փոփոխության»՝ չկասկածեք։

Տեսեք՝ ինչ պատկեր է ստացվում․ մարդկանց մի խումբ, որոնք ամբողջովին նիկոլական քարոզի կրողներն ու բացառապես վերջինիս օրակարգը սպասարկողներն են, միմյանց հերթ չտալով փորձում են մարդկանց համոզել, որ 5 տարի առաջ մեր եղբայրների գլուխ կտրողները փոխվել են ու դարձել «բարի ու կամեցող» հասարակություն։ Ըստ սրանց՝ մի երկրի դպրոցում, որտեղ 6 տարեկան երեխաները «գորշ գայլերի» ոռնոցով համապատասխան սիմվոլիկա են ցուցադրում, հանկարծ դարձել են «կիրթ ու կառուցողական»։

Ըստ էության՝ տեղի ունեցածն իշխանական քարոզչության հերթական փորձն է՝ հասարակությանը ներկայացնել իբրև թե «փոխված», «կիրթ» և «կառուցողական» ադրբեջանական հասարակություն՝ սեփական պարտվողական քաղաքականությունը հիմնավորելու համար։ Բայց փաստ է, որ Ադրբեջանը շարունակում է մնալ բացահայտ հակահայկական պետական քաղաքականություն վարող երկիր։ Ավելին, նիկոլազգի «քաղհասարակության» նման փորձի նպատակը ոչ թե ճշմարտությունը ներկայացնելն է, այլ ներքաղաքական օրակարգ սպասարկելը՝ հանրությանը նախապատրաստելով նոր զիջումների։

Այս իրավիճակում հասարակության պետք է ասել ճշմարտությունը, բոլորին հորդորել չխաբվել գեղեցիկ փաթեթավորված քարոզչությանը և չտրվեն կեղծ առաքյալների դատարկ քարոզին»:

Տեսանյութեր

Լրահոս