Ինքը Սևանը չի անվանել «Գյոյչա», այլ՝ ռուսական քարտեզ է հիշատակել. կարևոր է՝ կոնկրետ ասել, թե ի՞նչ է ասել էդ մարդը. Արեգ Քոչինյան

Բաքու մեկնած հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արեգ Քոչինյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ Ադրբեջանը և Հայաստանը չեն միջամտում միմյանց գործերին՝ պատվիրակությունների կազմի ընտրության հարցում:

Նշենք, որ Բաքվում հայ փորձագետների հետ հանդիպմանն ադրբեջանական կողմից բացակայում էր «Կանայք. խաղաղություն և անվտանգություն» ադրբեջանական կենտրոնի ղեկավար Դիլարա Աֆանդիևան, որը հայտնի է նաև՝ որպես Հայաստան արցախցիների կյանքի ճանապարհը փակած ադրբեջանցի «էկոակտիվիստ», և որն ադրբեջանական պատվիրակության կազմում եկել էր Երևան:

«Եթե մենք սկսենք վեթինգով զբաղվել, դա ճանապարհ է ոչ մի տեղ»,- ընդգծել է Քոչինյանը՝ նշելով, որ այն հայելային էֆեկտ է ունենալու, քանի որ պատերազմի օրերին իրենք ևս այնպիսի հայտարարություններ են արել, որոնց եթե վերադառնան, կարելի է զարմանալ՝ ինչպես են մտել Ադրբեջան և վերադարձել:

Ըստ նրա, Դիլարա Աֆանդիևան չի մասնակցել իրենց հետ հանդիպմանն անձնական խնդրի պատճառով, իսկ նրա հետագա մասնակցությունը երկկողմ պլատֆորմին որոշելու է Ադրբեջանը:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ կայսերական Ռուսաստանի քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա, Արեգ Քոչինյանը նշել է.

«Եկեք արձանագրենք, որ ինքը Սևանը չի անվանել Գյոյչա, այլ ասել է՝ կա ռուսական կայսրության քարտեզ, որտեղ Սևանա լճի վրա գրված է՝ Գյոյչա: Ի դեպ, այդ նույն քարտեզի մեջ «Ադրբեջան» բառ չկա: Իսկ այն քարտեզը, որին հղում է անում Ադրբեջանի նախագահը, այդ քարտեզն իսկապես կա: Կան քարտեզներ, որտեղ գրված է՝ և՛ Սևան, և՛ Գյոյչա, կա քարտեզ, որտեղ միայն գրված է՝ Սևան»:

Նրա խոսքով՝ մենք անընդհատ իրականության, ճշմարտության մեզ ձեռնտու մասն ենք տեսնում:

«Կրկնում եմ՝ կարևոր է արձանագրել, թե ինչ է ասել այդ մարդը»,- շեշտել է Բաքվից եկած հայ փորձագետը՝ վստահեցնելով, որ իրենք ազատ են հասարակություններին մտահոգող խնդիրները բարձրաձայնելու հարցում, չկա որևէ սահմանափակում:

«Ես կարծում եմ, որ ինչպես հայկական կողմը, այնպես էլ ադրբեջանական կողմը սեփական մայրաքաղաքների հետ խորհրդակցություն անցկացնում է, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ մենք պաշտոնական դիրքորոշում ենք ներկայացնում»,- ամփոփել է Արեգ Քոչինյանը:

Տեսանյութեր

Լրահոս