«Սա ոչ թե տգիտության դեմ, այլ սեփական կերպարի մաքրագործման արշավ է՝ կրթության և գիտության սոսկ ծաղրանմանակ». Նարինե Դիլբարյան

Մինչ Հայաստանում Կառավարության որոշմամբ թատրոն ու դպրոց են միավորվում, գիտական ինստիտուտներ են միավորվում բուհերի հետ, բուհերից երկարամյա աշխատակիցներ են քաղաքական հայացքների պատճառով հեռացվում, Աննա Հակոբյանը 2025 թվականը հայտարարում է «կրթվելու տարի և տգիտությանը ձեռնոց նետելու տարի»։ Եվ այդ համատեքստում գրեթե ամեն շաբաթ իր մոտ է հավաքում, ինչպես ինքն է ասում՝ «հասարակական կարծիք ձևավորող անձանց» և սկսում Մովսես Խորենացու «Ողբից» հատվածներ կարդալ, լուսանկարվել։

Ինչպե՞ս է, օրինակ, Մեղրաշատ գյուղի դպրոցի երեխան կրթվելու՝ պայքարելու տգիտության դեմ, երբ նրա դպրոցը շուտով տեղափոխելու են հարակից գյուղ, ու դժվար է ասել՝ գյուղի պայմաններում երեխաներն ամեն օր կարողանալո՞ւ են գնալ հարակից գյուղի դպրոց, թե՞ ոչ։ Այս հարցերին, բնականաբար, Աննա Հակոբյանը չի անդրադառնում և ոչ էլ՝ «հանրային կարծիք» ձևավորողները։

Բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանի բնորոշմամբ՝ այս ամենը զավեշտալի է։

«Սա ոչ թե տգիտության դեմ արշավ է, այլ սեփական կերպարի մաքրագործման արշավ՝ փիառ արշավ։ Այս ամենը շատ է հիշեցնում նախընտրական պայքար։ Կարող ենք եզրակացնել, որ Աննա Հակոբյանը որոշել է, որ լրագրային առաջին տիկնոջ կարգավիճակը պետք է փոխարինի կառավարման ոլորտում արշավով, հետևաբար՝ իրական նպատակը բոլորովին էլ տգիտության դեմ պայքարելը չէ։

Կարդացեք նաև

Իր մոտ հրավիրված անձանց շրջանակները կամ մնացյալի վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանք բոլորովին գիտության կամ կրթության ոլորտում իրենց մեծ ներդրումն ունեցող կամ նշաձող սահմանող մարդիկ չեն։ Դրանք այն մարդիկ են, որոնք համաձայնել են ներգրավվել Աննա Հակոբյանի այդ նախընտրական արշավի մեջ։ Նպատակը նախընտրական է, սեփական կերպարի փոփոխությունը, ուսյալ ու կրթյալ ներկայանալու միտումը, այլ ոչ թե՝ գիտակրթական մակարդակի բարձրացումը։ Ուսյալ ու կրթյալ ներկայանալու միտումը կարող էր դրական լինել, եթե իսկապես կրթությունն ու գիտությունն արժևորվեին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարինե Դիլբարյանը։

Նա նաև ընդգծեց՝ կրթությունն ու գիտությունը չեն լինում, այսպես ասած՝ վերազգային կամ գլոբալիստական։ Կրթված և իրականում գիտելիքներով տոգորված մարդիկ անպայման ունենում են իրենց ազգային յուրահատկությունը։ Այսինքն՝ համաշխարհային կրթագիտական համակարգում յուրաքանչյուրը կարող է զրոյից բարձր արժեք ունենալ, եթե իր ազգային կրթական և ազգային գիտական յուրահատկությունն է բերում, գեղարվեստական լեզվով ասած՝ ներդրումը։

«Աննա Հակոբյանի հավաքած մարդիկ, առավել ևս՝ նրա կարկառուն ամուսինը, էլ չասեմ՝ ԿԳՄՍՆ առաջարկները՝ դասագրքերի փոփոխության վերաբերյալ, ամեն ինչ անում են ընդդեմ հայկականության և ընդդեմ հայկական գիտության։ Դրանից ելնելով՝ կարելի է ասել, որ սա իրականում կրթության և գիտության սոսկ ծաղրանմանակ է։

Կարծում եմ՝ իրենց ընտանիքին սա բնորոշ է, եթե հիշում եք՝ Նիկոլ Փաշինյանն էլ Հայաստանի Հանրապետության ծաղրանմանակն էր պատրաստել պլաստիկից ու այն ամեն տեղ թափահարում էր։ Սա ծաղրանմանակում է, և կրթության և գիտության հանդեպ շատ թե քիչ մեծ ձգտում ունեցող անձ կհասկանա, որ այստեղ մենք չենք տեսնում ո՛չ հայկական կրթության, ո՛չ մշակույթի, ո՛չ էլ գիտության նվաճումները։ Ցավ ի սիրտ, պետք է ասեմ, որ այդ գիտության նվաճումները, որոնք իսկապես կարիք ունեն, որպեսզի պետական բարձրաստիճան մարդիկ այն գովազդեն, չեն գովազդում, փոխարենը՝ ես չգիտեմ՝ իրենք ինչ են գովազդում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Դոցենտ Նարինե Դիլբարյանը մեկ անգամ տեսել է, որ Աննա Հակոբյանը Խորենացու «Ողբից» հատված է ընթերցում իր մոտ հավաքված անձանց համար, որը, նրա խոսքով՝ խորքում քստմնելի բնույթ ունեցող քայլ է։

Նրա կարծիքով՝ Աննա Հակոբյանի փիառ խորհրդատուները կա՛մ ոլորտից շատ հեռու են, թերուս են, կա՛մ Աննա Հակոբյանը նրանց ասածները լուրջ  չի ընդունում, որովհետև դրական միտումներ ունեցող մարդը Խորենացու պատմության այդ հատվածը չէր բացի։

««Ողբի» հատվածն իբրև դրական ժանրի տեսանկյունից՝ բարձր արվեստով գրված գործ է, բայց այդ հատվածի մատնանշումն ընկալվում է խորհրդապաշտական տեսանկյունից ՝ որպես բացասական կոդերի առաջ մղում։ Մարդկանց նսեմացնելու, նրանց կոտրելու, նրանց ցույց տալու, որ՝ ձեր ապագան սա է։ Խորենացու պատմության մեջ ֆանտաստիկ էջեր կան, բայց երբ դրա մեջ դու այդ ողբն ես նշում, ցանկանում ես դրա մեջ առավել մտնել։

Նրանք ՀՀ օրհներգում ինչ-որ փոփոխություններ են անում, հետուառաջ են անում տողերը, այնինչ այն տողը՝ «բայց երանի, որ յուր ազգի, ազատության կզոհվի», ոչ թե ողբի, այլ հաղթանակի մասին է։ Բայց չգիտես՝ ինչու, իրենք սա ընկալում են՝ որպես ողբ։ Հիշեք նախկինում Աննա Հակոբյանի «Երկիր Նաիրիի» շատ թյուր մեկնաբանությունը, մինչդեռ ուղեղային մորմոքը վերաբերում է նրանց, որոնք կասկածում են Նաիրիի գոյությանը, նրա սահմաններին։ Հետո այս գիրքը նա իբր կորցրել էր ինքնաթիռում, և այլն, այսինքն՝ հայրենիքը կորցրել էր, միայն ողբն էր տեսնում, և այլն։

Էլ չեմ խոսում փախստականներին վերաբերող արտառոց շապիկը։ Արցախի բռնազավթման և մեր ժողովրդի նկատմամբ ցեղասպանական երկրորդ հզոր ալիքից առաջ, հագել էր Էյնշտեյնի պատկերով շապիկը և չգիտեմ՝ որտեղից քաղված հատվածը, թե՝ «փախստականները, բացի ծանրոցներից, ինչ հիշողություններ կարող են տանել»։ Այս ամենը մեկ շղթայի մեջ կարող են ներկայացնել հայկականության կորստի ցավի ու ողբի միտում»,- ընդգծեց նա։

Նարինե Դիլբարյանը նաև շեշտեց՝ Խորենացու «Հայոց պատմությունն» Աննա Հակոբյանը սխալ է ներկայացնում, քանի որ այն քաջագործությունների պատմություն է։ Նա նաև նշեց՝ մեծ խնդիր է նաև այն, թե ովքեր են Աննա Հակոբյանի ընտրազանգվածը։

Կարծում է՝ հասարակության շատ նեղ շերտ է, որը գնալով ավելի է փոքրանում, ուստի թիրախները սխալ են ընտրված, որովհետև այդ ամենը հակառակ արդյունք է տալու։

Տեսանյութեր

Լրահոս