«Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական է… ինչո՞ւ է ՀՀ ղեկավարը պաշտպանում Ալիևին». Պատմաբան

Օրերս Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում Ալիևը հայտարարել էր, որ «Չկա Սևանա լիճ, կա Գյոյչա լիճ»։

«Գիտնականներն արդեն բազմաթիվ աշխատանքներ են արել այս թեմայով, բայց անհրաժեշտ է ավելին՝ հետազոտություններ, ցուցահանդեսներ, հրապարակումներ, պատմական քարտեզներ: 20-րդ դարի սկզբին հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճը»,- նշել էր Ալիևը։

Մի քանի օր առաջ Երևանում «Օրբելի» կենտրոնի կազմակերպած՝ «Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» երկօրյա համաժողովի ժամանակ լրագրողը Փաշինյանից հետաքրքրվել էր, թե արդյո՞ք Ալիևի այս հայտարարությունը չի նշանակում հետքայլ խաղաղության գործընթացից։ Հարցին Նիկոլ Փաշինյանն ուղիղ չէր պատասխանել։

«Ձեր հարցով դուք ինձ բարդ դրության մեջ եք դնում։ Ես ընտրության առաջ եմ. ձեր հարցին պատասխանելուց առաջ արդյոք իսկապես պե՞տք է ընդգծել, որ Ադրբեջանի նախագահի այս հայտարարությունն ամբողջական պատկերը չի արտահայտում: Քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ցարական քարտեզների վրա չկա Սևանա լիճ, այլ կա… այլ անուն»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Պատմաբան Խաչատուր Ստեփանյանը հռետորական հարց է բարձրացնում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում միայն ռուսական քարտեզներով, եթե դրանցով է առաջնորդվում, ապա կան ռուսական քարտեզներ, որ Սևան է կոչվել, սրա մասին էլ պետք է խոսի։

«Զարմանում եմ, ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարը պաշտպանում Ալիևին, թող Ալիևն ինքը բացատրի, թե ինչ նկատի ուներ, ոչ թե Նիկոլ Փաշինյանը նրան պաշտպանի։

Կարծում եմ՝ Ալիևն ինչպես խոսում, այնպես էլ մտածում է, հավանաբար փորձում է  այս ճանապարհով ճնշումներ գործադրել հայաստանյան հասարակության վրա։ Ալիևը լավ գիտի, որ Սևանա լիճը հայկական է, բայց քանի որ Հայաստանի զավթումը դարձրել է իր համար ռազմավարական խնդիր, հակահայկական քարոզչությունն էլ դարձրել է իր համար պետական քարոզչություն, նաև իր իշխանությունը պահելու միջոցներից մեկը, հիմա այս ամենն օգտագործում է։ Ցավոք, այդ ամենին պետական մակարդակով պատշաճ դիմադրություն ցույց չի տրվում»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Խաչատուր Ստեփանյանը։

Պատմաբանի խոսքով՝ Ադրբեջանի պատմագիտական հանրույթն օգտվելով պետության հսկայածավալ աջակցությունից, կարողանում է համապատասխան քարոզչական ֆոն ստեղծել և՛ երկրի ներսում, և՛ երկրից դուրս։ Սակայն Հայաստանում պետական մակարդակով նման համապատասխան արձագանք չի ցուցաբերվում Ադրբեջանին, ավելին, ըստ նրա՝ ամենաբարձր մակարդակով փորձում են արդարացնել Ալիևի ասածները, կամ պաշտպանել Ադրբեջանի հավակնությունները։

Խաչատուր Ստեփանյանը դեմ չէ խաղաղությանը, կարծում է՝ մի օր պետք է խաղաղ ապրել, սակայն այն հռետորաբանությունը, ամբիցիան, որն Ադրբեջանն այսօր դրսևորում է հայ ազգի, Հայաստանի ու հայոց պատմության հանդեպ, բնականաբար, այդ պայմաններում խաղաղության մասին խոսք լինել չի կարող։

«Խաղաղություն կարող է հաստատվել միայն այն ժամանակ, երբ վերականգնվի պատմական ու բարոյական արդարությունը. Պետք է լինի վերադարձ Արցախ, եթե խոսում են ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին, զուգահեռ պետք է խոսվի Բաքու, Սումգայիթ, Գանձա, Քուռ գետի ձախափնյա շրջանի հայ բնակչության վերադարձի մասին։ Նիկոլ Փաշինյանը շատ է սիրում խոսել հայելային քայլերի մասին։ Ադրբեջանցիները կարողացել են վաճառել իրենց գույքը կամ փոխանակել, միայն դրանից հետո են հեռացել Հայաստանից, իսկ հայերն Ադրբեջանում թողել են ամեն ինչ, մազապուրծ հեռացել։

Անարդարությունը, որը տեղի է ունեցել վերջին տասնամյակներին, պետք է վերականգնվի, պետք է արցախահայերը վերադառնան, ճանաչեն Արցախի ինքնորոշման իրավունքը։ Զոռով ամուսնություն չի լինում, դրա վերջն ամուսնալուծությունն է»,- ընդգծեց Խաչատուր Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս