Օնիկ Գասպարյանի «խորհրդականի» մութ խաղերն ու ոդիսականը. ՌԴ-ի հետ Արցախի խնդիրը լուծելու քարոզիչից՝ Սէֆիլյանի պայքարի ընկեր

Հուլիսի 15-ին 168.am-ը գրել էր, որ լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իրականում չի եղել նրա խորհրդականը: Հիշեցնենք, որ սույն անձը ժամանակին եղել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի օգնականը:

Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը մեզ հայտնած այս տեղեկությունը մեր մեկ այլ՝ հուլիսի 17-ի հարցմանն ի պատասխան՝ լրացրել էր:

«ԶՈւ գլխավոր շտաբի նախկին աշխատակից Վլադիմիր Սերգեյի Պողոսյանը զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի խորհրդականի հաստիքը (ոչ զինվորական, հայեցողական) 2020 թվականի փետրվարի 22-ից հունիսի 22-ը, իսկ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ (Ձեր նախկին գրության մեջ խոսվում էր տվյալ ժամանակահատվածի մասին) մինչև 2021 թվականի մարտ ամիսը զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի Վարչակազմակերպչական վարչության վարձու աշխատողի (քաղաքացիական) հաստիք»,- ասված էր պատասխան նամակում:

Փաստորեն ստացվում է, որ Վլադիմիր Պողոսյանը մի քանի ամիս ձևակերպված է եղել ԳՇ պետի խորհրդականի հաստիքում, ըստ էության, Արտակ Դավթյանի օրոք:

Կարդացեք նաև

Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից 2020 թվականի հունիսի 8-ը, իսկ 2020 թվականի հունիսի 8-ից մինչև 2021 թվականի մարտ ամիսը եղել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որից հետո 2021-ի մարտի 22-ից մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը՝ դարձյալ Արտակ Դավթյանը:

Այսինքն, Վլադիմիր Պողոսյանը Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո վարձու աշխատանքի է անցել ԶՈՒ ԳՇ Վարչակազմակերպչական վարչությունում:

Սակայն պատերազմի օրերին որպես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական՝ տարբեր հանդիպումներ է ունեցել, ինչպես ինքն է պարբերաբար պատմել տարբեր հարցազրույցներում, իսկ պատերազմից հետո էլ ներկայացել է՝ որպես Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդական: Մինչդեռ մի քանի ամիս փաստացի ձևակերպված լինելով որպես ԳՇ պետ Արտակ Դավթյանի խորհրդական, երբեք չի ներկայացել որպես այդպիսին:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արտակ Դավթյանը գործնականում արգելել է Պողոսյանին ներկայանալ որպես իր խորհրդատու և իրեն ինչ-ինչ բաներ թույլ տալ: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ, փաստորեն, 2020թ. հունիսի 22-ից հետո, պատերազմի օրերին Վարչակազմակերպչական վարչությունում վարձու աշխատող գրանցված Պողոսյանին թույլ է տվել կամ առնվազն չի արգելել ներկայանալ որպես իր՝ ԳՇ պետի խորհրդական: Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, նաև այն, թե վարձու ի՞նչ աշխատանք է կատարել Պողոսյանը, ի՞նչ լիազորություններ ունեցել, բայց փաստ է՝ որ նա ներկայացել է պատերազմի օրերին այն, ինչը չի եղել դե յուրե։

Ի դեպ, Օնիկ Գասպարյանի ԳՇ պետ եղած ժամանակ վերևում հիշատակված ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետը եղել է գնդապետ Սուրեն Ալյոշայի Հարությունյանը, որն, ասում են, իր ներդրումն ունի Վ. Պողոսյանի՝ ԳՇ-ում աշխատելու գործում:

Նախքան բուն ասելիքին անդրադառնալը, հարկ ենք համարում ընդգծել, որ Պողոսյանին նախկինում և տվյալ դեպքում անդրադառնում ենք՝ հաշվի առնելով, որ նա առնչություն է ունեցել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետ, այդ թվում՝ պատերազմական ընթացքում, ավելին, նա ԳՇ է մտել պատերազմից ամիսներ առաջ: Դավադրության տեսություններին դեմ ենք, ընդամենը փաստեր ենք արձանագրում:

Ի դեպ, վերջերս պատահաբար ադրբեջանական լրատվամիջոցներից, այնուհետև «Սասնա Ծռեր» համաժողովրդական շարժման ֆեյսբուքյան էջից (որը նույն Ազգային-Ժողովրդավարական Բևեռը՝ ԱԺԲ-ն է) պարզեցինք, որ ՀՀ ԶՈՒ նախկին աշխատակիցը կարծես թե համագործակցում է «Սասնա ծռեր»-ի ղեկավարության հետ:

Համենայնդեպս, նրանց ֆեյսբուքյան էջում տեղադրված էր մի քննարկման ֆոտոշարք՝ «Հանդիպում Փաշինյանի հեռացման շարժման կազմակերպիչների հետ» վերտառությամբ, որտեղ ներկա էր նաև նույն Վլադիմիր Պողոսյանը: Ավելին, Ազգային-ժողովրդավարական բևեռի յութուբյան ալիքում էլ հայտնաբերեցինք, որ նա ելույթ է ունեցել նաև ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ՝ որպես «Հայոց շարժում. 27 կոմիտեի» նախագահ:

«Մենք գիտենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմը պլանավորված է եղել Թուրքիայի հետ համատեղ: 2012 թվականից սկսած ՌԴ-ն ջարդեց ռազմական բալանսը: Ես չեմ կարողանում հավատալ, որ Ալիևն էդքան դուխով տղա է դառել, որ ինքնագլուխ կարող է ճանապարհը փակի և ասի՝ բլոկադա եմ անում: Սա ՌԴ-ի հետ համատեղ գործ է: Հատուկ թուլացնում են մեր բանակին, պատերազմի ժամանակ ամբողջ ճանապարհները փակված են եղել: Մեր մուծած փողերը, որ պիտի Ռուսաստանից զենք-զինամթերք բերեին, ոչ մի բան չի մտել Հայաստան: Դա էլ է մտածված գործ եղել: Պատերազմի ժամանակ ես բանակցել եմ Ֆրանսիայի ներկայացուցիչների հետ, դեսպանի հետ, Ֆրանսիան մեզ առաջարկեց ռազմական օգնություն, մեր իշխանությունը հրաժարվեց»,- հայտարարել է Պողոսյանը:

Այստեղ մի քանի դիտարկում.

Առաջին, արդեն քաղաքական գործիչ ներկայացող Վլադիմիր Պողոսյանն ասում է, որ 44-օրյա պատերազմը ծրագրել են Ռուսաստանը և Թուրքիան: Արդյո՞ք պատերազմի օրերին ԳՇ-ում աշխատած կամ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, թերևս, խորհուրդներ տված Վլադիմիր Պողոսյանն ունի հիմնավորումներ, արդյո՞ք Օնիկ Գասպարյանը նման տեղեկություն ունեցել է և այս մասին խոսել Քննիչ հանձնաժողովում: Իսկ այն, որ 44-օրյա պատերազմի սցենարը մշակվել և իրականացվել է Թուրքիայի և թուրք գեներալների մասնակցությամբ, դրա մասին կա առնվազն մի քանի բաց փաստ: Եվ հետո, ինչո՞ւ պատերազմ հրահրողների շարքում չկա Նիկոլ Փաշինյանի անունը, որին Վլադիմիր Պողոսյանը ԱԺԲ-ի հետ փորձում է հեռացնել, ի վերջո, Նիկոլ Փաշինյանն իր սադրիչ հայտարարություններով և գործողություններով նպաստել է պատերազմի սկսմանը, այդ թվում՝ պատերազմից մեկ ամիս առաջ Սարդարապատում հուլիսյան հաղթանակի հերոսներին պարգևատրելու որոշումը, երբ պատերազմ սկսելու գործում կար թուրքական գործոնը:

Երկրորդ, Պողոսյանը նշում է, որ Ռուսաստանը 2012 թվականից «ջարդել է» ռազմական բալանսը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև: Սակայն հետաքրքիր է, որ երբ նախկին իշխանությունները Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին էին բարձրաձայնում և հայտնում իրենց մտահոգությունը, նա 2016-ին, 2017-ին ՌԴ-ի դեմ ոչինչ չէր ասում:

Ավելին, 2016 թվականի ապրիլին EADaily-ին տված հարցազրույցում պնդում էր, որ հայկական կողմը պետք է դուրս գա ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ընթացող բանակցություններից և միայն ՌԴ-ի հետ գործ ունենա:

«Հայաստանը պետք է դուրս գա բանակցային գործընթացից, խզի կապերը ԵԱՀԿ-ի հետ և գործ ունենա միայն ՌԴ-ի հետ: Եվ նրա հետ կոորդինացնի իր քայլերը (Ещё раз повторю, выйти из переговорного процесса, разорвать контакты с ОБСЕ и иметь дело только с Россией. И координировать с ней шаги)»,- նշել էր Պողոսյանը՝ շեշտելով, որ ԵԱՀԿ-ն մեռած «օրգան» է, ուստի պետք է քայլել ՌԴ-ի հետ՝ առանց ԵԱՀԿ ՄԽ-ի:

Այս պնդումը Պողոսյանն արել էր նաև 2017-ին և դարձյալ EADaily-ի հետ զրույցում:

«Անկասկած, Ադրբեջանի հետ պետք է խոսել, բայց ոչ այն պայմաններում, որոնք առաջ են տանում ԵԱՀԿ «vip տուրիստները»: Պետք է ուղիղ շփումների դուրս գալ Ադրբեջանի հետ և մոդերատոր թողնել միայն ՌԴ-ին: Մնացյալ կառույցներին «ցտեսություն» պիտի ասել: Այս հարցում հայերի և ադրբեջանցիների դիրքորոշումները համընկնում են. երկուսն էլ դժգոհ են ԵԱՀԿ-ի աշխատանքից: Մենք ունենք առաջարկներ և ծրագիր, որոնք թույլ կտան կարգավորել երկու երկրների հարաբերությունները: Նույնը վերաբերում է Թուրքիային: Չնայած Թուրքիա-Ադրբեջան եղբայրությանը, թուրք գործարարները մեծ սիրով գործ կունենային հայերի հետ: Թուրքիայի հետ հարաբերությունները հնարավոր է և պետք է կարգավորել, իհարկե, ոչ սեփական հետաքրքրությունների հաշվին: Կրկնում եմ՝ առաջին հերթին անհրաժեշտ է ուղիղ երկխոսություն Երևան-Բաքու: Երկու կողմից պետք է կանգնեցնել ատելության տարածումը, դրա սրումը ԶԼՄ-ներում, դադարեցնել կրակոցները, այսինքն, հանգստացնել ժողովուրդներին: Այնուհետև ժողովրդական դիվանագիտության մեխանիզմներ շրջանառության մեջ դնել, հետո արդեն սինթեզել այդ երկու մոտեցումները: Քաղաքական գործիչները ոչինչ չեն որոշի, մինչև ժողովուրդները հանգիստ և հանդարտ չլինեն: Ցանկացած անընդունելի որոշում հայ կամ ադրբեջանցի ժողովրդի համար կհանգեցնի հեղափոխության թե՛ Բաքվում, և թե Երևանում»,- ասել էր Պողոսյանը:

Արձանագրենք:

Ըստ էության, պատերազմից հետո ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականը ներկայացած Վլադիմիր Պողոսյանի ցանկությունների մի մասն իրականություն է դարձել՝ ԵԱՀԿ ՄԽ-ն Նիկոլ Փաշինյանի «թեթև ձեռքով» փլուզվեց, ինչին տարիներ շարունակ ձգտում էր Ալիևը, իսկ Ստեփանակերտն էլ պետք է երկխոսի Բաքվի հետ: Ավելին, ԵԱՀԿ ՄԽ փլուզումը հանգեցրեց նրան, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի կնքման գործընթացում մեծ դերակատարումն Արևմուտքինն է: Իսկ թուրք գործարարներն էլ գուցե արդեն լավ էլ համագործակցում են հայերի հետ, ՀՀ-ում ունեն կապիտալ: Հետաքրքիր է միայն, թե Վլադիմիր Պողոսյանը ե՞րբ է ՌԴ-ից շրջվել դեպի Արևմուտք, կամ դարձել հակառուսականության քարոզիչ՝ ԳՇ-ից հեռանալուց հետո՞, թե՞ ԳՇ մտնելուց արդեն կարծում էր, որ այլևս չպետք է գործ բռնել ՌԴ-ի հետ:

Մենք, բնավ, չենք արդարացնում ՌԴ-ին, պարզապես փորձում ենք արձանագրել ՀՀ զինված ուժեր ոտք դրած մարդու արտաքին քաղաքական նախասիրությունների փոփոխությունները: Ի վերջո, ինչպես Պողոսյանն է պնդում՝ 2012-ից է ՌԴ-ն խաթարել ուժային բալանսը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, ավելին, 2016-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Ապրիլյան պատերազմը ՌԴ-ն է հրահրել, բայց Պողոսյանը հորդորում էր ՀՀ-ին քայլել ՌԴ-ի «ձեռքը բռնած»՝ առանց ԵԱՀԿ ՄԽ-ի, որի համանախագահ երկրներից էին նաև Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Ի դեպ, 2019-ին մի հարցազրույցի ընթացքում նա կարծիք էր հայտնել, որ 2016-ի Ապրիլյան պատերազմը Սերժ Սարգսյանի մեղքով էր:

«Մենք ոչ թե Նիկոլին դեմ ենք, այլ իրավունք ունենք հարցեր տալ: Մենք ասում ենք՝ ինչու Սերժը նստած չի, իրա համար հանգիստ քայլում է: Էսքան թալանել է մեր պետությունը, 2016 թվականի ապրիլի 2-ն իրա մեղքն է, բանակը զենք չի ունեցել, փամփուշտ չի ունեցել: Եթե դաժը վերցնենք Սերժին ու Ռոբերտին, Ռոբերտի ժամանակ բացառված էր, որ 2016-ի ապրիլի 2-ին սենց բան ստացվեր: Բայց Սերժը սարքեց, չէ՞, բայց ինչո՞ւ Ռոբերտը նստած է, Սերժը՝ չէ, Սերժն էլ պիտի իրա կողքը նստի»,- 2019-ին հիշատակված հարցազրույցում հայտարարել էր նույն այդ Վլադիմիր Պողոսյանը (31:39-ից 32:46):

Ի դեպ, նույն հարցազրույցում նա 2016-ի հուլիսին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը պետության, պետականության և օրենքների տեսանկյունից համարել է տեռորիզմ (10:19-ից 10:55 ), իսկ մյուս տեսանկյունից, որ նրանք դուրս են եկել և պայքարել Սերժ Սարգսյանի դեմ, դա համարում է ճիշտ՝ «հալալ է»:

Այստեղից հարց՝ Վլադիմիր Պողոսյանը վստա՞հ է, որ Ժիրայր Սէֆիլյանը և իր մարդիկ պետականության դեմ ոտնձգություն չեն անի, ընդ որում, զենքը ուղղելով անմեղ մարդկանց դեմ, թե՞ նրան ԱԺԲ-ի հետ միավորում է ոչ միայն ՌԴ-ի դեմ ատելությունը, Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջը, իշխանության գալու ցանկությունը, այլ, որ նրանք Սերժ Սարգսյանի դեմ են դուրս եկել, որի իշխանության հեռացումից հետո միայն Պողոսյանը, ըստ ՊՆ հաղորդագրության, կարողացավ մտնել Գլխավոր շտաբ:

Ի դեպ, նրան ԳՇ-ում տեղավորողներն ու հետն աշխատածները ծանո՞թ էին նրա՝ մեր հոդվածում ներկայացված բոլոր հարցազրույցներին և հայտարարություններին՝ Արտակ Դավթյան, Օնիկ Գասպարյան, Սուրեն Հարությունյան և այլն, իսկ գուցե Փաշինյանի իշխանության օրոք հենց այս ԳՇ մտնելու համար հենց այս հայտարարություննե՞րն են դեր խաղացել: Ի վերջո, Պողոսյանը Փաշինյանի մասին ավելի կտրուկ սկսել է արտահայտվել ավելի շատ 44-օրյա պատերազմից և ԳՇ-ից հեռանալուց հետո, երբ ազատեցին նաև Օնիկ Գասպարյանին:

Երրորդ, Վլադիմիր Պողոսյանը 2023 թվականի օգոստոսին ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ, նաև տարբեր հարցազրույցների ընթացքում հայտարարում է, որ Ֆրանսիայի դեսպանի հետ խոսել է, բանակցել, որ Ֆրանսիան պատերազմի օրերին ռազմական օգնություն ուղարկի ՀՀ-ին, բայց ՀՀ իշխանությունները մերժել են:

Նախ՝ Վլադիմիր Պողոսյանն ի՞նչ իրավունք ուներ ռազմական օգնության շուրջ բանակցելու անգամ դեսպանի հետ, եթե դա ճիշտ է, ապա շատ վատ է: Իսկ իրականում ռազմական օգնության, զենքի մատակարարումների, գնումների շուրջ բանակցություններն ավելի շատ Պաշտպանության նախարարության և նախարարի, ոչ թե նույնիսկ ԳՇ-ի խնդիրն է:

Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը հայտարարել էր. 

«Զինված ուժերի խնդիրն էր՝ կռվել և հաղթել, և միշտ է եղել այդպես: Իսկ պաշտպանության նախարարության խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն: Ընդ որում, ապահովությունը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով է, այլ և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության, որը պետք է ձևակերպվեր և իրականացվեր ճշգրիտ: Այսինքն, ձևավորվեին և խնդրավորվեին, դրա իրականացման համար պետք է ամեն ինչը արվեր»:

Հունիսի 28-ին իր հայտարարության մեջ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ըստ էության, ևս նշել է, որ Զինված ուժերի խնդիրը սպառազինության հետ կապված պահանջներ ներկայացնելն է և ռազմական գործողություններ վարելը, սպառազինության մատակարարումների գործընթացը, դրա համատեքստում պայմանավորվածությունները երկրի ղեկավարության և Պաշտպանության նախարարության գործառույթն է: Այսինքն, ԳՇ պետին ընդամենը կարող է առաջարկ անի Ֆրանսիան, նա էլ փոխանցի երկրի ղեկավարությանը և Պաշտպանության նախարարին, և ոչ ավելին: Եթե եղել է նման բան, ապա այս մասին Օնիկ Գասպարյանը և Դավիթ Տոնոյանը պետք է խոսեն, և ոչ թե համապատասխան լիազորություններ չունեցած և չունեցող անձինք:

Ինչ վերաբերում է ռուսական զենքի հետ կապված խնդիրներին, որ, Պողոսյանի խոսքով, գումարը տվել ենք, և զենք չի մտել և Հայաստան, ավելին, դա ծրագրված է, ապա դա ևս պիտի հիմնավորվի, կամ բաց խոսվի՝ ով կամ ինչն է պատճառը՝ Ադրբեջա՞նը, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությո՞ւնը, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ՌԴ-ում սպառազինության հետ կապված խնդիրնե՞րը, ի՞նչը: Ինչպես այս դեպքում կասեր Անդրանիկ Քոչարյանը՝ «եթե մտնենք դավադրությունների տեսության մեջ՝ չենք կարող դուրս գալ»:

Ի դեպ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը հունիսի 28-ին իր հայտարարության մեջ նշել էր.

«2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ՀՀ Վարչապետին և ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին, գլխավոր շտաբի պետի տեղակալների ու հիմնական վարչությունների պետերի մասնակցությամբ ներկայացրել եմ զեկույց, ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ: Ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.

– ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին` (Իրան և Վրաստան) բարեկամաբար տրամադրելուն … », այնուհետև շարունակել. «Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Իսկ ինչ վերաբերում է քաղաքական դաշտ մտնելուն, իշխանության ձգտելուն, ապա դրա իրավունք ցանկացած քաղաքացի ունի, մեր ասելիքն այլ էր: Ի դեպ, 2021 թվականի ապրիլի 23-ին Վլադիմիր Պողոսյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել էր.

«Եթե Օնիկ Գասպարյանը մտնի քաղաքական խաղի մեջ, եթե այդպիսի ծրագիր լինի, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը, որովհետև ժողովուրդը կմիանա»։

Հուսանք, գեներալը, լինելով պրոֆեսիոնալ, տիպիկ զինվորական, որևէ քաղաքական խաղի մեջ չի մտնի, այն էլ՝ նախկին «խորհրդականի» առաջարկով:

Տեսանյութեր

Լրահոս