44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ-ն «ղեկավարած» թուրք գեներալը Զաքիր Հասանովի խորհրդականն է

Ադրբեջանը շարունակում է տարածաշրջանում խաղաղության ապահովումը տեսնել ուժային ճանապարհով, կամ՝ թուրքական բանակի մոդելը որդեգրած սեփական զինված ուժերի ռազմական կարողությունների, մարտունակության բարձրացմամբ:

Մասնավորապես, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստում նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ «Եղբայրական բռունցք» թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները նպաստում են տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության ապահովմանը:

Այս համատեքստում հատկապես կարևորվել է Բաքվում, Աստարայի, Ջաբրայիլի (Ջրական) և Իմիշլիի շրջաններում վերջերս անցկացված թուրք-ադրբեջանական վարժանքները:

Ըստ այդմ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանձնարարել է 2023-ին ևս հատուկ ուշադրություն դարձնել զորքի մարտական պատրաստության և մարտական պատրաստվածության մակարդակի բարձրացման խնդիրներին, ինչը ենթադրում է դաշտային վարժանքների և զորավարժությունների ինտենսիվության ավելացում:

Ի դեպ, Ադրբեջանի պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի մասին ադրբեջանական պաշտոնական տեղեկությունից շատ կարևոր արձանագրում արեցինք. թուրք գեներալ Բախտիար Էրսայը դարձել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի խորհրդականը:

Նշենք, որ անցած տարի հայտնի դարձավ, որ Բաքվում ստեղծվել է հատուկ հրամանատարական խումբ, որը ներկայացնում է թուրքական զինված ուժերն Ադրբեջանում, և այդ խմբի ղեկավարումը վերապահվել էր Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետ, գեներալ-մայոր Բախտիար Էրսային:

Հիշեցնենք, որ թուրք գեներալի անունը շրջանառվում էր 44-օրյա պատերազմի օրերին թուրք այն գեներալների շարքում, որոնք մասնակցել են Արցախի դեմ պատերազմին:

Այս մասին, մասնավորապես, գրել էր ռուսական «Վզգլյադ» հրատարակչությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ում սեփական աղբյուրներին՝ հայտնել էր․

«Էրսայը գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովի հեռացումից հետո Ղարաբաղի դեմ օպերացիայի հարցերով նա անձամբ է ղեկավարում գլխավոր շտաբը։ Ավելին, օպերացիայի ընթացքի մասին հաշվետու է Թուրքիայի գերագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը»։

Այս մասին Թվիթերի իր էջում գրել էր նաև կանադացի պատմաբան և հրապարակախոս Մայքլ Միխայլովիչը՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ-ն ղեկավարել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ Բախտիար Էրսայը»:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի օրերին ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը բրիֆինգների ժամանակ հայտարարում էր, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի ղեկավարում չկա, կա Թուրքիայի ԳՇ-ի ղեկավարում: Այսինքն, Ադրբեջանի օգտին էր աշխատում ոչ թե Թուրքիայի ԶՈՒ կամ անվտանգության համակարգի այս կամ այն հատվածը, այլ ամբողջ Թուրքիան՝ հետախուզությամբ, տեխնիկական աջակցությամբ, ղեկավարմամբ:

Այսօր, ըստ էության, նույն իրավիճակն է՝ Ադրբեջանի ԳՇ-ն ղեկավարում է Թուրքիան՝ իր գեներալների միջոցով, ինչին ՀՀ քաղաքական և ռազմական ղեկավարությունը, թերևս, պետք է լուրջ վերաբերվի: Գուցե վերջին շրջանում ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության՝ ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների առաջին պլան բերելն ու նրանց վարժանքները որոշակի մեսիջ է՝ ուղղված թուրք-ադրբեջանական տանդեմին:

Տեսանյութեր

Լրահոս