Եթե մտնենք դավադրությունների տեսության մեջ՝ չենք կարող դուրս գալ. Անդրանիկ Քոչարյանի մեսիջը
Մայիսի 2-ին 168.am-ն անդրադարձել էր ապրիլի 30-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Գայանե Աբրահամյանի հնչեցրած «հույժ գաղտնի» ռազմական տեղեկությանը, նախկին իմքայլական պատգամավորն ասել էր. «ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի»:
Մայիսի 16-ին «Ֆակտորի» հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը հաստատել էր նախկին իմքայլականի պնդումը:
«Ես մի տեղեկություն ունեի՝ էն զենքերը, որ արտադրվում է Հնդկաստանում, ռուսական զենքեր են, որ համատեղ արտադրություն է կազմակերպված, դրանց մասին էր խոսքը: Լսել եմ, որ էդ զենքերի մասին է խոսքը, էդ զենքերը ՌԴ-ն արգելում է, որ Հնդկաստանը վաճառի մեզ: Բայց էս վերջին ժամանակներս արդեն էդ արգելքները հանեցին դրանք»,- շեշտել էր ՔՊ-ական գործող պատգամավորը:
Իսկ արդեն մայիսի 18-ին Հանրային հեռուստաընկերության եթերում ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, հերքել է իմքայլական նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի և ՔՊ-ական գործող պատգամավոր Գուրգեն Մելքոնյանի պնդումները:
Մասնավորապես, Քոչարյանը մեկնաբանի հարցին՝ խոչընդոտումներ կա՞ն ՌԴ-ի կողմից՝ այլ աղբյուրներից զենք ձեռք բերելու, մատակարարումների հետ կապված, քանի որ մամուլում նման տեղեկություններ ու տարբեր անձանց հայտարարություններ կային, պատասխանել է.
«Մամուլում շատ բաներ կարող են գրել, բայց խոչընդոտումների մասին ես տեղեկատվություն չունեմ և չեմ էլ ուզում ունենալ: Եթե մտածենք՝ այդ ճանապարհով ինչ խոչընդոտներ կարող են լինել, կմտնենք դավադրությունների տեսության մեջ և երբեք չենք կարող այդտեղից դուրս գալ»:
Այս համատեքստում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը շարունակել է, որ ՌԴ-ի հետ էլ ունենք համապատասխան պայմանագրեր, որով առաջնորդվում ենք՝ ակնկալելով, որ դրանք ամբողջ ծավալով կիրացնի ՌԴ-ն, իհարկե, կա ըմբռնում, որ ՌԴ-ն Ուկրաինայում մտել է լայնածավալ պատերազմի փուլ:
«Մենք ամեն տեղ փորձում ենք գտնել այն սպառազինությունը, որն անհրաժեշտ է այսօրվա մեր Զինված ուժերին՝ դա կլինի ՌԴ-ից… Ռուսաստանն ինքն էլ սպառազինության կարիք ունի, եկեք ճիշտ հասկանանք: Բայց նա ունի պարտավորություններ, որոնք ինքը կամ կկատարի, կամ մենք ձեռքներս ծալած չենք նստի: Մենք կփնտրենք, կգտնենք լոգիստիկ ճանապարհներ, բայց սա էլ քննարկման թեմա չի: Ցանկացած երկիր, եթե ուզում է, որ իր սահմանները լինեն ամուր, ինքը հանգիստ պետք է լուծի այն խնդիրները, որը մեր անվտանգային համակարգը դարձնում են ավելի անխոցելի»,- շեշտել է Քոչարյանը:
Ինչպես այս, այնպես էլ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հատկապես վերջին շրջանում տված հարցազրույցներից ակնհայտ է դառնում, որ Անդրանիկ Քոչարյանը լուրջ և հավաստի տեղեկությունների է տիրապետում: Այսինքն, եթե նա տեղեկություն չունի, որ Ռուսաստանը խոչընդոտել է հնդկական զենքի մատարակարարումներին Հայաստան, տվյալ պարագայում արժանահավատ է նրա ասածը՝ նաև ելնելով նրա զբաղեցրած պաշտոնից և դիրքից: Կարելի է ասել նաև, որ Անդրանիկ Քոչարյանն իր հարցազրույցներով մեսիջ է ուղարկում կոնկրետ հասցեատերերին, այդ թվում՝ իշխանական և մերձիշխանական թիմերից՝ սպառազինության գնման վերաբերյալ հարցերը չպետք է հրապարակային քննարկման առարկա դարձնել: