Վլադիմիր Պողոսյանն Օնիկ Գասպարյանի օրոք ԳՇ վարչությունում վարձու աշխատող է եղել. խորհրդականի հաստիքը ձևակերպվել էր Արտակ Դավթյանի ժամանակ
Հուլիսի 15-ին 168.am-ը գրել էր, որ լրատվամիջոցների հետ հարցազրույցների ժամանակ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանն իրականում չի եղել նրա խորհրդականը:
Ընդ որում, ՀՀ պաշտպանության նախարարությունն այս տեղեկությունը 168.am-ին հայտնել էր հուլիսի 3-ին ուղարկված հարցմանն ի պատասխան, բայց ոչ այս առնչությամբ, այլ բոլորովին այլ հարցի:
Այսինքն, Պողոսյանի՝ Օնիկ Գասպարյանի խորհրդական լինել-չլինելու հետ կապված ՊՆ-ին ոչ մի հարց չենք էլ ուղղել:
Հունիսի 28-ին «Առավոտի» հետ հարցազրույցում ՀՀ Զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, մասնավորապես, ասել է.
«Ես ու իմ սպայական կազմը՝ Ջալալ Հարությունյանի ախպոր հետ, որը եղել է ոստիկանների շտաբի պետ, բարձրանում ենք Շուշի: Նայում ենք, որ քաղաքը պատրաստ չի ոչ մի բանի: Մենք գալիս ենք միլպետի մոտ, դա նոյեմբերի 4-ն էր: Ես ներկայանում եմ, որ ԳՇ պետի խորհրդական, …ասում եմ՝ ես շատ ուժեղ ջոկատ ունեմ՝ մինչև 4 հոգի, մենք լավ զինված ենք, բայց էդ քանակը քիչ է, որովհետև լավ ուժ է գալիս: Իրիկունը պատրաստում ես 100 հոգի կամավոր, ես կգամ ու Շուշին ես կփրկեմ: Ես ամեն ինչ անելու եմ, և թուրքը չի մտնելու քաղաք: Ջալալ Հարությունյանի ախպերը՝ Արտյոմ Հարությունյանը, կողքը կանգնած է եղել: Իրիկունը մենք գալիս ենք, անձնակազմը պատրաստ է: Իմ ջոկատում էղել են մոտավորապես 36 հոգի ժամկետային էրեխեք՝ 18-20 տարեկան, դրանք ասում են՝ հրամանատար, մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու….»:
Այս պատմության մեջ մեզ նախ հետաքրքրել էր ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականի ջոկատում 36 ժամկետայինների առկայությունը: Եվ 168.am-ը հուլիսի 3-ին հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ ջոկատի մասին է խոսքը, որոնք գործողության են փորձել պատրաստվել Շուշիի հատվածում, ինչպե՞ս են ժամկետայինները հայտնվել Պողոսյանի ջոկատում, ո՞ւմ թույլտվությամբ:
Եվ հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունից ստանում ենք մեր հարցման պատասխանը, որտեղ նրանք հերքում են Վլադիմիր Պողոսյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական լինելը: Միաժամանակ, պաշտպանական գերատեսչությունը նշել է, թե նա եղել է ԳՇ նախկին աշխատակից:
Եղել է վարձու աշխատող ԳՇ վարչակազմակերպչական վարչությունում, ներկայացել՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականը
Հուլիսի 17-ին որոշեցինք լրացուցիչ հարցում ուղարկել Պաշտպանության նախարարություն, քանի որ մեր կամքից անկախ՝ բախվել էինք հարցեր առաջացնող թեմայի:
Պաշտպանական գերատեսչություն մեր ուղարկած հարցման մեջ այս առնչությամբ փորձել էինք պարզել՝ «եթե ԶՈՒ ԳՇ նախկին աշխատակից Վլադիմիր Սերգեյի Պողոսյանը չի հանդիսացել ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականը, այդ դեպքում ի՞նչ հաստիք է ունեցել, և երբվանի՞ց է եղել ԳՇ աշխատակից, ե՞րբ է ազատվել այդ աշխատանքից»:
Եվ օգոստոսի 9-ին ուղարկած իր պատասխան գրության մեջ ՀՀ պաշտպանության նախարարությունը մանրամասնել է.
«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին Ձեր 17.07.2023 հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին աշխատակից Վլադիմիր Սերգեյի Պողոսյանը զբաղեցրել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի խորհրդականի հաստիքը (ոչ զինվորական, հայեցողական) 2020 թվականի փետրվարի 22-ից հունիսի 22-ը, իսկ 2020 թվականի ռազմական գործողությունների ժամանակ (Ձեր նախկին գրության մեջ խոսվում էր տվյալ ժամանակահատվածի մասին) մինչև 2021 թվականի մարտ ամիսը, զբաղեցրել է ԶՈՒ գլխավոր շտաբի Վարչակազմակերպչական վարչության վարձու աշխատողի (քաղաքացիական) հաստիք»:
Փաստորեն ստացվում է, որ Վլադիմիր Պողոսյանը մի քանի ամիս ձևակերպված է եղել ԳՇ պետի խորհրդականի հաստիքի, ըստ էության, Արտակ Դավթյանի օրոք:
Նշենք, որ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ է եղել 2018 թվականի մայիսի 24-ից 2020 թվականի հունիսի 8-ը, իսկ 2020 թվականի հունիսի 8-ից մինչև 2021 թվականի մարտ ամիսը եղել է գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը, որից հետո 2021-ի մարտի 22-ից մինչև 2022 թվականի փետրվարի 22-ը՝ դարձյալ Արտակ Դավթյանը:
Այսինքն, Վլադիմիր Պողոսյանը Օնիկ Գասպարյանի՝ ԳՇ պետի պաշտոնում նշանակվելուց հետո վարձու աշխատանքի է անցել ԶՈՒ ԳՇ Վարչակազմակերպչական վարչությունում:
Սակայն պատերազմի օրերին որպես ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական՝ տարբեր հանդիպումներ է ունեցել, ինչպես ինքն է պարբերաբար պատմել տարբեր հարցազրույցներում, իսկ պատերազմից հետո էլ ներկայացել է՝ որպես Օնիկ Գասպարյանի նախկին խորհրդական: Մինչդեռ մի քանի ամիս փաստացի ձևակերպված լինելով որպես ԳՇ պետ Արտակ Դավթյանի խորհրդական, երբեք չի ներկայացել որպես այդպիսին:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ Արտակ Դավթյանը գործնականում արգելել է Պողոսյանին ներկայանալ որպես իր խորհրդատու և իրեն ինչ-ինչ բաներ թույլ տալ: Իսկ Օնիկ Գասպարյանն էլ փաստորեն 2020 թվականի հունիսի 22-ից հետո, պատերազմի օրերին Վարչակազմակերպչական վարչությունում վարձու աշխատող գրանցված Պողոսյանին թույլ է տվել կամ առնվազն չի արգելել ներկայանալ որպես իր՝ ԳՇ պետի խորհրդական: Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, նաև այն, թե վարձու ի՞նչ աշխատանք է կատարել Պողոսյանը, ի՞նչ լիազորություններ ունեցել, բայց փաստ է՝ որ նա ներկայացել է պատերազմի օրերին այն, ինչը չի եղել դե յուրե։
Ի դեպ, Օնիկ Գասպարյանի ԳՇ պետ եղած ժամանակ վերևում հիշատակված ԶՈՒ ԳՇ վարչակազմակերպչական վարչության պետը եղել է գնդապետ Սուրեն Ալյոշայի Հարությունյանը, որը, ասում են, իր ներդրումն ունի Պողոսյանի՝ ԳՇ-ում աշխատելու գործում:
Նշենք, որ ՀՀ ԶՈւ վարչակազմակերպչական վարչության գործառույթներն են՝
-ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումն ու կազմակերպչական, վարչաիրավական և վերլուծա-հսկողական ապահովումը,
-ԶՈՒ գլխավոր շտաբի կառուցվածքային ստորաբաժանումների փոխհարաբերությունների համակարգումը, ՀՀ պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի, գլխավոր շտաբի պետի տեղակալների հրամանները, կարգադրությունները, հանձնարարականները կատարողներին հասցնելը և կատարման հսկողությունը,
-ԶՈՒ գլխավոր շտաբի լիազորություններին վերաբերող օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման կազմակերպումը և սահմանված ընթացքի ապահովումը,
-ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավար կազմի ամենօրյա գործունեության համար անհրաժեշտ պայմանների ստեղծման ու նյութատեխնիկական միջոցներով ապահովման կազմակերպումը,
– Գլխավոր շտաբի պետի հրամանների, կարգադրությունների նախագծերի մշակումը, նախապատրաստումը, ստորագրման ներկայացումը և կատարողներին հասցնելը,
-Զինծառայողների, քաղաքացիների նամակների, բողոքների, առաջարկությունների և դիմումների ընդունումը, հաշվառումը և ուսումնասիրումը, դրանց պատասխանների նախագծերի նախապատրաստման կազմակերպումն ու ստորագրման ներկայացումը և այլն:
Թե նշվածից ի՞նչ գործառույթ է իրականացրել ԳՇ պետի խորհրդական ներկայացող Վլադիմիր Պողոսյանը, հայտնի չէ: