Պարզվում է՝ Օնիկ Գասպարյանի խորհրդականը Օնիկ Գասպարյանի խորհրդականը չի եղել  

Հունիսի 28-ին «Առավոտի» հետ հարցազրույցում ՀՀ Զինված ուժերի (ԶՈւ) Գլխավոր շտաբի (ԳՇ) նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը, մասնավորապես, ասել է.

«Ես ու իմ սպայական կազմը՝ Ջալալ Հարությունյանի ախպոր հետ, որը եղել է ոստիկանների շտաբի պետ, բարձրանում ենք Շուշի: Նայում ենք, որ քաղաքը պատրաստ չի ոչ մի բանի: Մենք գալիս ենք միլպետի մոտ, դա նոյեմբերի 4-ն էր: Ես ներկայանում եմ, որ ԳՇ պետի խորհրդական, …ասում եմ՝ ես շատ ուժեղ ջոկատ ունեմ՝ մինչև 4 հոգի, մենք լավ զինված ենք, բայց էդ քանակը քիչ է, որովհետև լավ ուժ է գալիս: Իրիկունը պատրաստում ես 100 հոգի կամավոր, ես կգամ ու Շուշին ես կփրկեմ: Ես ամեն ինչ անելու եմ, և թուրքը չի մտնելու քաղաք: Ջալալ Հարությունյանի ախպերը՝ Արտյոմ Հարությունյանը, կողքը կանգնած է եղել: Իրիկունը մենք գալիս ենք, անձնակազմը պատրաստ է: Իմ ջոկատում էղել են մոտավորապես 36 հոգի ժամկետային էրեխեք՝ 18-20 տարեկան, դրանք ասում են՝ հրամանատար, մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու….»:

Այս պատմության մեջ մեզ նախ հետաքրքրեց ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդականի ջոկատում 36 ժամկետայինների առկայությունը: Եվ 168.am-ը հուլիսի 3-ին հարցում ուղարկեց ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե ի՞նչ ջոկատի մասին է խոսքը, որոնք գործողության են փորձել պատրաստվել Շուշիի հատվածում, ինչպե՞ս են ժամկետայինները հայտնվել Պողոսյանի ջոկատում, ո՞ւմ թույլտվությամբ:

Հուլիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը ուղարկում է մեր հարցման պատասխանը: Առաջին բանը, որ զարմանք է հարուցում և հարցեր առաջացնում՝ Պաշտպանության նախարարությունը հերքում է Վլադիմիր Պողոսյանի՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական լինելը: Ի դեպ, սրա հետ կապված հարց չենք ունեցել, ուստի ՊՆ-ին ոչ մի հարց չենք էլ ուղղել:

Կարդացեք նաև

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 03.07.2023 հարցման՝ տեղեկացնում ենք, որ ԶՈՒ ԳՇ նախկին աշխատակից Վլադիմիր Սերգեի Պողոսյանը չի հանդիսացել ԶՈւ գլխավոր շտաբի պետի խորհրդական:

2020 թ. ռազմական գործողությունների ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի զինծառայողներից կազմվել են աջակցող խմբեր և գործուղվել են ռազմական գործողությունների գոտի՝ ռազմական կառավարման մարմինների ենթակայությամբ գործելու նպատակով:

Հարցման մեջ նշված՝ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին աշխատակցի՝ ռազմական գործողությունների գոտում գործունեության, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկատվության ԶՈՒ գլխավոր շտաբը չի տիրապետում»,- նշվում է ՊՆ գրության մեջ:

Այսինքն, Վլադիմիր Պողոսյանը, ըստ Պաշտպանության նախարարության, ներկայացել և ներկայանում է այն, ինչը չի՞ եղել, իսկ Օնիկ Գասպարյանն էլ թո՞ւյլ է տվել:

Ի դեպ, Պաշտպանության նախարարությունը թույլ է տվել թերացում և չի նշել՝ ինչ հաստիք է ունեցել ԳՇ նախկին աշխատակից Վլադիմիր Պողոսյանը, եթե չի հանդիսացել ԳՇ պետի խորհրդական, բայց այդ կարգավիճակով է ներկայացել:

Մենք լրացուցիչ հարցադրում կուղարկենք Պաշտպանության նախարարություն, քանի որ մեր կամքից անկախ՝ բախվել ենք հարցեր առաջացնող թեմայի, թեպետ պաշտպանական գերատեսչությունն իր պատասխան գրության մեջ արդեն իսկ պիտի գրեր այդ մասին, երբ հերքում է Պողոսյանի՝ ԳՇ պետի խորհրդական լինելու փաստը, բայցև նշում՝ «ԳՇ նախկին աշխատակից…»:

Երկրորդ, Վլադիմիր Պողոսյանը 44-օրյա պատերազմի օրերին եղել է դեռևս անհայտ հաստիք ունեցող ԳՇ աշխատակից, և պատասխանը, թե «ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին աշխատակցի՝ ռազմական գործողությունների գոտում գործունեության, այդ թվում՝ մարտական գործողություններին մասնակցության վերաբերյալ տեղեկատվության ԶՈՒ գլխավոր շտաբը չի տիրապետում», մեղմ ասած, տարօրինակ է և դարձյալ հարցեր է առաջացնում:

Ի վերջո, խոսքը նաև ժամկետային զինծառայողների՝ ինչ-որ ջոկատում գտնվելու մասին է:

Նշենք, որ 168.am-ը Պաշտպանության նախարարություն հարցումներ է ուղարկել՝ տարբեր ջոկատների և ռազմական դրության ժամանակ ձևավորված զորամասերի հետ կապված, այդ թվում՝ այն ստորաբաժանման մասին, որի կազմում մարտական գործողությունների է մասնակցել Աշոտ Փաշինյանը։

Եվ սա շարունակվելու է:

Տեսանյութեր

Լրահոս