Ի՞նչ է արվել կամ ի՞նչ չի արվել, որ բանակը կռվի և հաղթի. Դավիթ Տոնոյանի և Օնիկ Գասպարյանի մեսիջների հետքերով

Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր, որ պատերազմի 4-րդ օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 30-ին, ԱԽ նիստում ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը առաջարկել է կանգնեցնել պատերազմը։ Նա, մասնավորապես, ասել էր.

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»:

Այսինքն, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը համաձայն չի եղել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին: Սակայն 2021 թվականի հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, երբ նրան հարցրել էին, որ «Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը նշել է, որ 2-3 օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ, ինչպիսի՞ն է եղել Ձեր դիրքորոշումը», Դավիթ Տոնոյանը պատասխանել էր. «Գլխավոր շտաբի սառը հաշվարկի հիման վրա կատարված վերլուծությունը համաձայնեցված էր ինձ հետ»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ իրականում եղել է այս հարցում դիրքորոշումների տարբերություն, սակայն Պաշտպանության նախարարը և ԳՇ պետը փորձել են համաձայնեցված գործել: Իսկ թե սեփական սառը հաշվարկների հիման վրա երբ է Դավիթ Տոնոյանն ինքը գտել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, պարզ չէ: Իսկ հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը պատերազմը դադարեցնելու 5-րդ փորձն էր, և, որ հոկտեմբերի 7-ին, 9-ին, 13-ին և 19-ին հրադադար հաստատելու բանակցություններն արդյունք չեն տվել, քանի որ Ալիևը պարբերաբար նորանոր պահանջներ է ներկայացրել հայկական կողմին:

Կարդացեք նաև

Ի դեպ, 168.am-ին տված հարցազրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել էր, որ պատերազմը կանգնեցնելու մասին Փաշինյանին ասվել է սեպտեմբերի 30-ին էլ, հոկտեմբերի 7-ին էլ, ավելին, hարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում էլ Ալիևը համաձայնել էր զինադադարի:

«Պատերազմը կանգնեցնելու համար 2020 թվականի հոկտեմբերի 7-ին էլ են ասել (Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ին հեռախոսազրույցներ էր ունեցել Ալիևի և Փաշինյանի հետ, իսկ «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում Ալիևն ասել էր, որ քննարկել են՝ ինչպես և ինչ անել պատերազմը դադարեցնելու համար.- Մ.Պ.): Դրանից առաջ էլ պատերազմը կանգնեցնելու առաջարկ սեպտեմբերի 30-ին է արվել, կանգնեցրե՞լ են: Իսկ որ հարավային ուղղությամբ գործողությունների արդյունքում էլ Ալիևը համաձայնել է զինադադարի, իսկ սրանք չկնքեցին, դրա մասին ինչի՞ չեն խոսում: Խոսքը հակառակորդին լուրջ վնասներ հասցնելու մասին է: Վերջին հաշվով, նաև այլ հարցեր կան, որ պիտի գնահատվեն: Բաներ կան, որ հիմա ես չեմ կարող ներկայացնել»,- շեշտել էր գեներալը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը, օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքին, որ Թուրքիայի ներգրավվածությունն իրականացվում էր ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, ոչ թե Հայաստանի սահմանի ուղղությամբ, այլ, այսպես ասած, ձիու քայլով՝ արցախյան թատերաբեմում:

«Այսպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել, թերի է եղել, մենք չէինք հաշվարկել այդպիսի բան, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,- շարունակել էր պաշտպանության նախկին նախարարը:

Իսկ թե ինչու Թուրքիայի մասնակցությունը չի կանխատեսվել ռազմական գործողություներին, Տոնոյանն ասել էր, որ սպառնալիքները գնահատելիս հաշվի են առել նաև դաշնակցային հարաբերությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին ՀՀ մասնակցությունը:

Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ասել էր նաև, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- մանրամասնել էր նա:

Այդ ժամանակահատվածից սկսած, ըստ Տոնոյանի, 3 հանդիպում է ունեցել ՌԴ պաշտպանության նախարարի հետ:

Նախկին նախարարը կամա թե ակամա հաստատել է Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում ասածը՝ նշելով, որ իրավիճակը չսադրելու որոշակի դիմում է եղել։

«Որոշակի դիմում կար մեզ՝ չսադրելու, սառնասրտություն ցուցաբերելու, որը հնարավորինս իրականացվել է մեր կողմից, ամեն դեպքում F16-ի խոցումը ՊԲ ՀՕՊ-ի կողմից հնարավոր էր, բայց չէր կատարվում, քանի որ իրենց իսկ կողմից որոշված էր չսադրել իրավիճակը»,- նշել էր Դավիթ Տոնոյանը՝ հավելելով, որ երկու խումբ հանդիպումներ է անցկացրել F16-ի կիրառելիությունը չեզոքացնելու նպատակով` Հայաստանի դաշնակից ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ։

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Բայց ինձ մի քանի անգամ զեկուցվել է, որ մեր միջազգային գործընկերները նույնպես պատերազմը քիչ հավանական են համարում և կոչ են անում, որ ՀՀ ԶՈՒ-ն կտրուկ գործողություններ չիրականացնեն՝ այսպես ասած՝ չեղած տեղից պատերազմ չսադրելու համար: Եվ ես կարծում եմ, որ ԶՈՒ ԳՇ-ի ինձ տված զեկույցը նաև այս տեղեկատվության ազդեցությամբ է ձևավորվել: Ես անձամբ այդ գնահատականի հետ այդքան էլ համաձայն չէի: Իհարկե, միշտ իմ հրահանգը եղել է այն, որ պետք է բարձր զգոնություն ապահովել»:

Թուրքիայի մասնակցության կանխատեսելի լինել-չլինելու հետ կապված Դավիթ Տոնոյանի հայտարարության համատեքստում հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի նոյեմբերի 17-ի ուղերձում նշել էր, որ 2020-ի հունիսի 19-ի նիստում զգուշացրել է. «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:

Ի դեպ, 2021 թվականի հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարարին ևս հիշեցրել էին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ 2020 թվականի հունիսին ԱԽ նիստում արված այս հայտարարությունը և հարցրել, թե ինչպիսի՞ն է եղել Տոնոյանի դիրքորոշումը, ինչին նախկին նախարարը պատասխանել էր. «Նիստում զեկուցվել է ՊՆ և ԳՇ համակարգված և համաձայնեցված մոտեցումը»:

Հակադարձմանը՝ այդ դեպքում որքանո՞վ եք համարժեք համարում Տավուշում հուլիսյան մարտերի PR-արշավը, որը չէր կարող հավելյալ անհանգստություն չպատճառել Ադրբեջանին և Թուրքիային, Տոնոյանն արձագանքել էր.

«Ձեր նշած «PR-կամպանիան» ու Ադրբեջանին և Թուրքիային «լրացուցիչ անհանգստությունը» վերջին բաներն էին, որ մեզ՝ Զինված ուժերի ներկայացուցիչներիս, հետաքրքրում էին։ Ռազմական նպատակների հասնելու տեսանկյունից ԶՈՒ գործողությունները եղել են գրեթե անթերի: Բայց մեզ համար անսպասելի էր Ալիևի և ադրբեջանական էլիտայի անհավասարակշիռ կեցվածքը, որին գումարվեցին Թուրքիայի բավականին կոշտ «եղբայրական» հավաստիացումները՝ Հայաստանին պատժելու վերաբերյալ՝ «տարածաշրջանային իրողություններին չտիրապետելու և իրավիճակն ապակայունացնելու» համար»:

Այսինքն, Թուրքիայի ներգրավվածությունը Արցախում 2020 թվականի պատերազմին   այնքան էլ անկանխատեսելի չէր:

Իսկ այն, որ Օնիկ Գասպարյանը՝ որպես ԳՇ պետ, զգուշացրել է Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, չէր հերքել նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մասնավորապես, factor.am–ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել էր. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է։- Մ.Պ.)»:

Իսկ ԱԽ-ի՝ 21.08.2020-ի նիստի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր. «Հաջորդ գործոնը, որն արձանագրված է Ազգային անվտանգության ռազմավարության մեջ և շատ արագ արտահայտվեց, Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունն է մեր տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում: Կարծում եմ, որ Թուրքիայի ապակայունացնող և ապակառուցողական գործունեությունն էական անհանգստություններ և մտահոգություններ է առաջացնում՝ ինչպես Մերձավոր Արևելքի, այնպես էլ՝ Եվրասիական տարածաշրջանի, այնպես էլ՝ Եվրոպական տարածաշրջանի մեր գործընկերների մոտ»:

2020 թվականի նոյեմբերի 16-ին ԱԺ-ում Փաշինյանը նաև շեշտել էր. 

«2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու»:

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին տելեգրամյան ալիքները գրեցին, որ Ադրբեջանի ԳՇ պետը փախուստի մեջ է, ավելին, նրան այդ քայլին մղել են թուրք գեներալները:

Թուրք գեներալ-մայոր Բախտիար Էրսայի անունն էր շրջանառվում 44-օրյա պատերազմի օրերին թուրք այն գեներալների շարքում, որոնք մասնակցել են Արցախի դեմ պատերազմին:

Այս մասին, մասնավորապես, գրել էր ռուսական «Վզգլյադ» հրատարակչությունը, հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ-ում սեփական աղբյուրներին՝ հայտնել էր․

«Էրսայը գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիգովի հեռացումից հետո Ղարաբաղի դեմ օպերացիայի հարցերով նա անձամբ է ղեկավարում գլխավոր շտաբը։ Ավելին, օպերացիայի ընթացքի մասին հաշվետու է Թուրքիայի գերագույն ռազմաքաղաքական ղեկավարությանը»։

Այս մասին Թվիթերի իր էջում գրել էր նաև կանադացի պատմաբան և հրապարակախոս Մայքլ Միխայլովիչը՝ «Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանի ԳՇ-ն ղեկավարել է Թուրքիայի զինված ուժերի գեներալ Բախտիար Էրսայը»:

168.am-ը 2022 թվականի դեկտեմբերի 10-ին գրել էր, որ թուրք գեներալը նշանակվել է Ադրբեջանի ՊՆ խորհրդական՝ հաշվի առնելով, որ  ադրբեջանական բանակը փորձում են դարձնել թուրքական մոդելի բանակ:

Վերադառնանք Թուրքիայի ներգրավվածությանը 44-օրյային և Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե չի եղել հաշվարկ, որ Թուրքիայի ԶՈւ-ն անմիջապես կարող է հայտնվել արցախյան թատերաբեմից ընդամենը 45 կմ, 25 կմ հեռավորության վրա, և հիշեցնենք ևս մի քանի փաստ:

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը իր 2020 թվականի նոյեմբերի 29-ի գրառման մեջ ակամա խոստովանել էր, որ 2020-ի ամռանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու:

«Որևէ փուլում՝ այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում, գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»,- շեշտել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, որին մասնակցեցին երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ավելի ուշ պարզվեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարացվել են:

Այս ամենով հանդերձ, ինչո՞ւ էին թուրքական գործողություններն անակնկալ, չենք կարող ասել, իսկ թե ինչու Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները կանգնեցնելու զեկույց-առաջարկը Դավիթ Տոնոյանին այնքան էլ դուր չի եկել, ինչպես նա ակնարկեց օգոստոսի 1-ի Քննիչ հանձնաժողովում, թերևս, իր հարցաքննության ժամանակ էլ տվեց դրա պատասխանը:

«Ես իմ ենթականերին, պաշտպանության նախարարության ենթականերին, ոչ թե Գլխավոր շտաբի, որովհետև զինված ուժերի խնդիրն էր՝ կռվել և հաղթել, և միշտ է եղել այդպես: Իսկ պաշտպանության նախարարության խնդիրն էր՝ ապահովել, որ կռվեն և հաղթեն: Ընդ որում, ապահովությունը ոչ միայն սպառազինության և ռազմական տեխնիկայի առումով է, այլ և՛ ֆինանսական միջոցների, և՛ տեղեկատվական ապահովման, և՛ պաշտպանական քաղաքականության, որը պետք է ձևակերպվեր և իրականացվեր ճշգրիտ: Այսինքն, ձևավորվեին և խնդրավորվեին, դրա իրականացման համար պետք է ամեն ինչը արվեր»,- մանրամասնել էր Դավիթ Տոնոյանը:

Թե որքանով են պայմաններ ապահովվել, որ բանակը կռվի և հաղթի, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դրա պատասխանը տվել էր իր հունիսի 28-ի հայտարարության մեջ։

Նա մասնավորապես, նշել էր.

«2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:

Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Վերջին երկու տարվա ընթացքում 100%-ով լուծվել է պաշտպանության բանակում տեսադիտարկման համակարգերով համալրման հարցը, այնուամենայնիվ խնդիր ունենք այլ օպերացիոն ուղղություններում: Միաժամանակ առկա են տեսադիտարկման համակարգերի երկրորդ-երրորդ շերտերի ստեղծման խնդիրներ:

Խնդիրներ ունենք նաև ինժեներական, տեխնիկական, թիկունքային ու բժշկական ապահովումների առումով, մասնավորապես…:

Կարևոր է տանկերի կրակի կառավարման համակարգերի արդիականացումը, քանի որ զինված ուժերում շահագործվող տեխնիկան իրենց հիմնական մարտավարատեխնիկական ցուցանիշներով և տեխնիկական վիճակով չեն բավարարում ժամանակակից մարտի պահանջներին, առավել ևս գիշերային պայմաններում մարտ վարելուն…։

Արդիական խնդիր է զինամթերքի պահեստների ապակենտրոնացման հարցերը: ԶՈՒ զինամթերքի պահեստների ապակենտրոնացման, ըստ նորմերի շարակարգումն ապահովելու, օպերացիոն ուղղություններով կենտրոնացնելու, զորքերի կիրառման շրջաններին հնարավորինս մոտեցնելու և հակառակորդի հավանական հարվածներից դրանք պաշտպանելու համար ՀՀ զինված ուժերին անհրաժեշտ են զինամթերքի ստորգետնյա (թունելային տիպի) պահեստներ…:

Իրային գույքի պաշարները չեն ապահովում մարտական գործողությունների վարման սահմանված պահանջարկը (զորահամալրվող անձնակազմ, նոր կազմավորվող զորամասեր, օպերատիվ և զորային պաշարներ…»:

Այնուհետև Օնիկ Գասպարյանը հավելել էր.

«Դիվանագիտական թույլ աշխատանքի հետևանքով շրջափակման մեջ հայտնվելու պայմաններում, ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

«Ոչ մի քայլ հետ» սկզբունքի մասին ԱԽ նիստում հայտարարության համատեքստում գեներալ Գասպարյանը շեշտել էր.

«Կատարելու ենք մարտական խնդիրը մինչև վերջ` չի նշանակում մինչև հաղթանակ, այլ նշանակում է՝ ամենաբարդ իրավիճակում կռվելու ենք ջանքերի գերլարումով, մինչև վերջին հնարավորությունը»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ պաշտպանության նախարարությունը այնքան էլ լավ չի կատարել իր առաքելությունը, որ բանակը կռվի և հաղթի:

Ի դեպ, Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում խոստովանել էր, որ իր ամենամեծ պատասխանատվությունն այն է, որ չի կարողացել կանգնեցնել 44-օրյա պատերազմը:

«Իմ ռազմադիվանագիտական հմտությունները, իմ գիտելիքները, իմ կապերը բավարար չեղան, որ ես կանգնեցնեմ, պատերազմի սկիզբը չլինի»,- ընդգծել էր Տոնոյանը:

Իհարկե, պատերազմը կանխելը կամ կանգնեցնելն առաջին հերթին երկրի ղեկավարի կամ դիվանագիտական կորպուսի առաջին դեմքերի խնդիրն է: Այսինքն, պատերազմը վկայում է դիվանագիտության ձախողման մասին: Ավելին, Նիկոլ Փաշինյանը խոստովանել էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը` իհարկե, առանց զոհերի»:

Այսինքն, եթե ընդունենք, որ երկրի ղեկավարը կամ գերագույն հրամանատարը չի ցանկացել կանխել կամ կանգնեցնել պատերազմը, վատացրել է հարաբերությունները դաշնակիցների հետ, պաշտպանության նախարարին դժվար թե հաջողվեր անել դա: Այնպես որ, սա առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի պատասխանատվությունն է, որը, չգիտես՝ ինչու, Դավիթ Տոնոյանն իր վրա է վերցնում:

2021-ի ապրիլին «Սպուտնիկ Արմենիային» Օնիկ Գասպարյանն ասել էր.

«Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»:

Իսկ այս ամենի համալիր կազմակերպումը երկրի ղեկավարի գործն է…

Տեսանյութեր

Լրահոս