Բաժիններ՝

Եթե նմանաբնույթ գործերով ենթադրյալ մեղավորի անունը Հայրապետյան չէ, այլ, ենթադրենք, Սուքիասյան, ուրեմն նրա անունն առհասարակ պետք է մոռացության մատնել

Երեկ տեղեկացրել էինք, որ հուլիսի 22-ին news.am լրատվական կայքում հրապարակվել էր մի նյութ, ըստ որի՝ կայքի տեղեկություններով՝ նախորդ օրը երեկոյան միջադեպ էր տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը կայքին հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (նախկին «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ)  թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։

Ըստ գործարարի՝ իրեն զանգել ու հրավիրել են զրույցի: Թեման էլ եղել է գործարարի ու վերջինիս մորաքրոջ որդու միջև տարիներ առաջ եղած գործնական հարաբերությունն ու դրա հետ կապված գումարային հարցերը:

Հուլիսի 29-ին արդեն ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել շահադիտական դրդումներով քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

«Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 7-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Որոշում է կայացվել՝ քաղաքացուն տուժող ճանաչելու մասին:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում առգրավվել են տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները»,- մասնավորապես գրված էր ՔԿ հաղորդագրության մեջ:

168.am-ի հետ զրույցում երեկ ՔԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանն ասաց, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է:

Այս գործը մեզ հիշեցրեց մեկ այլ քրեական գործ, որի պարագայում, սակայն, իրադարձությունները զարգացան ձնագնդու էֆեկտով:

Խոսքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի, նրա որդու և վերջինիս ընկերների կողմից՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրի գործադիր մարմնի ղեկավարի նկատմամբ առերևույթ կատարված ինքնիրավչության, նրան ազատությունից ապօրինի զրկելու դեպքի մի շարք հանգամանքների մասին է՝ ըստ Քննչական կոմիտեի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 27-ից Հ.Շ.-ն աշխատել է Գեղարքունիքի մարզի Սևան-Դիլիջան մայրուղու՝ Ցամաքաբերդից հարավ (պանսիոնատ) տեղամասում գործող՝ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող, վերջինիս որդու սեփականությունը հանդիսացող «Նորալուսին» ՍՊԸ-ի «Հարսնաքար» ռեստորանահյուրանոցային համալիրում՝ որպես գործադիր մարմնի ղեկավար: Հ.Շ.-ն 2015-ի դեկտեմբերից մինչև 2016թ. հուլիսը Հայրապետյանների ընտանիքին պատկանող «Հայկական Բանկ» ԲԲԸ-ից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ, որի մի մասն օգտագործել է ռեստորանահյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու համար, իսկ մնացած՝ 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության և թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնադրելու համար:

Ահա այս, ի դեպ, իրենց պատկանող գումարը վերադարձնելու համար ու հարուցված համապատասխան քրեական գործով՝ որոշումներ են կայացվել Ռուբեն Ռաֆիկի Հայրապետյանին և Ռաֆիկ Ռուբենի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 5-րդ կետերով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ խմբի բացահայտված մյուս չորս անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ կետերով և 322-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Երբ օրենքի կիրառության ընթացքն ըստ իշխանության նպատակահարմարության է

Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում, կա կալանքի որոշում, ու թեպետ վերջինիս գտնվելու վայրը քաջ հայտնի է նախաքննական մարմնին, միևնույն է, նրան ՀՀ իրավապահ մարմինները հետախուզում են:

ՀՖՖ նախկին նախագահի որդուն չկալանավորեցին, բավարար հիմքեր չկային, ընտանիքը մինչ օրս ենթարկվում է հետապնդումների, իսկ ահա մոսկվաբնակ գործարարի ծեծի դեպքում դեռ որոշակի ոչինչ չկա:

Չկան անուններ, չի հանրայնացվում՝ ովքեր են ծեծել: Այդ անուններն այնպիսի սրբազան երկյուղով են գաղտնի պահվում, ասես խոսքն առնվազն իշխանություններին շատ մերձ գտնվող մարդու մասին է: Կալանավորված անձանց մասին խոսք անգամ չկա: Իշխանամերձ լրատվամիջոցներն օր ու գիշեր չեն թմբկահարում…

Ի դեպ, Ռուբեն Հայրապետյանի գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում, իսկ այս ծեծի գործը՝ ընդամենը Արաբկիրի բաժնում: Եվ դա՝ այն դեպքում, երբ այս պարագայում մարդիկ ուրիշի փողն են «ստանում»:

Այսինքն՝ քրեական ենթամշակույթի դեմ կատաղի պայքար մղող երկրում մարդուն կանչում են իրենց տարածք, ասում, որ՝ գիտե՞ս, այն փողը, որ դու մորաքրոջդ որդուն էիր պարտք, համարի՝ մեր փողն է, մենք պիտի ստանանք: Հետևանքը՝ դաժան ծեծ:

Հիմա ո՞նց հասկանանք այս գաղտնապատումը. ի վերջո, ովքե՞ր են ծեծել ռուսաստանաբնակ գործարարին, ու ինչո՞ւ՝ ինչպես Ռուբեն Հայրապետյանի դեպքում էր, այս անգամ էլ՝ կայծակնային արագությամբ չեն պարզվում ու հրապարակվում գործի հանգամանքներն ու կատարողների անունները:

Ի դեպ, միայն Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանի համառ պնդումներից ու փաստերի ու ապացույցների ներկայացումից հետո Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ իրենց իսկ հաղորդումից հետո քրեական գործ հարուցվեց:

«Հույս ունեմ, որ այս քրեական գործով նույնպես կձեռնարկվեն բոլոր հնարավոր միջոցները արտերկրում գտնվող Հայկ Շահնազարյանին ՀՀ վերադարձնելու ուղղությամբ… Հիշեցնենք, որ Հայկ Շահնազարյանն այն նույն անձն է, ում իբրև թե խոշտանգել ու ապօրինի ազատությունից զրկել էին Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ, սակայն Հայրապետյանի առնչությունը նշվածին դատարանը չհաստատեց, փոխարենը՝ օրեր անց քրեական գործ հարուցվեց Հայկ Շահնազարյանի կողմից առերևույթ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու փաստի առթիվ: Ափսոսում եմ, որ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը մոռացել է հանրությանը հայտնել նաև այս մասին, ինչպես արվեց Ռուբեն Հայրապետյանին առերևույթ մեղադրելու դեպքում…

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- գրել էր փաստաբան Ամրամ Մակինյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս