Բաժիններ՝

Մոսկվաբնակ գործարարին ծեծելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է

Հուլիսի 22-ին news.am լրատվական կայքում հրապարակվեց մի նյութ, ըստ որի՝ կայքի տեղեկություններով՝ նախորդ օրը՝ երեկոյան, միջադեպ էր տեղի ունեցել «ՍԻԼ Կոնցեռն» ՍՊԸ-ի հիմնադիր, գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող գրասենյակներից մեկում։

Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը կայքին հայտնել էր, որ Խաչատուր Սուքիասյանի կրտսեր եղբայրը Երևանի Զավարյան փողոցում գտնվող գրասենյակում (նախկին «Սիլաչի» հյուրանոցի հարևանությամբ)  թիկնապահի հետ ծեծի է ենթարկել իրեն։

Ըստ գործարարի՝ իրեն զանգել ու հրավիրել են զրույցի: Թեման էլ եղել է գործարարի ու վերջինիս մորաքրոջ որդու միջև տարիներ առաջ եղած գործնական հարաբերությունն ու դրա հետ կապված գումարային հարցերը:

«Գնացի Սիլաչիի կողմերը, իրենց տարածքն էր, Ռուբենն ու ախռաննիկներն էին։ Ռուբենն ասաց՝ մեր փողն ա, մեզ պետք ա տաս էդ փողը, ասացի՝ ես ոչ մեկին փող պարտք չեմ։  Սկզբում ասացին, իբր 80.000 ԱՄՆ դոլար եմ պարտք, հետո՝ 200.000 դոլար։ Ռուբենն ասաց՝ քեզ  երկու օր ժամանակ, եթե 200.000 դոլար չբերես, ուրեմն տունդ վարի կտանք, տանդ տեղն էլ գիտենք, քեզ էլ գիտենք։ Ես ասացի՝ ոչ մեկին էլ պարտք չեմ, ու էդ խոսքիս վրա Ռուբենն  ու իր ախռանի պետ Արտաշը սկսեցին հարվածել ինձ, դեմքիս ու գլխիս էին խփում, քիթս ջարդել են։ Ինձ ասացին՝ աջ ու ձախ չանես, ոչ մի տեղ չգնաս, չբողոքես, մեկ ա՝  վարչապետն էլ ա մեր յանից, ոստիկանությունն էլ»,- ասել էր Կարապետյանը՝ հավելելով, որ ամբողջ գիշեր անցկացրել է հիվանդանոցում, որտեղ քթի վիրահատության է ենթարկվել, սակայն, հաշվի առնելով, որ կորոնավիրուսով պայմանավորված՝  հիվանդանոցում տեղ չի եղել մնալու, գնացել է տուն։

Հուլիսի 29-ին արդեն ՀՀ Քննչական կոմիտեն (ՔԿ) հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթ է ընդունվել շահադիտական դրդումներով քաղաքացուն ազատությունից ապօրինի զրկելու, առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

«Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի (ազատությունից ապօրինի զրկելը) 2-րդ մասի 7-րդ կետով և 182-րդ հոդվածի (շորթում) 3-րդ մասի 2-րդ կետով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որի հետագա նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Որոշում է կայացվել՝ քաղաքացուն տուժող ճանաչելու մասին:

Իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ հարցաքննություններ, դեպքի վայրի լրացուցիչ զննություն, որի ընթացքում առգրավվել են տարածքում առկա տեսախցիկների տեսագրությունները»,- մասնավորապես գրված էր ՔԿ հաղորդագրության մեջ:

Դեպքից և մամուլի հրապարակումներից  հետո Խաչատուր Սուքիասյանի խոսնակ Աննա Մկրտչյանը հերքել էր: «Հայտնում ենք, որ այսօր առավոտվանից լրատվական մի շարք կայքերում տարածվել է լուր, թե իբրև ծեծ է եղել, որին մասնակից է եղել Ռոբերտ Սուքիասյանը: Հայտնում եմ, որ Սուքիասյաններից ոչ ոք ծեծի մասնակից չի եղել, այդ ամենը հորինվածք է…»,- գրել էր նա:

168.am-ի հետ զրույցում այսօր ՔԿ մամլո խոսնակ Ռիմա Եգանյանն ասաց, որ այս գործով նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս