Միացյալ Նահանգներն այլևս օգտակար չի՞ համարում Մինսկի խումբը․ ինչո՞ւ է ԱՄՆ նախկին համանախագահը խոսում ՄԱԿ-ի դերակատարման մասին
Տավուշյան սրացման ֆոնին ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նախկին համանախագահ, դեսպան Ռիչարդ Հոգլանդն ուշագրավ հայտարարություններ է արել՝ խոսելով Արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։ Դեսպան Հոգլանդը նշել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն Քովիդ-19-ի հետ կապված, բայց այդ նույն խնդիրներն ունեն նաև ԱՄՆ-ը, Եվրոպան, Ռուսաստանը։
«Միանգամայն անհասկանալի է, թե որ կողմն է որոշել առաջինը խախտել զինադադարը, սակայն դա նաև կարող է լինել հարմար ժամանակ, երբ ամենքը զբաղված են սեփական խնդիրներով»,- ասել է Հոգլանդը։
Մինսկի խմբի կողմից իրավիճակի լարումը թույլ չտալու, նրա դերակատարման հետ կապված՝ Հոգլանդը նշել է, որ ոչ պաշտոնական զրույց է ունեցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։
«Այս պահին նրանք չեն կարող իրականացնել դիտորդական առաքելություն զինված գոտում։ Այսօրվա իրավիճակը տարբերվում է նախկինից։ Մինսկի խումբը մեծ ջանքեր գործադրեց լարվածությունը նվազեցնելու և ստատուս-քվոյին վերադառնալու ուղղությամբ։ Բայց ես զգացում ունեմ, որ Մինսկի խումբը չի կարող լուծել այս խնդիրը, ցավոք»,- նման տեսակետ է հայտնել դեսպան Հոգլանդը։
Իսկ թե տարիների ընթացքում որքանո՞վ է արդյունավետ գործել Մինսկի խումբը, դեսպան Հոգլանդն ասել է, որ իր անձնական տեսակետն է, որ ամենալավ մտադրության դեպքում էլ, առանց ներգրավված կողմերի լիակատար աջակցության, ինչպես նաև Ռուսաստանի նման մեծ տերության աջակցության, Մինսկի խումբը պարզապես չի կարող լուծել այս խնդիրը։ Բացի կողմերի քաղաքական կամքի բացակայությունից, ըստ Հոգլանդի, հակամարտության չկարգավորման հիմքում ՌԴ քաղաքականությունն է։
Նրա կարծիքով, եթե ՌԴ-ն իսկապես ցանկանար լուծել այս խնդիրը, ապա հավանաբար ավելի ակտիվ միջոցներ կձեռնարկեր։
Եվ, որ ամենաուշագրավն է, դեսպան Հոգլանդը նշել է, որ ունի անձնական տեսակետ և չի կարծում, թե Մինսկի խումբը երբևէ կկարողանա լուծել այս խնդիրը, քանի դեռ երկու կողմերը չեն հայտարարել, որ ժամանակն է կարգավորել այն։
«Ուստի ո՞րն է մյուս ճանապարհը․ Մադրիդյան սկզբունքները, Լավրովի ծրագիրը մերժվեցին այս կամ այն կողմից։ Ես անձամբ կարծում եմ, որ այն պետք է դառնա ՄԱԿ-ի խնդիր, և միակ ճանապարհը կլինի, որ Լեռնային Ղարաբաղն անորոշ ժամանակով դրվի ՄԱԿ-ի պրոտեկտորատի տակ։ Եվ հետագայում, տարիներ անց, երբ միգուցե հույզերը նվազեն, այդ դեպքում երկու կողմերն էլ կարող են առաջ քաշել իրենց ցանկություններն ապագայի համար՝ ՄԱԿ-ի առաջնորդության ներքո։ Սա իմ անձնական տեսակետն է, որին հանգել եմ համանախագահ լինելու ընթացքում»,- ասել է Հոգլանդը։
ԱՄՆ նախկին ժամանակավոր համանախագահ Հոգլանդի կարծիքը ոչ միանշանակ է ընդունվել ռուսական փորձագիտական շրջանակներում։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն այն կարծիքին է, որ Հոգլանդն ամենևին էլ պարզապես անձնական կարծիք չի հայտնում:
Ըստ նրա՝ նա հեղինակավոր մասնագետ է՝ իր գործի գիտակը, ով հիմնականում արտահայտում է ԱՄՆ Պետդեպում առկա տրամադրություններն այս կամ այն խնդրի կարգավորման վերաբերյալ։ Տարասովը չի բացառում, որ Հոգլանդը փորձում է առաջ ընկնել իբրև թե Մոսկվայից, քանի որ կան արևմտյան փորձագետներ, որոնք կարծում են, թե Ռուսաստանը կհայտարարի Ղարաբաղի նկատմամբ նման վերահսկողություն սահմանելու մասին, դրա մասին պայմանավորվելով հակամարտող կողմերի հետ։
«Այն, ինչ նա հայտարարում է հիմա, պատահական չէ։ Հնարավոր է, որ Վաշինգտոնի դիրքորոշումը սկսում է փոխվել»,- նշել է Տարասովը։
Բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը մեզ հետ զրույցում ասաց, որ այս գաղափարները ժամանակ առ ժամանակ սկսել են ակտիվ քննարկվել փորձագետների կողմից՝ փակուղային իրավիճակներում խուսափելով վիճակի վատթարացումից։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև մրցակցությունը մշտապես արտահայտվել է նաև Արցախյան կարգավորման հարցում մտավախությունների շքերթով։
Ըստ նրա՝ Արևմուտքում մշտապես կարծիքներ են եղել, որ նման հավակնություններ գուցե հայտնի Ռուսաստանը, Ռուսաստանում՝ որ նման ցանկություն ունի Արևմուտքը, և անընդհատ աննկատ պայքար է եղել համանախագահ երկրների միջև նաև նախաձեռնությունների հարցում։ Նրա դիտարկումների համաձայն՝ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները մշտապես փորձել են վերահսկել և հավասարակշռել միմյանց։
«Դա մինչև վերջերս շարունակվել է ամերիկյան կողմի շատ թույլ ներգրավմամբ։ Ես կարծում եմ, որ այդ սցենարը լինի Ռուսաստանի թե ՄԱԿ-ի ներքո, անցանկալի զարգացում է բոլոր կողմերի համար։ Նման տրամադրությունների առարկայացման դեպքում կարևոր են լինելու հենց հակամարտող կողմերի դիրքորոշումները։ Ի դեպ, նման բանի առարկայացման մասին, կարծում եմ, կխոսեն շատ սուր սցենարների և ոչ լոկալ բռնկումների դեպքում։ Ինչպես հասկանում եմ, այն նաև խնդիրներ կստեղծի համանախագահ երկրների միջև։ Շատ են խոսել նաև այն մասին, որ Մինսկի խումբն իսկապես չի ապահովում այն մակարդակը, որը կարող է ազդել կողմերի վրա, լուծել հակամարտությունը, սա մշտապես քննարկվող հարց է, այդ մասին խոսել են նաև ռուս փորձագետները, զուգահեռաբար եղել է մեծ աջակցություն՝ ուղղված Մինսկի խմբի ձևաչափի պահպանմանը, քանի որ, եթե այն հեղինակազրկվի, ապա հակամարտության գոտում տիրող իրավիճակը կանկայունանա, քանի որ դա միակ հարթակն է կարգավորման և կողմերի միջև հանդիպումների կազմակերպման։ Մեկ անգամ չէ, որ խոսվել է կազմի փոփոխման մասին, առաջացել են տարաձայնություններ կողմերի և համանախագահ երկրների միջև։
Մյուս դիտարկումս այն է, որ գուցե պատահական հայտարարություն չի եղել համանախագահի կողմից, բայց պետք է դիտարկել ամերիկյան քաղաքականությունը, որը վերջին տարիներին բավականին հեռու է դիրքավորված տարածաշրջանից և հազիվ թե այս մասով կոնկրետ այլ ռազմավարություն լինի այս պահին։ Իհարկե, չի բացառվում նաև, որ փոխվի այդ ռազմավարությունը։ Հակված եմ կարծել, որ արտահայտվել է անձնական նկատառում, կարող են լինել նաև տրամադրություններ որոշ շրջանակների մոտ, բայց դա վերագրել՝ որպես կոնկրետ ռազմավարական ուղղության, սխալ կլիներ։ Հակամարտությունը տասնամյակներով չի կարգավորվում, և դիվանագետներն անընդհատ նորանոր ձևաչափերից կամ կարգավորման փաթեթներից են խոսում, այնինչ հարցը մեկն է և այդ մասին խոսել է նաև այս համանախագահը, որ կողմերը չունեն նման պատրաստակամություն և այս պայմաններում բոլոր հարվածներն ուղղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբին, այդ թվում՝ կողմերի կողմից, որ նրանք չեն կարողանում ազդել, պարտադրել և այլն։ Բայց Մինսկի խմբում միջնորդներ են, նրանք չեն կարող պարտադրել որևէ դիրքորոշում կամ լուծում, լուծումը պետք է բանակցեն կողմերը»,- ասաց Մաքֆարլեյնը։