Ներկաներ և նախկիններ

Հայաստանում վերջին երկու տարիների իշխանական քաղաքական-հասարակական, կամ միայն այսօր իրենց նախկին «ընդդիմադիր» հռչակած գործիչների հիմնական քննադատական խոսքը, ցանկացած հարցի քննարկման ժամանակ, ուղղվում է «նախկիններին»․ «Այս ամենի պատճառը նախկին հանցավոր, կոռումպացված և այլն իշխանություններն են․․․»։ Եվ նույնիսկ, եթե մեղմորեն քննադատում են ներկաներին, ապա պարտադիր հիշեցնում են, որ այն չի նշանակում, որ «նախկինները» պետք է ոգևորվեն։

Ցավոք, այս ամենը տեսել և լսել եմ։ Չանդրադառնամ 1990թ․ իշխանափոխությանը, երբ նախկին կոմունիստական ռեժիմին նույնպես այպանում էին, սակայն այսօրվա քննադատությունները մեկը մեկին ինձ հիշեցնում են 1998թ․ իշխանափոխությունից հետո ստեղծված իրավիճակը․ «․․․Նախկին ՀՀՇ-ական ռեժիմը, անպատժելիության մթնոլորտը, քաղաքական սպանություններ և այլն»։ Եվ երբ այն ժամանակվա «նախկինները» փորձում էին քննադատել «նորերին», նրանց բոլորը սաստում էին․ «դուք լռեք, հա․․․»։

Բայց պետականության ավանդույթներ չունեցող և «ժողովրդի մասին մտածող» փրկիչ փնտրող հանրությունն ամեն ինչ «մոռանալու» հատկություն ունի և, ի տարբերություն այլ ժողովուրդների, ավելի շատ է դառնում քարոզչության զոհ։ Ահա և այս է պատճառը, որ տարբեր անձեր՝ քաղաքական շահերից ելնելով, գիտակցված, մյուսներն էլ՝ մոդայից ետ չմնալու համար, անգիր արած կրկնում են «վերջին քսան տարիներ» կախարդական բառերը՝ մոռանալով 90-ականների մղձավանջը։

90-ականների «ականավոր» գործիչներն այլևս «նախկիններ» չեն, և նրանցից ոմանք «Նոր Հայաստանում» զբաղեցնելով կամ ակնկալելով պաշտոններ՝ այսօր մեծ ոգևորությամբ հայհոյում են «նախկիններին»։

Ի դեպ, կուզենայի հարցնել մեր «առաջադեմ» գործիչներին․ Ո՞ւմ նկատի ունեք՝ «նախկիններ» ասելով, միայն ՀՀԿ-ական պատգամավորներին և նախարարների՞ն, դատաիրավական համակարգի աշխատողների՞ն, թե՞ միայն վերջին քսան տարիների բոլոր պաշտոնյաներին։

Հիշեցնեմ, 1998թ․ իշխանափոխությունից հետո ՀՀՇ-ական բազմաթիվ գործիչներ դադարեցին լինել «նախկիններ» և բարեհաջող կերպով հանգրվանեցին ՀՀԿ-ում կամ նրա արբանյակ կուսակցություններում։ Ողջ դատաիրավական «կոռումպացված» համակարգը դարձավ այն ժամանակվա «ներկաներին» ծառայող և, ամենակարևորը՝ ԵԿՄ-ն, որը ՀՀՇ-ի հիմնական ոչ ֆորմալ ուժային հենարանն էր, «ներկա» ստացավ։ Անձերից առանձնապես չեմ սիրում խոսել, բայց «նախկիններ» էին և են թե Մանվել Գրիգորյանը, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, որոնք և 90-ականներին էին «նախկին», և 98-ի իշխանափոխությունից հետո էլ, և միայն 2008թ․ դարձան կամ դառնում էին «ժողովրդի» կողքին կանգնած գործիչներ (ո՞ւր մնաց 20 տարին)։ Իսկ ԵԿՄ-՞ն՝ իր ողջ կազմով։

Ինչ վերաբերում է այսօրվա «ժողովրդի» իշանության գործիչներին, ապա և՛ խորհրդարանում, և՛ կառավարության կազմում նույնպես կան «նախկիններ», էլ չասենք ողջ դատաիրավական համակարգի մասին, որոնք հիմնականում նույն ջանասիրությամբ ծառայում են ներկաներին։

Այս ամենից հետո կարելի է եզրակացնել, որ «նախկիններ» ասելով՝ մեր «առաջադեմ» գործիչները նկատի ունեն միայն այն ՀՀԿ-ականներին, ովքեր մնացին ՀՀԿ-ական, Ռոբերտ Քոչարյանին սատարողներին, ինչպես նաև «ժողովրդի» իշխանությանը նույնիսկ մեղմ քննադատողներին (օրինակ՝ Էդմոն Մարուքյան)։

Իսկ իրականում ի՞նչ տարբերություն կա նախկինների և ներկաների միջև։

Միևնույն համակարգի դեպքում (պայմանականորեն՝ միապետական կամ ժողովրդավարական), իշխանական անձանց փոփոխությունները կամ չեն նկատվում, կամ ինչ-որ չափով կախված առաջին դեմքից՝ կարող են երկրի սոցիալ-տնտեսական վիճակը մի փոքր լավացնել, կամ հակառակը, ոչ ավելին։

Օրինակ, որքա՞ն մեծ է եղել կառավարման որակի տարբերությունը Գերմանիայում ժողովրդավարական կարգեր հաստատելուց հետո, Կոնրադ Ադենաուերից մինչև Անգելա Մերկել։ Կամ դիտարկենք միապետական համակարգերը։ Եղե՞լ են արդյոք կառավարման որակի մեծ տարբերություններ Ֆրանսիայի թագավորներ Լյուդովիկոս 1-ից մինչև Լյուդովիկոս 16-րդ։ Անհատական որակներով, թերևս, առանձնացել են Լյուդովիկոս 14-րդը՝ իր փառասիրությամբ, ինչպես նաև Լյուդովիկոս 16-րդը՝ իր թուլակամությամբ, որն էլ հանգեցրեց արյունոտ հեղափոխության։ ԽՍՀՄ-ում, եթե դիտարկենք հետստալինյան շրջանը, նույնպես մեծ տարբերություններ չկային Գլխավոր քարտուղարների կառավարումների մեջ։ Ինչ վերաբերում է Հայկական ԽՍՀ-ի Կենտկոմի առաջին քարտուղարներին, ապա մինչև հիմա նույնպես վեճեր կան՝ Դեմիրճյա՞ն, Քոչինյա՞ն, թե՞ Զարոբյան։

Այժմ փորձենք այս տեսանկյունից դիտարկել Հայաստանի Հանրապետության պետական համակարգի առանձնահատկությունները։

Արդեն 1991թ․ նախագահական ընտրություններով սկսվեց, իսկ 1995թ․ սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը դարձավ անունով կիսանախագահական, իրականում՝ միապետական համակարգ ունեցող պետություն։ Հիշեցնեմ, որ միապետական համակարգ նշանակում է՝ չունենալ իշխանության թևերի տարանջատում։ Այդ համակարգի շուրջ 27 տարիների ընթացքում ունեցել ենք երեք միապետներ, որոնց առանձին-առանձին կառավարման տարիներն էականորեն չեն տարբերվել։ Սակայն մեր հասարակությունը, կախված անձի նկատմամբ իր համակրանքներից և հակակրանքներից, նաև տուրք տալով կազմակերպված քարոզչությանը՝ մեծարում է մեկին և փնովում մյուսին։ 2015թ․ սահմանադրական փոփոխություններով միապետական «կիսանախագահական» համակարգը փոխարինվեց միապետական «վարչապետական» համակարգով։

Եվ, փաստորեն, նույն նախորդ միապետական կառավարման համակարգը ժառանգվեց հեղափոխական Նիկոլ Փաշինյանին։ Ոչ միայն ժառանգեց, այլև առավել «արդյունավետ» սկսեց օգտագործել իրեն կից ուժային և իրավական կառույցները (Ոստիկանություն, ԱԱԾ, ՀՔԾ, ՔԿ, ՊԵԿ)՝ քաղաքական հակառակորդներին սաստելու, ահաբեկելու, պատժելու համար։

Արդ, ինչո՞վ է տարբերվում Նիկոլ Փաշինյանն իր նախորդներից։ Հրաժարվեցի՞ն նաև նրա կուսակիցները արդյոք այն արտոնություններից, որոնք «նախկիններն» ընդունել էին իրենց բարեկեցության համար՝ կառավարական առանձնատներ, ծառայողական մեքենաներ, բազում թիկնապահներ և օգնականներ, և այլն։ Ոչ միայն չհրաժարվեցին, այլև է՛լ ավելի ուռճացվեց պետական, չինովնիկական ապարատը, վարչապետն ավելի ուժեղացրեց սեփական անվտանգությունը՝ թիկնապահներով, ուղեկցող մեքենաներով։

Վարչապետ դառնալու իսկ առաջին օրը Նիկոլ Փաշինյանը տեղափոխվեց կառավարական առանձնատուն, հետո էլ նորոգեց և տեղափոխվեց առավել շքեղ առանձնատուն։

Աջուձախ ասում են՝ այժմ կոռուպցիա չկա։ Իսկ բազմամիլիոնանոց պարգևավճարնե՞րը։ Թե՞ «օրինականացված» կոռուպցիան կոռուպցիա չէ։ Մամուլը լցված է մեկ անձից կամ նոր գրանցված կազմակերպությունից անվերջ պետական գնումներ կատարելու փաստերով։ Իսկ ծխախոտային մինչ այժմ հիմնավոր չհերքված մաքսանենգության սկանդա՞լը։

Այնպես որ, երբ համակարգը նույնն է մնում, երբ գործադիր իշխանության ղեկավարը «վոժդ» է, և նրան են ենթարկվում և նրա հանձնարարականները կատարում ողջ դատաիրավական և ուժային համակարգերը, ներեցեք՝ մենք չունենք «նախկիններ ու նորեր», այլ միայն «նախկիններ»՝ նոր դեմքերով։

Ավելին, այսօրվա իշխանություններն ավելի «նախկին» են, քան «նախկինները», քանի որ ԱԺ-ում ունեն սահմանադրական մեծամասնություն, վարչապետին 88 անվերապահորեն նվիրյալ կոճակ սեղմողներ և «հեղափոխական մեծամտություն»։ Եթե սրան գումարենք նաև «նախկինների» կողմից բարեհաջող կերպով փորձարկված քաղաքական տեխնոլոգիան, այն է՝ ԱԺ խցկել արմատական ընդդիմությանը բուֆեր հանդիսացող ձեռնասուն ԲՀԿ-ն։

Այնպես որ, հարգելի այսօրվա ընդդիմադիր գործիչներ, մի՛ տրվեք սադրանքների և մի՛ արդարացեք, թե դուք կապ չունեք «նախկինների» հետ։ Հակադարձե՛ք, որ «նախկինները» հենց «նորերն» են, նույն նախկին կառավարման համակարգով, ավելի մեծամիտ և ինքնավստահ, բայց և առավել ոչ պրոֆեսիոնալ, վկա՝ համաճարակի դեմ «արդյունավետ պայքարը»։

Եվ ևս մեկ անգամ, հարգելի ընդդիմադիրներ, երբ հասնեք իշխանության (այն, կարծում եմ, սարերի ետևում չէ), մի՛ դարձեք «նախկիններ», իսկապես բարեփոխեք համակարգը, առանձնացրեք ուժային և իրավական կառույցները ձեր վերահսկողությունից և հրաժարվեք բազում իշխանական արտոնություններից ու վայելքներից՝ թողնելով միայն ամենաանհրաժեշտ ծառայությունները։ Այդ ժամանակ կարող ենք ասել, որ դուք կառուցում եք պետություն և «նախկիններ» չեք։

Ունե՞նք, արդյոք, այս որակի ընդդիմադիր քաղաքական ուժ և այս բարեփոխումները պարտադրող հասարակություն։ Կասկածում եմ․․․

Տեսանյութեր

Լրահոս