
Երկու բևեռ չի, չորս է. Արմեն Մանվելյան
«ՀայաՔվե» միավորման վարչության անդամ, միջազգայնագետ Արմեն Մանվելյանը չի կիսում 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պնդումը, թե ընդդիմադիր դաշտում գործող ընդամենը երկու մեծ բևեռ կա՝ մեկն իր ղեկավարած «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի նոր ստեղծելիք ուժը։
«Երկու չի, չորս է, գուցե, ավելին,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց Մանվելյանը՝ մանրամասնելով,- Ես չեմ ուզում մեկնաբանել 2-րդ նախագահին, թե նա ինչ է ասել։ Ես տեսնում եմ, որ կան ավելի շատ բևեռներ։ Մենք սոցիոլոգիական հարցումներ ենք անցկացնում և տեսնում՝ կա 4 տիպի խումբ, որոնք քաղաքականապես ակտիվ են և ունեն շանս»։
Նրա խոսքով՝ սոցիոլոգիական տարբեր հարցումներ ցույց են տալիս, որ Հայաստանին պետք է նոր քաղաքական մշակույթ, նոր դեմքեր, նոր գաղափարներ, իսկ քաղաքական նոր դեմքերը պետք է մի քանի ճակատով պայքարեն այս իշխանության դեմ։
«Կրկնում եմ՝ Փաշինյանի իշխանության դեմ պետք է պայքարել մի քանի ճակատով. պետք չէ հավատալ, թե հնարավոր է մեկ ճակատով գնալ պայքարի։ Ես տեսնում եմ 4 ճակատ, չորս տարբեր խմբեր»,- ասաց Արմեն Մանվելյանը՝ ընդգծելով՝ հասարակության տարբեր շերտերի մոտ այս պատկերն է, որովհետև կա քաղաքական նոր մշակույթի պահանջարկ։
Հարցին՝ ինչո՞ւ 7 տարի շարունակ այդ նոր ուժը չի ձևավորվում, Արմեն Մանվելյանը պատասխանեց.
«Կարող եմ խոսել կոնկրետ մեր՝ «ՀայաՔվեի» անունից, որը մինչև հիմա գործում է՝ որպես քաղաքացիական միավոր։ Հիմա կա պահանջարկ, որ «ՀայաՔվեն» արդեն դառնա քաղաքական միավոր։ Քննարկում ենք նման հայտ ներկայացնելու հարցը»։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։