
«Սուր հովարներ»-ի ստեղծողը կգրի Ջեյմս Բոնդի նոր ֆիլմի սցենարը

Բրիտանացի սցենարիստ Սթիվեն Նայթը («Սուր հովարներ») կդառնա Ջեյմս Բոնդի մասին պատմող 26-րդ ֆիլմի հեղինակը, հաղորդում են մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում՝ Variety-ն:
Ռեժիսորական աթոռն արդեն վստահվել է Դենի Վիլնյովին («Դյունա»), սակայն գլխավոր դերակատարը դեռ հայտնի չէ։ Հնարավոր թեկնածուների շարքում հիշատակվել են Թոմ Հոլանդի, Ջեյքոբ Էլորդիի և Հարիս Դիքինսոնի անունները։
Ֆիլմի արտադրությամբ զբաղվելու է Amazon MGM Studios-ը, իսկ պրոդյուսերներն են Էմի Փասքալը («Սարդ-մարդը») և Դեյվիդ Հեյմանը («Հարի Փոթթեր»): Պրեմիերայի օրը դեռևս չի հայտարարվել։
Նայթը նաև հեղինակել է «Մարիա» և «Սփենսեր» կենսագրական դրամաները, ինչպես նաև աշխատել է «Տաբու» սերիալի վրա։ Այս տարի Netflix հարթակում կցուցադրվի «Սուր հովարներ»-ի լիամետրաժ շարունակությունը, որը ևս գրված է Նայթի կողմից։