
Մենք ուզում ենք, որ ամերիկացի քրիստոնյաները տեսնեն, թե ինչ է կատարվում, որպեսզի կարողանան պաշտպանել. «Փրկեք Հայաստանը» կազմակերպության անդամները՝ առաքելության մասին
Հերթական այցով Հայաստանում է ամերիկացի քրիստոնյա առաջնորդների բարձրաստիճան պատվիրակությունը․ «Փրկեք Հայաստանը» կազմակերպության և «Թուֆենկյան» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմված պատվիրակության անդամներն այցելել են Սյունիքի սահմանամերձ համայնքներ, հանդիպել ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ և քննարկումներ ունեցել հոգևոր ու աշխարհիկ դասի բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների հետ։
Save Armenia հուդա-քրիստոնեական դաշինքի փոխտնօրեն Դեն Հերին 168.am-ի հետ կարճ զրույցում տեղեկացրեց՝ իր առաջին այցը չէ Հայաստան, սակայն նա ամեն անգամ տպավորվում է հին քրիստոնեական ժառանգությամբ հայտնի մեր երկիր այցով։
«Փրկեք Հայաստանը» կազմակերպությունը գոյություն ունի արդեն մոտ երեք տարի, և մեր առաքելության հիմքում ամերիկացի քրիստոնյաներին իրենց հայ քրիստոնյա եղբայրների և քույրերի մասին իրազեկելն է։ Տարին մեկ կամ երկու անգամ մենք առաջատար ամերիկացի քրիստոնյաների պատվիրակություններ ենք բերում Հայաստան՝ անձամբ տեսնելու նրանց առջև ծառացած մարտահրավերները, մասնավորապես՝ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ներկայացվող սպառնալիքը։ Մենք ուզում ենք, որ ամերիկացի քրիստոնյաները տեսնեն, թե ինչ է կատարվում, որպեսզի կարողանան պաշտպանել և խոսել նրանց անունից»,- մեզ հետ զրույցում պատմեց «Փրկեք Հայաստանը» նախաձեռնության փոխտնօրենը։
Կազմակերպության ու նրա ստեղծման պատմությունը լսեցինք նաև Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանից։
«Ավելի քան 25 տարի մեր հիմնադրամը բավականին մեծ գործունեություն է ծավալել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Արցախում։ Եվ հիմա՝ մեր հիմնական աշխատանքները վերաբերում են տեղահանված արցախցիներին․ փորձում ենք լայնամասշտաբ վերաբնակեցման ծրագրեր իրականացնել Սյունիքում։
«Save Armenia» կազմակերպությունը մեր քույր հաստատությունն է։ Մեր հիմնադիրը՝ Ջեյմս Թուֆենկյանը, նաև հիմնեց այս հիմնադրամը, որ զբաղվի ամերիկյան քրիստոնյա շրջանակներով՝ նրանց քաջալերելով հետաքրքրվել Հայաստանով՝ որպես ամենահին քրիստոնյա ազգ, որպես այսօր քրիստոնեության խոցելի զանգված»,- մանրամասնեց Անդրանիկ Գասպարյանը։
Մեր զրուցակիցը նշեց` կազմակերպությունը շարժվում է երեք ուղղություններով՝ տեղեկատվական-քարոզչական, քաղաքական և մարդասիրական, բարեգործական։
Ի դեպ, մեր զրույցի ընթացքում տեղեկացանք, որ կազմակերպության ներկայացուցիչներն այս օրերին հանդիպել են Արցախի թեմի առաջնորդ Վրթանես Սրբազանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԽՔ Արմեն Գրիգորյանի, սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։
Անդրանիկ Գասպարյանից փորձեցինք տեղեկանալ, թե «Save Armenia» նախաձեռնության անդամների և Հայաստանի քաղաքական ու հանրային շրջանակների հետ հանդիպումների ժամանակ հիմնականում ի՞նչ հարցեր ու մտահոգություններ են շոշափվում։
«Այս պատվիրակությունում քաղաքական դեմքեր չեն, թեև առնչվում են ինչ-ինչ հարցերի․ այնպես որ, չեմ կարող ասել, որ զուտ քաղաքական նյութեր կային՝ ավելի ծանոթանալու դրվագներ, թե որոնք են երկրի անվտանգության խնդիրները և ինչպես են դիտարկվում, փախստականների խնդրի լուծումն ինչպես են տեսնում պետական շրջանակների կողմից, երկրի ընդհանուր օրիենտացիայի խնդիրներն ինչպես է պատկերացնում վերնախավը։
Այս իշխանությունն իր կարելին անում է, բայց, անշուշտ, շատ բացեր կան․ իրենք էլ կարծեմ գիտակցում են, որ բացեր կան, և փորձում են այդ բացերը փակել»,- ի պատասխան՝ մանրամասնեց նա։
Ըստ նրա՝ պատվիրակությունը ոչ չափազանց դրական, ոչ չափազանց բացասական տպավորություն է կազմել, և այս հանգրվանին ինչ-որ եզրահանգումի չի եկել։
Քանի որ այսօր Հայ Առաքելական եկեղեցին թիրախավորվում է իշխանությունների կողմից, երկու բարձրաստիճան հոգևոր հայրեր են կալանավորված, 168․am-ը Անդրանիկ Գասպարյանից հետաքրքրվեց, թե նաև քրիստոնեական արժեքների պահպանությամբ մտահոգ «Save Armenia» հուդայաքրիստոնեական կազմակերպությունն ի՞նչ դիրքորոշում ունի այս առնչությամբ։
««Փրկեք Հայաստան» կազմակերպությունը Հայաստանի ներքին հարցերին չի ցանկանում միջամուխ լինել, և իր առաքելությունն ավելի վերաբերում է արտաքին քարոզչությանը։ Բայց պատվիրակության բոլոր անդամները լավ գիտակցում են՝ այսօր իրարամերժ մթնոլորտ կա Հայաստանում, և ցավակցում են դրա համար, բայց գրեթե բոլորը կարևոր զտում են արել իրենց մտքում, որ անհատներն ու պաշտոնակատարները կարող են սխալ կամ ճիշտ լինել, ծայրահեղ լինել, կամ՝ չափավոր, բայց քրիստոնեությունը՝ որպես գաղափար, սրբություն է, և սրբություն է հայ ժողովրդի կարևոր մասի համար։ Իրենց համար այս ավելի լայն ըմբռնումներն են կարևոր, քան ներքին այս վեճը, որն իրենց աչքով անցումային խնդիր է»։
Մանրամասները՝ տեսանյութում