
Ժնևում 179 երկրների ներկայացուցիչներ բանակցում են պլաստիկի աղտոտման դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի շուրջ

Ժնևում 179 երկրների ներկայացուցիչներ բանակցում են պլաստիկի աղտոտման դեմ պայքարի գլոբալ համաձայնագրի շուրջ։ Դա հանդիպումների հինգերորդ փուլն է 2022 թվականից ի վեր: Դեկտեմբերին Պուսանում կայացած նախորդ համաժողովը որևէ արդյունք չտվեց: Այդ մասին տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Հերթական հանդիպումը տեղի է ունենում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հովանու ներքո։
«Մենք բախվում ենք համաշխարհային ճգնաժամի», – համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայում Էկվադորի դեսպան Լուիս Վալդիվիեսոն, ով ղեկավարում է բանակցությունները:
ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի ղեկավար Ինգեր Անդերսենն իր հերթին շեշտել է, որ համաձայնության հասնելը դժվար կլինի, բայց հնարավոր: Նա հավելել է, որ իր հետ բանակցած երկրների ներկայացուցիչների մեծ մասն ասել է, որ Ժնև են եկել պայմանագիրը ստորագրելու համար։
Բանակցություններին մասնակցում են նաև ավելի քան 600 ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ «Մենք չենք կարող թույլ տալ, որ մի քանի երկրներ որոշեն մարդկության ապագան պլաստիկ առարկաների պատճառով աղտոտվածության խնդրի համատեքստում», – ասել է Greenpeace-ի պատվիրակության ղեկավար Գրեհեմ Ֆորբսը։ Նա հավելել է, որ կազմակերպությունը կձգտի անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համաձայնագիրը ներառի պլաստիկի արտադրության կրճատում և թունավոր քիմիական նյութերի օգտագործման արգելք։
Տվյալ հարցի շուրջ գլոբալ համաձայնագրի հասնելու բանակցությունները մեկնարկեցին, երբ ՄԱԿ-ի անդամ պետությունները 2022 թվականի մարտին համաձայնեցին երկու տարվա ընթացքում մշակել իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագիր՝ աղտոտման խնդիրը լուծելու համար։