
Մահացել է Բրոդվեյի լեգենդը

Բրոդվեյի ներկայացումների լեգենդ, հայտնի երգչուհի Ջեյն Մորգանը կյանքից հեռացել է 101 տարեկանում։ Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ արտիստը մահացել է օգոստոսի 4-ին, Ֆլորիդա նահանգի Նեյպլս քաղաքի հոսփիսում։ Երգչուհու ընտանիքը հաստատել է տխուր լուրը։
«Մեր սիրելի Ջեյնը հեռացավ խաղաղ, քնած ժամանակ»,- ասել է Մորգանի ընտանիքի աղբյուրը։
Ջեյն Մորգանի իրական անունն էր Ֆլորենս Քեթրին Քարիեր, սակայն միշտ հանդես էր գալիս բեմական անունով։ Իր կարիերայի սկզբում մեծ ճանաչում էր ձեռք բերել Եվրոպայում, իսկ հետագայում՝ նաև ԱՄՆ-ում։ Նա եղել է հանրահայտ պրոդյուսեր և գործակալ Ջերի Վայնտրաուբի կինը, որը համագործակցել է Էլվիս Փրեսլիի, Բոբ Դիլանի, Ֆրենկ Սինատրայի և այլոց հետ։
Մորգանը հայտնի էր իր ելույթներով տարբեր երկրների ղեկավարների առջև․ նա երգել է Ֆրանսիայի նախագահ Շարլ դե Գոլի և ԱՄՆ նախագահներ Ջոն Քենեդիի, Ռիչարդ Նիքսոնի, Ջերալդ Ֆորդի, Ջիմի Քարթերի և Ջորջ Բուշ-ավագի համար։ Վերջինիս նախագահության տարիներին նա ընդգրկված է եղել Սպիտակ տան արվեստի և հումանիտար գիտությունների կոմիտեում։