
Ինչ ազդեցություն են ունենում էներգետիկ ըմպելիքները մեր օրգանիզմի վրա

Վերջին տարիներին էներգետիկ ըմպելիքների օգտագործման ծավալները զգալիորեն աճել են, փաստում են Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների կողմից իրականացված մասշտաբային հետազոտությունների արդյունքները:
Էներգետիկ ըմպելիք են անվանում ոչ ալկոհոլային կամ ալկոհոլի ցածր պարունակությամբ գազավորված ըմպելիքները, որոնք պարունակում են տարատեսակ տոնուսավորող բիոլոգիական ակտիվ նյութեր` կոֆեին, գուարանի մզվածք, ժենշեն, մատե, տաուրին ամինոթթու, կակաոյի ալկալոիդներ թեոբրոմին և թեոֆիլին, ինչպես նաև վիտամիններ ու ածխաջրեր: Արտադրողների պնդմամբ՝ էներգետիկները դրական ազդեցություն ունեն օրգանիզմի վրա: Վերջիններս վստահ են՝ դրանք բարձրացնում են ֆիզիկական ու մտավոր աշխատունակությունը:
Էներգետիկ ըմպելիքների վտանգը պայմանավորված է կոֆեինի և ալկոհոլի պարունակությամբ:
Կոֆեին
Չնայած կոֆեինի պարունակությունը սուրճի որոշ տեսակներում ավելի բարձր է, քան էներգետիկներում, այնուամենայնիվ, սուրճը խմում են տաք վիճակում, դանդաղ, ինչը նվազեցնում է կոֆեինային ինտոքսիկացիայի վտանգը:
Կոֆեինով ինտոքսիկացիան հանգեցնում է սրտի զարկերի հաճախացման, զարկերակային ճնշման բարձրացման, սրտխառնոցի, փսխման, կոնվուլսիաների, փսիխոզի, հազվադեպ նաև մահվան: ԱՄՆ-ում, Ավստրիայում և Շվեդիայում մի քանի շիշ էներգետիկ ըմպելիքի ընդունելուց հետո սրտային անբավարարության պատճառով մահվան դեպքեր են գրանցվել:
Հատկապես վտանգավոր է էներգետիկների մեծ չափաբաժինների կանոնավոր ազդեցությունը երեխաների և դեռահասների համար: Կարող են առաջանալ սրտանոթային խանգարումներ, դեպրեսիա, կոգնիտիվ ունակությունների նվազում:
Ալկոհոլ
18-29 տարեկան երիտասարդների 70%-ը էներգետիկները օգտագործում է ալկոհոլի հետ միաժամանակ: Այս համադրության հետևանքները ավելի ծանր են, քան միայն ալկոհոլի օգտգագործման դեպքում: Պատճառը այդպիսի կոկտեյլների կոմպոնենտների հակադիր ազդեցություններն են. կոֆեինը դրդում է նյարդային համակարգը, ալկոհոլը` ճնշում: Սա հանգեցնում է նրան, որ մարդիկ դադարում են կառավարել ընդունած ալկոհոլի չափը, քանի որ կոֆեինը որոշ ժամանակ քողարկում է հարբածության աստիճանը:
ԱՄՆ-ում 2010-2011թթ. գրանցվել է ալկոհոլային թունավորման 5000 դեպք` կապված էներգետիկի և ալկոհոլի միաժամանակ օգտագործման հետ:
Այժմ էներգետիկները արգելված են Դանիայում, Թուրքիայում, Նորվեգիայում, Իսլանդիայում, ԱՄՆ որոշ նահանգներում: 2014-ից Եվրոպայում պահանջում են, որ կոֆեինի բարձր պարունակությամբ բոլոր էներգետիկների վրա նշումներ լինեն` երեխաների, հղիների և կերակրող մայրերի կողմից դրանց օգտագործման ոչ ցանկալի լինելու մասին: