
Ապուր, որը կփրկի շոգից

Ամառային կիզիչ արևը դեռ երկար կստիպի մեր օրգանիզմին փնտրել ինչ-որ թեթև, օգտակար ու թարմացնող ուտեստ։ Իսկ ի՞նչ անել, եթե բոլորի սիրելի մածնաբրդոշն արդեն ձանձրացրել է, և կա ցանկություն փորձելու նոր բաղադրատոմս։ Ներկայացնում ենք թարմացնող ապուրի տարբերակ, որը կարելի է հեշտությամբ պատրաստել տանը։
Անդալուսյան Սալմորեխո ապուրն ավանդաբար մատուցվում է սառը վիճակում։ Հիմնական բաղադրիչներն են՝ խյուսացված լոլիկը, հացը, սխտորը, ձիթայուղը և գինու քացախը։ Ապուրը ստացվում է խիտ և կրեմային, իսկ որպես զարդարանք օգտագործում են խաշած ձու։
Բաղադրիչներ՝
Լոլիկ – 3 հատ
Սպիտակ չոր հաց – 1/2 հատ
Սխտոր – 1 պճեղ
Ձիթապտղի յուղ – 1 ճ/գ
Գինու քացախ – 1 ճ/գ
Աղ – 1 թ/գ
Պատրաստման եղանակը՝
1. Լոլիկները մի քանի րոպե թողնել եռման ջրի մեջ, ապա մաքրել կեղևը։ Հեռացնել սերմերն ու միջուկը, իսկ միջի մասը կտրատել։
2. Տեղափոխել բլենդերի մեջ, ավելացնել սխտորը և հարել:
3. Ստացված զանգվածի մեջ թաթախել հացը և թողնել 5 րոպե, որպեսզի փափկի։
4. Ավելացնել քացախն ու աղը, կրկին խառնել։ Բլենդերը միացրած վիճակում աստիճանաբար ավելացնել ձիթապտղի յուղը՝ մինչև ստացվի հարթ ու համասեռ զանգված։
5. Ապուրը դնել սառնարան՝ նվազագույնը 2 ժամով։
6. Մատուցել՝ զարդարելով կտրատված խաշած ձվով և փխրուն չորահացով։