«Քաղավիացիայի կոմիտեին հետաքրքիր չէ ավիացիայի զարգացումը». Դավիթ Սարգսյան
168.am-ի զրուցակիցն օդաչու, «Ֆլայ Մի» ընկերության համահիմնադիր Դավիթ Սարգսյանն է
– Նախ կխնդրեի` ներկայացնեք Ձեզ. կրթություն, աշխատանք, զբաղվածություն։
– Մասնագիտությամբ օդաչու-ինժեներ եմ: Ավարտել եմ Ուկրաինայի ավիացիոն ակադեմիան ու օդաչուական իմ կարիերան սկսել 1998թ. «Հայկական ավիաուղիներում»: 2003թ. տեղափոխվեցի աշխատելու «Արմավիա» ավիաընկերություն: Ես այդ ընկերության առաջին հայ օդաչուներից էի ու կանգնած եմ «Արմավիայի» հիմնադրման ակունքներում:
2008թ. աշխատելու մեկնեցի արտասահման: Հայաստանում տեղի ունեցած 2018թ. հեղափոխությունից հետո որոշեցի, որ մեր երկրում ամեն ինչ փոխվել է, ու վերադարձա հայրենիք` հույսով, որ հնարավոր է սեփական երկրում զարգացնել փոքր ավիացիան: Գործընկերոջս հետ ստեղծեցի «Ֆլայ Մի» ընկերությունը ու սկսեցի իմ գործունեությունը:
– Ըստ երևույթին, այնքան էլ հարթ չի ընթանում Ձեր գործունեությունը Հայաստանում:
– Այո, մեր խնդիրը կապված է Կոմիտեի անգործության հետ: Վերջին 2 տարիներին EASA-ի օրենսդրության մեջ շատ փոփոխություններ են կատարվել, որոնք անմիջականորեն վերաբերում են փոքր ավիացիային, և ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն այդ փոփոխություններից որևէ մեկը չի ընդունել:
– Հաճախ եք հանդես գալիս Քաղավիացիային քննադատող գրառումներով։ Հիմնական աշխատանքային թերությունները ո՞ր ուղղություններով եք արձանագրում։
– Այո, ես հաճախ ու ըստ էության եմ քննադատում Քաղավիացիայի պետական կոմիտեին: Մեր ավիացիոն ոլորտի խնդիրները թաքնված են ավիացիոն օրենքների ու աշխատանքի մեթոդների մեջ: Կոմիտեում պետք է փոխել մենթալիտետը, պետք է սովորել ապրել ու դատել, մտածել` համաձայն օրենքի, իսկ այնտեղ ինչ-որ հասկացողություններով են աշխատում, ռուսերեն ասած` по понятиям: ՔԱԿ խնդիրը կայանում է Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալության` EASA-ի նորմատիվներով աշխատելու անկարողության մեջ: Եվ Կոմիտեն ոչ մի քայլ չի ձեռնարկում այդ իրավիճակից դուրս գալու համար:
– Փորձե՞լ եք Ձեր մտահոգությունները կիսել ՀՀ ՔԱԿ ղեկավարության հետ։ Առհասարակ քննարկումներ եղե՞լ են որոշակի հարցերի շուրջ։
– Այո, ես անձամբ մի քանի անգամ հանդիպել եմ ՔԱԿ նախագահ Տաթևիկ Ռևազյանի ու նրա տեղակալների հետ, առաջարկել եմ իմ օգնությունը որոշակի հարցերի լուծման ճանապարհները գտնելու գործում, և ոչ մեկ անգամ: Բայց արդյունքը զրոյական է: Ամեն անգամ ես լսում եմ, որ, այո, իհարկե, օգնեք մեզ, և հենց այդտեղ էլ ամեն ինչ ավարտվում է: ՔԱԿ-ը վախենում է ինձնից, քանի որ ես պատրաստ եմ իրականացնել արմատական փոփոխություններ, իսկ դա նրանց պարզապես պետք չէ: Նրանք բոլորովին այլ նպատակներ ունեն ու ապացուցել են դա:
– Ի՞նչ նպատակներ են։ Կմանրամասնե՞ք:
– Մի քանի անգամ հանդիպումների նպատակը մեր ՔԱԿ-ին ճգնաժամից դուրս գալու ճանապարհներ ցույց տալն էր: Եվ ես քայլ առ քայլ բացատրել եմ, թե ինչպես է հնարավոր դուրս գալ տվյալ իրավիճակից, բայց ես չեմ տեսել կամք ու ցանկություն` լուծելու համար եղած խնդիրները: Այդպիսի հանդիպումներ ոչ միայն ինձ հետ են տեղի ունեցել: Ես անձամբ գիտեմ, որ իմ գործընկերը նույնպես հանդիպել է ՔԱԿ ղեկավարության հետ ու նույն բանն ասել: Բայց ՔԱԿ-ն այլ խնդիրներ ունի: Նրանց հետաքրքիր չէ ավիացիայի զարգացումը, զարգացում անվան տակ նրանք հասկանում են ուղևորահոսքի ավելացում ու արտասահմանյան ավիաընկերությունների ներգրավում:
– Ձեր ֆեյսբուքյան էջում ակնարկել էիք, որ ՔԱԿ նախագահի ներկայիս ժ/պ Գալուստ Պողոսյանը Ձեզ հորդորել է լռել։ Կմանրամասնե՞ք` ինչի մասին է խոսքը։ Անմիջապես իրենի՞ց, թե՞ միջնորդավորված եք ստացել այդ հորդորը։ Ի՞նչ եք պատասխանել։ Ի՞նչ կլինի, եթե առաջարկը չընդունեք։
– Տեսեք` ես հիմա շփվում եմ Ձեզ հետ, ու այս պահին իմ ծանոթն ինձ զանգահարեց ու ասաց, որ Գալուստ Պողոսյանը կրկին զանգել է իրեն ու հարցրել, թե ինչո՞ւ է ինքը իմ գրառումը հավանել: Անձամբ Գալուստ Պողոսյանը նախորդ կառավարության սովորությունները, թերևս, լավ է յուրացրել ու խոստացել է, որ ես ավիացիայում խնդիրներ կունենամ: Նա առհասարակ չափազանց ցավագին է տանում քննադատությունը: Դա կոչվում է հիստերիա. նրանք վախենում են վարկանիշային անկումից ու ժողովրդի զայրույթից, քանի որ վախենում են կորցնել իրենց աթոռները: Վախենում են, որ ավիատորները պարզապես մի օր կհամախմբվեն, ու տեղի կունենա հեղափոխություն: Դրա համար էլ նրանց համար շահեկան է աշխատել ոչ կանոններով, որովհետև այդպես նրանք կարող են վերահսկել ավիաընկերություններին ու դրանց աշխատակիցներին: Բոլորովին վերջերս` հեղափոխությունից հետո, սոցցանցի իմ էջում դուք կարող եք գտնել Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքի օրինակը, երբ սպառնալիքներ էին տեղում այն մարդու հասցեին, ով ի աջակցություն ինձ մեկնաբանություն էր գրել:
– Ձեր ֆֆեյսբուքյան էջում կիսվել էիք վարչապետի ուղիղ եթերով, երբ վերջինս օդաչուական խցիկում էր վայրէջքի պահին։ Նշել էիք, որ նաև այսպիսի խախտումների համար է Հայաստանի ՔԱԿ-ը հայտնվում զանազան սև ցուցակներում: Դա իսկապե՞ս լրջագույն խախտում է համարվում։ Կարո՞ղ էր այն ազդեցություն ունենալ ԵԱՍԱ–ի զեկույցի վրա։
– Այո, քանի որ հենց այդպիսի խախտումների պատճառով տեղի ունեցավ Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ավիաաղետը Սմոլենսկում, երբ օդաչուական խցիկում էր գտնվել Ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատարը: Բոլոր միջազգային ավիացիոն կազմակերպությունները թռիչքների անվտանգությունն առաջին տեղում են դնում: Եվ միանշանակ այդ բնույթի խախտումների համար մենք կընկնենք սև ցուցակներ: Ավիացիայում բոլոր օրենքները, այսպես ասած՝ «արյամբ» են գրված: Դա նշանակում է, որ եղել է աղետ ու դրա հետևանքով ինչ-որ օրենք է գրվել: Ահա և այնպես է ստացվում, որ, օրինակ, ՔԱԿ-ը հետևում է իմ գրառումներին, սակայն վարչապետի հրապարակումը նրանք չէին նկատել: Նույնիսկ ծիծաղելի է, բայց փաստն այն է, որ ես անձամբ եմ նրանց այդ մասին ասել, սակայն որևէ արձագանք դրան չհետևեց:
– Տաթևիկ Ռևազյանի հետ շփում ունե՞ք։ Ինչո՞ւ է լայքում Ձեր քննադատական գրառումը:
– Ես նրա հետ շփվել եմ մի քանի անգամ: Վստահ եմ, որ իմ գրառմանը դրած նրա լայքը նշանակում է, որ նա տեսել է այդ հրապարակումը ու կանցկացնի այդ խախտման հետաքննությունը, թեպետ արդյունքը, ես գիտեմ, զրոյական է լինելու:
– Վստա՞հ եք, որ հետաքննություն, այնուամենայնիվ, կանցկացնի:
– Չի կարող չանցկացնել: Ես բողոք-զեկույցի կրկնօրինակը EASA եմ ուղարկել, և եթե նրանք անգործություն ցուցաբերեն, դա նրանց համար հղի կլինի մեծ խնդիրներով: EASA-ի համար այդպիսի խախտումը ոչ մի տրամաբանության ու սահմանների մեջ չտեղավորվող խախտում է: Եվ դրա համար պատիժն օդաչուին թռչելու լիցենզիայից զրկելն է: Դա համաշխարհային պրակտիկա է, և ես իմ կարիերայի ընթացքում ոչ մի անգամ չեմ հանդիպել այնպիսի դեպքի, երբ տվյալ խախտումն անհետևանք անցներ:
– Համոզված եք, որ ազգային փոխադրող ունենալը հրամայական է։ Ի՞նչ ճանապարհ եք տեսնում դրան հասնելու համար։
– Այո, ես վստահ եմ: Ասում եմ անձամբ իմ ու այլ ավիատորների անունից: Բայց որպեսզի հասնենք ազգային ավիափոխադրող ունենալուն, պետք է սկզբից հիմք ստեղծել, իրավական դաշտ, կիրառել օրենքները և ՔԱԿ աշխատանքը տեղափոխել ճիշտ հուն: Պետք է ունենալ հայկական ավիաընկերություն ստեղծելու ցանկություն ու կամք: Առանց դրա ոչ ոք ոչինչ չի կարող անել: