Ինչո՞ւ է Տաթևիկ Ռևազյանը «լայքում» Քաղավիացիայի պետական կոմիտեին քննադատող գրառումը
Օդաչու Դավիթ Սարգսյանը, ում ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ բավականին հիմնավոր մասնագիտական կրթություն է ստացել, օրեր առաջ իր էջում տեղադրել էր դեռևս նախորդ տարվա մարտի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված տեսանյութը, երբ արտասահմանյան այցից Երևան վայրէջք կատարելիս օդաչուական խցիկից ուղիղ եթերով իր բազմահազար հետևորդներին իրազեկ էր դարձնում գործընթացից:
Հրապարակած տեսանյութին կից Դավիթ Սարգսյանը կատարել էր նաև գրառում, որում ասվում էր, որ, երբ Քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեն իր անմիջական պարտականություններով զբաղվելու փոխարեն՝ միայն իրենց պաշտոնները պահպանելու մասին է մտածում, մենք էլ ընկնում ենք սև ցուցակներ: Գրառման մեկնաբանություններում կարդում ենք, որ տեսանյութում խախտված է ավիացիոն անվտանգության կարևորագույն կանոններից մեկը:
Եվ հիրավի, մասնագետները նշում են, որ օդաչուական խցիկն անձեռնմխելի տարածք է, այսպես կոչված, ստերիլ զոնա, և որևէ մեկն իրավունք չունի մտնել այնտեղ, հատկապես՝ օդ բարձրանալու և վայրէջքի ժամանակ:
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի լայվերը միայն իր հետևորդները չեն նայում, իսկ ավիացիոն միջազգային կազմակերպությունների համար խախտումն ըստ էության խախտում է, ու կապ չունի` այն շարքային ուղևո՞ր, թե՞ երկրի թիվ մեկ ուղևորն է կատարել:
Շատ ուշագրավ հանգամանք ևս չվրիպեց 168.am-ի տեսադաշտից: Դավիթ Սարգսյանի այս գրառումը հավանել էր նաև Քաղավիացիայի պետական կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:
Հետևությունները թողնում ենք մեր ընթերցողներին: