Ադրբեջանն ակտիվորեն առաջ է տանում «համայնքային մոդելը»՝ հակակշռելու Երևանի՝ Արցախին բանակցային սեղան վերադարձնելու պահանջին
Ադրբեջանական կողմն ակտիվորեն միջազգային հարթակներում փորձում է շրջանառել «ԼՂ ադրբեջանական համայնքի» վերաբերյալ ադրբեջանական թեզը. օրեր առաջ Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորներին, այսպես կոչված, «Ղարաբաղի ադրբեջանական համայնքից» նամակներ են հղվել», իսկ այսօր Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Թվիթերի իր էջում ողջունել է, այսպես ասած, «ԼՂ ադրբեջանական համայնքի ղեկավարի» գրառումը:
168.am-ի հետ զրույցում «Օրբելի» կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը նշեց, որ Երևանի կողմից բանակցային սեղան Արցախի լիարժեք վերադարձի պահանջին հակակշռելու համար Ադրբեջանն ակտիվորեն փորձում է առաջ տանել «համայնքային մոդելը», ինչը կանխատեսելի էր:
«Հատկանշական է, որ երկար տարիներ ֆորմալ գոյությունը պահպանող այդ կառույցի ղեկավարն անգամ փոխվեց, և Ադրբեջանի ԱԳՆ-ից այդտեղ «գործուղվեց» դիվանագետ Թուրալ Գանջալիևը: Ադրբեջանի իշխանությունները ջանքեր են գործադրում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ռեբրենդինգի և ակտիվացման համար՝ կազմակերպելով նրանց գործուղումները տարբեր մայրաքաղաքներ, կազմակերպելով նրանց հանդիպումներն օտարերկրյա պաշտոնյաների և դիվանագետների հետ:
Հատկանշական է նաև, որ այդ կառույցի ակտիվությունն ուղեկցվում է բավական լայն տեղեկատվական արշավներով, ինչի արդյունքում տեղեկատվական դաշտում նրանց ակտիվությունը շատ հաճախ ներկայացվում է ավելի ուռճացված, քան իրականում կա: Դա, անշուշտ, իր ազդեցությունն է ունենում նաև հայկական լսարանի վրա: Իրականում բանակցային գործընթացին Ադրբեջանի կողմից հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեցող այդ միավորի ներգրավման պահանջն անհիմն է: Արցախը եղել է դեռ 1994-1995թթ. հաստատված բանակցային ձևաչափի լիարժեք անդամ, և, իհարկե, նրա վերադարձը բխում է բանակցային գործընթացի տրամաբանության վերականգնման անհրաժեշտությունից:
Ավելին, ուղղակի աբսուրդի ժանրից է Արցախի Հանրապետության լեգիտիմ ընտրված իշխանություններին և ինչ-որ ՀԿ-ի ներկայացուցիչներին դիտարկել հավասար հարթության մեջ: Որպես Ադրբեջանի քաղաքացիներ՝ այդ կառույցի անդամները մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, և ըստ այդմ՝ Իլհամ Ալիևը բանակցային սեղանին ներկայացնում է նաև նրանց շահերը: Հայկական կողմի դիրքորոշումն այս հարցում բավական հստակ է՝ Արցախի Հանրապետության իշխանությունների ներգրավումը բանակցային գործընթացում անհրաժեշտություն է, իսկ Բաքվի կողմից առաջ քաշվող «համայնքային մոդելը»՝ բացարձակ անընդունելի: Հայկական կողմը բազմիցս տարբեր հարթակներից և տարբեր մակարդակներով ներկայացրել է իր դիրքորոշումը՝ հստակ փաստարկներով: Կարծում եմ՝ այդ կառույցի գործունեությունը դիտարկելիս՝ անհրաժեշտ է տարանջատել PR աղմուկը և գործողությունների իրական ազդեցությունը: Կառույցի ներկայացուցիչների հանդիպումներն այս կամ այն երկրի խորհրդարանականների հետ միգուցե տեղեկատվական դաշտում (այդ թվում՝ հայաստանյան) ստեղծում է ցանկալի աղմուկ, սակայն բուն բանակցային գործընթացի կամ հայկական կողմի դիրքորոշման վրա, իհարկե, չի կարող ազդեցություն ունենալ»,- շեշտեց քաղաքագետը:
Իսկ թե հայկական կողմն ինչ կերպ պետք է հակազդի ադրբեջանական վերը նշված «քարոզարշավին», Նարեկ Մինասյանը նշեց, որ այդ ուղղությամբ գործադրվող ջանքերի շրջանակներում կարելի է նպաստել ադրբեջանահայ փախստականներին, ինչպես նաև՝ Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված շրջանների (Գետաշեն, Շահումյան և այլն) փախստականներին ներկայացնող կառույցների գործունեության ակտիվացմանը:
«Բացի այդ, որոշակի անելիք ունեն նաև փորձագիտական շրջանակները և ԶԼՄ-ները: Հայաստանյան տեղեկատվական դաշտում նրանք պետք է ոչ միայն չդառնան ադրբեջանական քարոզչական թեզերը և մոտեցումները տարածողներ, այլ հակառակը՝ հակազդեն դրանց, ներկայացնեն դրանց կեղծ բնույթը՝ փորձելով նպաստել բանակցային սեղանին հայկական կողմի դիրքերի ամրապնդմանը»,- հավելեց «Օրբելի» կենտրոնի փորձագետը: