«Պայքար կլինի, բայց ֆորսմաժորային իրավիճակներ չեն լինի». Քաղաքագետ

Սերժ Սարգսյանի կատարած քայլերը, վերադասավորումները, ուժային կառույցներում արված նշանակումները բացահայտում են, որ Ս. Սարգսյանը բացարձակ մտադրություն չունի 2018 թվականի մարտից հետո միայն կուսակցության լիդերի պաշտոն ստանձնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ըստ որի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում բացահայտ նշեց, որ ինքը չի բացառում, որ ինքն արդեն վարչապետի պաշտոնում է ղեկավարելու երկիրը:

Քաղաքագետի խոսքով՝ նախորդ ընտրությունները ցույց տվեցին, որ հաջորդ ընտրությանը պատրաստվում են նախորդից մեկ օր հետո. «Մինչև փետրվար շատ կարճ ժամանակ է մնացել, և այն, թե դեռ ժամանակ կա, ու դրա մասին պետք չէ խոսել, ընդամենը խոսակցություններ են: Վարչապետի պաշտոնի համար պայքարը բավական թեժ է արդեն այս պահից, բայց այդ մասին հասարակությունը շատ քիչ է տեղեկացված: Իրենց ներքին խոհանոցում այդ խմորումները, տարբեր վերադասավորումները տեղի են ունենում և կշարունակվեն մինչև հաջորդ տարվա փետրվար ամիսը»:

Գ. Համբարյանը գտնում է՝ Սերժ Սարգսյանը շատ վաղուց էր նախապատրաստվում վարչապետի պաշտոնին, ու դրա վառ ապացույցն էր այն, որ նա ուժեղացնում էր իր դիրքերն ուժային բլոկում. «Նույն Վիգեն Սարգսյանին պաշտպանության նախարար նշանակելով, Վովա Գասպարյանին ոստիկանապետի պաշտոնում թողնելով, նույն Կուտոյանի նշանակումն ԱԱԾ-ի պետի պաշտոնում, և այլն:»

Քաղաքագետը կարծում է՝ եթե վերջնականապես որոշում ընդունվի ՀՀԿ-ի ներսում, թե ով է լինելու իրենց վարչապետը, պայքարի մասին խոսք լինել չի կարող. «Այստեղ պետք է հաշվի առնենք մեր ռազմավարական գործընկերոջ դիրքորոշումն այս հարցի շուրջ, որովհետև Կարեն Կարապետյանը միամիտ չհայտնվեց այդ պաշտոնում, և պետք չէ մոռանալ, թե ով էր Կարեն Կարապետյանը մինչև վարչապետի պաշտոնը ստանձնելը: Բացահայտ առճակատում ՀՀԿ-ի ներսում վարչապետի պաշտոնի համար ես չեմ տեսնում: ՀՀԿ-ն այն կուսակցությունը չէ, որն ունի պլյուրալիզմ, բազմակարծություն, ու դա բազմիցս ապացուցել են: ՀՀԿ-ն ակումբ է, որտեղ բազմաթիվ բևեռներ կան, և այդ բևեռներին միավորողը Սերժ Սարգսյանն է, ինքն է ներսում կարգավորում բոլոր հարցերն այդ բևեռների միջև: Իհարկե, առճակատում կլինի, բայց հասարակության համար բավական փակ կլինի, ու շատ քիչ բան կիմանա հասարակությունը դրանից»:

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե՝ հաշվի առնելով Մոսկվայի գործոնը Կարեն Կարապետյանին նշանակելիս՝ հե՞շտ կլինի նրան վարչապետի պաշտոնից հեռացնելը, մեր զրուցակիցն այսպես պատասխանեց. «Իմ կարծիքով՝ պայքար կլինի, բայց այդ պայքարը չի դուրս գա այն սահմաններից, որից հետո կարող են տեղի ունենալ ֆորսմաժորային իրավիճակներ: Ես կարծում եմ՝ փորձ կլինի երկու կողմերից էլ՝ ավելի զուսպ գտնվել, չներքաշել հասարակությանն այս պայքարի մեջ, որովհետև դա ձեռնտու չի լինի հենց նույն Սերժ Սարգսյանին»:

 

Տեսանյութեր

Լրահոս