Բաժիններ՝

Վերջնաժամկետը մոտենում է, իսկ ՀԴՄ-ները վերջացել են

Այսօր լրանում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության չարաբաստիկ որոշումներից մեկով սահմանված վերջնաժամկետը, երբ ՀՀ բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է աշխատեն նոր սերնդի ՀԴՄ սարքավորումներով: Սակայն մինչ օրս առնվազն շուրջ 40 հազար տնտեսվարողներ ձեռք չեն բերել այդ գերժամանակակից սարքերը: Ընդ որում՝ կառավարության որոշման այս խախտման մեղքը բոլորովին էլ տնտեսվարողներինը չէ: Խնդիրն այն է, որ թայվանական սարքերի ներկրման և տնտեսվարողներին տրամադրման համար պատասխանատու «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ում ՀԴՄ-ներ չկան: Պարզ չէ, թե ինչու են ուշանում սարքավորումները: Չէ՞ որ այս պետական կառույցը դեռ մեկ տարի առաջ,երբ ընդունվեց որոշումը, տեղյակ էր, որ վերջնաժամկետը 2014 թ. հուլիսի 1-ն է:

2013 թ. հուլիսի 1-ից, հիշեցնենք, նոր սերնդի ՀԴՄ-ները պարտադրվեցին նախորդ տարվա արդյունքներով 500 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողներին, իսկ նոյեմբերի 1-ից դրանք պարտադիր դարձան Հայաստանի բոլոր ԱԱՀ վճարող և ԱԱՀ չվճարող, կամ 10 մլն և ավելի դրամ մաքսային արժեքով ապրանքներ ներմուծած 1750 տնտեսվարողների համար: Մնացած գործող ընկերությունները՝ մոտ 19700 տնտեսավարող, սարքերը պետք է տեղադրեին 2014 թ. հուլիսի 1-ից:

«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» ՀԿ անդամ Գևորգ Պողոսյանը 168.am-ին հայտնեց, որ մի քանի անգամ դմել են ՊՈԱԿ-ի տնօրենին, բայց վերջինս կարծես պատասխանատվություն չի զգում ու միայն «հուսադրում» է, թե շուտով կստանան. «ՊՈԱԿ-ում խոստովանեցին, որ չեն կարող ապահովել նոր սերնդի ՀԴՄ-ներ մոտ 40,000 հարկատուների համար, քանի որ այս պահին հազիվ կարողանում են բավարարել ապրիլ, մայիս ամիսներին դիմում գրած հարկատուներին տրմադրումը»: Նա նախազգուշացրեց, որ ՀՀ օրենսդրության համաձայն հուլիսի 1-ից նոր սերնդի ՀԴՄ-ներ չկիրառելու համար գործարարը կարող է ստանալ միայն նախազգուշացում, ոչ մի տուգանք չի կարող կիրառվել. «Հսկիչ-Դրամարկղային կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով ասվում է.

«Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով սահմանված` համապատասխան ժամկետից հետո հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ ցանցային կապուղիների միջոցով տեղեկության ուղարկումն իրականացնող մեքենա չկիրառելու կամ հսկիչ-դրամարկղային մեքենային միացվող համապատասխան սարք չտեղադրելու համար կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը նախազգուշացվում է»:

Գ.Պողոսյանը հայտնեց, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկ է ներկայացրել, որ տարբերակված մոտեցում ցուցաբերվի՝ սահամամերձ գյուղերում ՀԴՄ-ները անվճար տրամադրվեն, փոքր կրպակներին էժան գնով տրամադրվեն և այլն, և կառավարությունը քննարկում էր հարցը, բայց ժամկետը լրացել է ու մինչ օրս չեն կողմնորոշվել՝ ինչ անել: Նույնիսկ քննարկվում էր, որ ՀԴՄ-ների ներդրման ժամկետը կերկարաձգվի մինչև 2015 թ. հունվարի 1-ը:

168.am-ը փորձեց պարզաբանում ստանալ ՀՀ ֆինանսների նախարարությունից, թե ինչն է այս իրադրության պատճառը և ինչ է սպասվում նոր սերնդի ՀԴՄ չունեցող տնտեսվարողներին: Մեզ հայտնեցին, որ պաշտոնական որոշում չկա և խնդրեցին հարցերը գրավոր ուղարկենք, ինչն էլ արցինք ու գերատեսչության պարզաբանումը ստանալուն պես կհրապարակենք:

Ուշագրավ է, որ մինչ այս պահը հայտնի չէ ՀՀ կառավարության հուլիսի 3-ին կայանալիք նիստի օրակարգը, որը սովարաբար նախապես է հրապարակվում: Ամենայն հավանականությամբ, նոր սերնդի ՀԴՄ-ների խնդիրը ներառված կլինի գործադիրի քննարկելիք հարցերի շարքում: Եվ չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանը լիովին անսպասելի լուծում կներկայացնի բազմաթիվ տնտեսվարողների դժգոհությունը հարուցած իր նախորդի որոշման վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս