Գներն իջնում են, սակայն ուրախանալու պատճառ չկա
Եվ այսպես, Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց գնաճի ընթացիկ ցուցանիշները։ 12-ամսյա գնաճը (սպառողական գների ինդեքսը հունիսին` նախորդ տարվա հունիսի համեմատ) կազմել է 1.8%։ Իսկ դեկտեմբերի համեմատ` արձանագրվել է ոչ թե գնաճ, այլ գնանկում`
0.9%-ի չափով։
Սա ռեկորդային ցուցանիշ է։ Վերջին 10 տարվա կտրվածքով հունիս ամսին նման ցուցանիշ երբեք չի եղել։ Պարենային ապրանքների գները դեկտեմբերի համեմատ նվազել են 2.1%-ով, իսկ ոչ պարենային ապրանքներինը` 1.2%-ով։
Նշենք, որ բյուջեով գնաճի թույլատրելի շեմը 4% +-1.5% է։ Այսինքն` առավելագույն շեմը 5.5%-ն է, նվազագույնը` 2.5%-ը։ Սա նշանակում է, որ գնաճն այս պահին շեղված է թույլատրելի ներքին շեմից։ Նախատեսվածից ցածր է։
Իսկ ի՞նչ վատ բան կա դրանում` միգուցե կմտածեն ոմանք։ Լավ չի՞, որ գները չեն աճում, ավելին` նվազում են։ Իհա՛րկե ոչ` ավելի լավ չի։ Չափավոր, թույլատրելի սահմաններում գտնվող գնաճը տնտեսական աճի անբաժան ուղեկիցն է, և, կարելի է ասել, անհրաժեշտ պայմանը։
Երբ գները կանխատեսվածից արագ են աճում` բոլորն անհանգստանում են։ Դա հասկանալի է, որովհետև սպառողը դա անմիջապես զգում է իր մաշկի վրա։ Սակայն ոչ պակաս մտահոգիչ պետք է լինի նաև այն, երբ գնաճը կանխատեսվածից ցածր է։ Մեր դեպքում առայժմ 1.8% է` 2.5% նվազագույն շեմի փոխարեն։
Որովհետև գնանկումը խոսում է տնտեսության անառողջ վիճակի կամ լճացման մասին։ Գնանկման պատճառը հիմնականում պահանջարկի անկումն է` պայմանավորված բնակչության գնողունակության նվազմամբ, արտագաղթով կամ այլ գործոններով։
Սակայն գնանկումը ոչ միայն ցուցիչ է, ազդանշան, այլ կարող է պատճառ դառնալ ավելի վատ հետևանքների։ Գնանկումից զգուշանալու մի շարք պատճառներ կան, որոնցից մեկ-երկուսի մասին կնշենք։
Գնանկման ժամանակ մարդիկ ավելի քիչ են հակված գումար ծախսելու, քանի որ նրանք սպասում են գների հետագա նվազման։ Նրանք նաև պարտք չեն վերցնում, որովհետև տոկոսը չհաշված` ետ վերադարձվելիք մայր գումարն ավելի մեծ արժեք է ունենալու։ Մարդիկ, կոպիտ ասած, փողը դնում են ներքնակի տակ. դա դառնում է ամենահուսալի և եկամտաբեր ներդրումը։ Նվազում են վարկավորման ծավալներն ու ներդրումները, որի արդյունքում գնանկումը շարունակվում է, իսկ տնտեսության վիճակը` վատանում։ Կարճ ասած, սա ծուղակ է։
Վերը նշվածը վերաբերում էր գնանկումային սպասումներին։ Սակայն, անկախ այդ սպասումներից` գնանկումն ունի իրական հետևանքներ, առաջին հերթին, պարտապանների համար։ Նրանց պարտքային բեռը մեծանում է, քանի որ դրամն արժևորվում է։ Շատերը կարծում են, որ դա, մեծ հաշվով, վնաս չէ, քանի որ ինչ-չափով որ տուժում են պարտապանները, նույն չափով էլ օգտվում են պարտատերերը։ Սակայն դա այդպես չէ։ Պարտապանները նման դեպքերում սովորաբար գնում են ծախսերի կրճատման, իսկ պարտատերերը նույն չափով իրենց ծախսերը չեն ավելացնում։
Այսինքն, ընդհանուր առմամբ, գնանկումը բերում է ծախսերի կրճատման և տնտեսական ակտիվության թուլացման։
Վերը նշված փաստարկները վերաբերում են գնանկմանը։ Սակայն նույն բացասական հետևանքները կարող են տեղի ունենալ նախատեսվածից ցածր գնաճի դեպքում։
Այսպես, եթե գնաճն ավելի ցածր է լինում, քան սպասում էին վարկառուները, դա մեծացնում է նրանց պարտքային բեռը։ Դա էլ նշանակում է, որ նրանք պետք է կրճատեն ծախսերը, փորձեն իջեցնել աշխատավարձերը, կրճատեն աշխատողներին կամ սահմանափակեն նոր աշխատողների ընդունումը։ Իսկ նոր ներդրումների մասին խոսք անգամ լինել չի կարող:
Դրա համար շատ տնտեսագետների կարծիքով` եթե գնաճը կանխատեսվող ցուցանիշից ցածր է, դա ամենևին էլ լավ նորություն չէ։
Ի դեպ, այս իրողությունները շատ լավ հասկանում են նաև ՀՀ Կենտրոնական բանկում և փորձում իրավիճակի վրա ազդել` վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցմամբ։ 2014 թ. հունիսի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով` սահմանելով 7.00%:
Նշենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ 7% սահմանվել էր 4 տարի առաջ` 2010 թվականի ապրիլին։ Նաև ավելացնենք, որ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում կատարել էր նաև մայիսին` 7.5%-ից հասցնելով 7.25%-ի։
Սակայն հանուն արդարության` նշենք, որ գնանկումից անհանգստանալու կարիք Հայաստանում չկա։ Ինչ-ինչ` բայց ՀՀ իշխանությունների մոտ ամենից լավ ստացվում է գները բարձրացնելը։ Ամենաթարմ օրինակը` էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու փորձերն են։ Բացի այդ, այսօրվանից որոշ չափով ավելանում են պետական հատվածի աշխատավարձերը, ինչը նույնպես կարող է գնաճային ճնշումներ ստեղծել։
Կարճ ասած, կարող ենք չմտահոգվել` իշխանությունները թույլ չեն տա, որ գները խեղճանան, և ամեն ինչ կանեն` դրանց ոտքի կանգնեցնելու համար։ Իսկ տնտեսության հարցում նույն վստահությունը, ցավոք սրտի, չկա։