Արմեն Մարտիրոսյանի կարծիքով` Գագիկ Ծառուկյանը որոշակի հայտ է ներկայացնում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության այսօրվա համագումարում Գագիկ Ծառուկյանի ելույթը իր մեջ ուղերձներ է պարունակում, և դրանով նա որոշակի հայտ է ներկայացնում: Այս տեսակետը մեզ հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր ելույթում խոսել է կուսակցության երկու հնարավոր ճանապարհների մասին. 1. միանալ իշխող կոալիցիային, 2. «հրաժարվել բոլոր իշխանական լծակներից ու պաշտոններից, արձանագրել մեր ծրագրերի ու մոտեցումների սկզբունքային տարբերությունները ու արդեն նոր կարգավիճակով կազմակերպել աշխատանքները` թե՛ խորհրդարանում, թե՛ ժողովրդի հետ»: Նա նշել է, որ ընտրել են երկրորդ ճանապարհը: Հետո ընդգծել է, թե ««Բարգավաճ Հայաստանը» պետք է դառնա, բառիս բուն իմաստով, ժողովրդի խոսափողը, իրականացվող քաղաքականությանն իրական այլընտրանք», անդրադարձ կատարել սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրներին, այդ թվում` իր բացասական վերաբերմունքն է արտահայտել կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:
Իսկ իր խոսքը Գ. Ծառուկյանն այսպես է ավարտել. «Բոլորդ հասկանում եք, որ ես նյութական բարիքների համար չեմ ընտրում այս ճանապարհը: Եվ ոչ փառասիրական մղումներով-ես ոչ ոքի ոչինչ չունեմ ապացուցելու: Սակայն ես չեմ կարող դիտորդի պես հետևել, թե ինչպես է իմ երկիրն օրեցօր թուլանում: Չկա ավելի մեծ հատուցում, ավելի մեծ պարգև, քան՝ պետությանը և քո ժողովրդին օգտակար լինելը:
Իսկ երբ կգա այն օրը, երբ ես կտեսնեմ, որ երկրում կատարվել են անհրաժեշտ ու ամենակարևոր փոփոխությունները, երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, մարդկանց խնդիրները քայլ առ քայլ լուծվում են, ես մեծ սիրով կհեռանամ քաղաքականությունից: Կզբաղվեմ այլ գործերով, կզբաղվեմ սպորտի ոլորտով, բարեգործական ծրագրերով, որն ինձ շատ հոգեհարազատ է, ու այդպես օգտակար կլինեմ իմ ժողովրդին»:
«Կարծում եմ` սա որոշակի հայտ է, որովհետև ելույթի հատկապես վերջին հատվածն իր մեջ ուղերձներ է պարունակում, որ ինքը պատրաստ է իր վրա ինչ-որ պատասխանատվություն վերցնել: Այսինքն` ինքն ինչ-որ հայտ է ներկայացնում,- 168.am-ի հե զրույցում Գագիկ Ծառուկյանի ելույթի մասին ասաց Արմեն Մարտիրոսյանը:- Բացի այդ, խոսքի մեջ քաղաքական ուժերի հետ համագործակցության լայն կոնսոլիդացիայի մասին է խոսում` կարծես ազգային համաձայնության ինչ-որ երանգներ ուղղելով: Երևի հետագա զարգացումները ցույց կտան, թե դա ինչ հայտ է: Բայց իր ներկայացրած հայտը Հայաստանում, ըստ էության, երեք, նույնիսկ երկու պաշտոնատար անձ` նախագահը և վարչապետը, իրավունք ունեն իրականացնելու: Այն քայլերը, որոնց մասին նա խոսում է, ավելի շատ նախագահի և վարչապետի ենթակայության խոսք է»:
Հարցին, թե կառավարության գործունեությունը սուր քննադատատության ենթարկելը կարելի՞ է ընդդիմադիր կեցվածք ընդունելու դրսևորում համարել, Արմեն Մարտիրոսյան պատասխանեց. «Ինչ վերաբերում է ընդդիմադիրին, ես չեմ փորձի լինել ավելի լավ մասնագետն իրենց խոսքի, քան Բարգավաճի մեր գործընկերներն են: Իրենք ասում են` մենք ընդդիմադիր չենք, այլընտրանք ենք: Ուստի, իրենց գնահատականից ավելին չեմ կարող ասել»:
«Եթե մարդ ցանկություն ունի փոխել իրավիճակը, որը նա նկարագրում է և իսկապես համապատասխանում է իրականություն (և´ բարոյահոգեբանական, և´ սոցիալ-տնտեսական վիճակն իսկապես վատթար է), եթե այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկի և փորձի կյանքի կոչել այն կետերը, որոնց մասին խոսում է, իհարկե, դրական կլինի` անկախ նրանից, թե ինչպես են գնահատում իր նախորդ քաղաքական ուղին»,- շարունակեց մեր զրուցակիցը:
Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում «կյանքի կոչելը», ընդդիմությանը միանալով և իշխանափոխության գնալո՞վ: Ի պատասխան մեր այս հարցին` Արմեն Մարտիրոսյանն ասաց. «Ես այդպես եմ պատկերացնում, որովհետև ուրիշ ճանապարհ չկա»:
Ավելացնենք, որ «Ժառանգության» մեկ այլ անդամ` կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ նկատել է, ԲՀԿ համագումարը շրջանցել է Հայաստանը արագացված կերպով Մաքսային միություն մտցնելու և դրա հետ սերտորեն կապված գազային համաձայնագրերի հարցերը: