Ստեփան Սաֆարյան. ԲՀԿ համագումարն էլ շրջանցեց Հայաստանը արագացված կերպով Մաքսային միություն մտցնելու հարցերը
«Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԲՀԿ այսօրվա համագումարին:
«ԲՀԿ համագումարն էլ շրջանցեց Հայաստանը արագացված կերպով Մաքսային միություն մտցնելու, դրա հետ սերտորեն կապված գազային համաձայնագրերի հարցերը: Ըստ այդմ, հարցականներն էլ ավելի են շատանում դեկտեմբերի 23-ին Աժ-ում այդ համաձայնագրերի վավերացման նիստի թատերական ներկայացման կապակցությամբ:
Ես չեմ քննադատում, որ ԲՀԿ-ն, ըստ էության, կողմ է Մաքսային միությանն անդամակցելուն: Դա իրենց իրավունքն է, իրենց աշխարհայացքն է: Այդ դեպքում հարց է ծագում. եթե հաջողվի կառավարության հրաժարականին հասնել, ապա ո՞րն է լինելու նոր կառավարության արտաքին քաղաքական ուղեգիծը. ավելի մեծ թափով ու ավելի սրընթաց Մաքսային միության մեջ մխրճվե՞լը:
Հետևաբար, իմ անձնական կարծիքով, անհրաժեշտ է, որպեսզի կառավարության արձակման և նոր կառավարության ձևավորման շուրջ ընթացող բանակցություններում համաձայնություն ձեռք բերվի, որ նոր կառավարությանը չի տանելու ներկայիս կառավարության ոչ ներքին քաղաքական, ոչ էլ արտաքին քաղաքական գիծը: Այլապես, գարշոկների տեղափոխությունից դրանց պարունակությունը չի փոխվում: