Ինչ արժե մեզ կառավարելը
Բյուջե 2014-ի նախագիծը շարունակում է մնալ նույնքան խորհրդավոր, որքան մեր իշխանությունների տնտեսական քաղաքականությունը: Ճիշտ ու ճիշտ Մաքսային միության տնտեսական ճակատագրի նման: Ո՛չ խորհրդարանական պարտադիր քննարկումներն են լույս սփռում այս ոլորտների վրա, ո՛չ փորձագիտական վերլուծություն-կարծիքները: Հետևաբար` մեզ մնում է հընթացս ու ինքնուրույն գլուխ հանել տնտեսական այս փորձանք-գլուխկոտրուկներից: Ի տարբերություն Մաքսային միության անհայտության, Բյուջե 2014-ը հստակ ու հրապարակված տեքստ ունի:
Ունի նաև երկար-բարակ հավելվածներ: Հետևաբար` դժվար է խուսափել դրանցից մի բան հասկանալու գայթակղությունից: Բայց համամասնություն ու հստակ տարվող տնտեսական քաղաքականության բաղադրիչներ գտնելը համարյա անհնար է:
Բյուջեի երեք հիմնական` մուտքերի, ծախսերի և դեֆիցիտի համադրումներից անգամ դժվար է միանշանակ եզրակացություններ կատարել: Վերցնենք, օրինակ, դեֆիցիտի ցուցանիշը: 2011-ին այն համարյա 150 մլրդ դրամ էր: Անցնող տարիների ընթացքում դեֆիցիտը կայուն նվազել է: 2012-ին 133 մլրդ դրամ էր, 2013-ին` 120: Իսկ 2014-ին նախատեսվում է մոտ 111 մլրդ դրամ:
Եթե ցանկանաք, այս թվերից կարելի է ենթադրել, որ կառավարությունը ճիշտ է վարվում ու ամեն տարի փորձում է զսպել պարտքով ապրելու գայթակղությունը: Ի վերջո, համաշխարհային տնտեսական ճգնաժամի պարագային` միջազգային ֆինանսական կառույցներն այս խնդիրը պարտադիր են համարում:
Նույնիսկ տնտեսական զարգացած երկրների համար: Համարելը համարում են, բայց հատկապես զարգացած երկրները գտնում են այս պարտադրանքին չենթարկվելու ուղիներ: Իրենք գտնում են, բայց ուրիշներին պարտադրում են հնարավորինս կրճատել բյուջետային դեֆիցիտը: Հետևաբար` մեր կառավարության գործունեությունը քննադատողների համար բարդ չէ ապացուցել, որ դեֆիցիտի կրճատումն ակամա երևույթ է, որ տարեցտարի մեր կառավարությանն ավելի ու ավելի դժվար է միջազգային կառույցներից փող կորզելը: Հետևաբար` առաջնային կարևորություն է ստանում այն, թե ինչպես ենք պատրաստվում ծախսել 2014-ի` արդեն իսկ պլանավորված փողերը: Հատկապես, որ տնտեսական համաշխարհային ճգնաժամի ու ներքին գնաճի հանգույն, մեր տնտեսության աճի տեմպը խիստ դանդաղել է:
Զուտ ծախսերի մասով դրամական արտահայտությամբ 2013-ի բյուջեն ընդամենը 7 տոկոսով էր գերազանցում նախորդ տարվան, իսկ 2014-ն այս տարվա համեմատ 9 տոկոս աճ է պլանավորում: Երկնիշ աճի երանելի ժամանակներն արդեն անցել են: Հավանաբար` անվերադարձ: Բայց միևնույն է, տարեցտարի ավելանում են մեզ կառավարելու վրա կատարվող ծախսերը:
Հավանաբար, տարեցտարի մեզ կառավարելն ավելի ու ավելի բարդ գործ է դառնում: Անգամ արտագաղթի «հարվածային» պայմաններում մեր պետական ապարատն ավելի ու ավելի մեծ միջոցներ է խլում բյուջեից: 2013-ի 7 տոկոսանոց աճի պարագային մեր կառավարման հիմնական օղակներն առաջանցիկ տեմպերով պլանավորեցին իրենց ծախսերը: Օրինակ, նախորդ տարվա համեմատ` ԱԺ-ն 10 տոկոս ավելի գումար պլանավորեց իր համար, նախագահի աշխատակազմը` 9 տոկոս, կառավարությանը` 10: 2013-ին նախորդ տարվա համեմատ` գործադիր իշխանության ծախսերը 9,2 տոկոս բարձր էին:
Հավանաբար` ժողովրդական ասացվածքը ճիշտ է «Ախորժակն ուտելիս է բացվում»: 2014-ի նախագծի համաձայն` գործադիր իշխանության ծախսերը 19 տոկոսանոց աճ են արձանագրելու: Համարյա ստանդարտ դարձած 8-9 տոկոսով ավելանալու են մեզ կառավարող խոշորագույն օղակների ծախսերը:
Օրենսդիր մարմինը` ԱԺ-ն, ակնկալում է ստանալ մոտ 3 մլրդ 600 մլն դրամ (2013-ի 2,84 մլրդ-ի դիմաց): Նախագահական աշխատակազմի ծախսերը կազմելու են մոտ 3,2 մլրդ դրամ (2013-ի 2.9-ի դիմաց): Կառավարության աշխատակազմինը` 1,7 (1,4-ի դիմաց): Իսկ գործադիր իշխանության միացյալ ծախսերն այս տարվա 7,4 մլրդ դրամի փոխարեն` կհասնեն 9 մլրդ դրամի: Ընդհանուր բնույթի կառավարման ծախսերն աննախադեպ ծավալ են ունենալու` 211 մլրդ դրամից ավելի:
Եթե սրան գումարենք հասարակական կարգի պահպանության, անվտանգության ու դատական համակարգի 82 մլրդ-ը գերազանցող ծախսերը, կստացվի, որ մեր հարազատ իշխանությունները մեզ կառավարելու, օրենքներ գրելու, դատելու, խուլիգանությունից մինչև հայրենիքի դավաճանության փորձերը կանխելու համար բյուջեի ծախսերի մոտ 24 տոկոսն են մտադիր օգտագործել: Մոտ 293,5 մլրդ դրամ: Բյուջե 2014-ի նախագծով` բավական դժվար կառավարելի, անկատար օրենսդրություն ունեցող ու անհուսալի ազգ դուրս եկանք: Փաստորեն:
«168 ԺԱՄ»