Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ճշգրիտ քարտեզը

Ներկայիս քարտեզներում ՀՀ-ն Արցախից բաժանող գիծը ջանասիրաբար պատկերված է թավ՝ միջազգային սահմանի պես: Սակայն «Նաիրի» համընկերությունը՝ «Կոլլաժ» հրատարակչության հետ համատեղ, ձեռնարկել է հայոց ներկայիս ամբողջական տարածքը ճշգրիտ արտապատկերել և այդ տարբերակը տարածել մեր մեջ:

Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտարարեցին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, քարտեզագիր Գրիգոր Բեգլարյանը, «Ինստիգեյթ» ընկերության համահիմնադիր Վահագն Պողոսյանը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Այս նոր քարտեզում այդ գիծը պատկերված է հայոց շրջանները միմյանցից բաժանող ներքին սահմանների պես, իսկ Արցախի շրջանները թվարկված են մյուս շրջանների հետ միասին՝ մեկ ընդհանուր ցանկում, այբբենական կարգով:

Վահագն Պողոսյանի խոսքով՝ քարտեզը ստեղծվել է՝ ներքին սպառման, այլ ոչ թե միջազգային հարաբերություններում կիրառելու համար.

«Մեր կարծիքով՝ չի կարելի պարզապես օգտագործել այն քարտեզները, որտեղ թավ գծով սահմանները բաժանված են ՀՀ-ի և Արցախի միջև: Ստացվում է, որ մենք մեր ձեռքով ազգը, պետությունը պառակտում ենք: Քարտեզի ստեղծման նպատակն այդ գիծը վերացնելն է և սահմանները ճշգրիտ պատկերելը»:

Քարտեզագիր Գիրգոր Բեգլարյանը, ով համագործակցում է «Կոլլաժ» հրատարակչության հետ, անչափ կարևորեց այս նախագիծը և նոր քարտեզի տարածումը: Ըստ նրա՝ սա մեծ առաջընթաց էր մեր քարտեզագրության համար.

«Գոյություն ունի մեկ Հայաստան, որն ունի մոտ 850 հազար քառակուսի կիլոմետր տարածք, և որից մոտ 810 հազարն այսօր ռազմակալված է օտարների կողմից: Այսօր, փաստորեն, մենք ունենք 42 հազար քառակուսի կիլոմետր տարածք ունեցող պետություն, որի մայրաքաղաքն է Երևանը, և որը ներառում է Արցախի Հանրապետությունը: Քանի որ մենք գիտենք արտաքին աշխարհի բարոյական մակարդակը, ապա մնացած ամեն ինչն այդ աշխարհի հետ ինչ-որ լեզու գտնելու համար է:

Ես գտնում եմ, որ սա պետական գործ էր, և պետությունը սա պետք է աներ օրենքի մակարդակով:

Ինձ նաև զարմացնում է մեր հասարակության ուշ արթնացումը, մտավախությունը, որ Հայաստանը կմտնի Եվրասիական տնտեսական միություն՝ առանց Արցախի: Դա՝ այն դեպքում, երբ մենք 1991-92-ից ՄԱԿ-ի անդամ ենք՝ առանց Արցախի: Մինչ այդ դա ոչ մեկին չէր հուզում: Բայց սա է իրականությունը:

Օգտագործելով առիթը՝ պետք է նաև ասեմ, որ «Կոլլաժ» ընկերության հետ համատեղ՝ ես պատրաստում եմ ամբողջ պատմական Հայաստանի մանրամասն քարտեզը: Դա լինելու է աննախադեպ երևույթ մեր քարտեզագրության մեջ, քանի որ յուրաքանչյուր 1 սմ-ում 3 կմ մասշտաբով գծվում է ամբողջ պատմական Հայաստանը՝ Պոլսից մինչև Կասպից ծով, Կիլիկիայից մինչև Դաղստան: Նաև վերականգնվելու են բոլոր հայկական անվանումները, որոնք, մենք կարծում ենք՝ հայկական չէ: Այդ քարտեզն ապրիլին Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի կապակցությամբ լույս է տեսնելու և մտնելու գործածության մեջ»:

Կարեն Վարդանյանն էլ ասաց, որ իրենք այս քայլով ցանկացել են ցույց տալ, որ չեն ենթարկվում այն ուժերին, որոնք ինչ-որ արհեստական տարածք են գծում ու ասում, որ պետք է ենթարկվենք ու համակերպվենք դրանց: Նրա խոսքով՝ սա նաև քայլ է, որն ուղղված է իշխանություններին օգնելուն.

«Եթե մենք սա բավականին լուրջ տարածենք և ազգաբնակչությանը հասկացնենք, որ սա է մեր իրական քարտեզը, ապա արտաքին ուժերը, որոնք փորձում են մեր երկրի երկու մասերի միջև մաքսակետեր տեղադրել, պարզապես կհրաժարվեն: Կարծում եմ՝ այս քարտեզը պետք է ուղարկենք և՛ արևմտյան երկրներին, և՛ արևելյան երկրներին, որպեսզի բոլորն էլ հասկանան, որ մենք մանիպուլյացիայի չենք ենթարկվում. մենք այս քարտեզն ու այս տարածքներն ունենալու համար երդվել ենք, զոհեր ենք ունեցել, և հետ գնալ, ինչ է թե՝ ինչ-որ մեկն ասում է՝ մաքսային այս ռեժիմը կապահովի, որ երկու հատ կոնֆետ ավելի ուտեք, կարծում եմ՝ դա մեր նկարագիրը չէ»:

Գագիկ Գինոսյանն էլ կարևորեց հատկապես քարտեզում նշված շրջանների զուտ հակական անվանումները: Այդպիսով նա Ցեղասպանության թանգարանի աշխատակազմին կոչ արեց, որ եթե անգամ պատի վրայից չեն մաքրվի հայկական բնակավայրերի թուրքական անվանումները, ապա գոնե դրանց վերևում և ավելի մեծ տառերով գրվեն բուն հայկական անվանումները: Ըստ նրա՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ՝ դա ամենակարևոր քայլերից մեկն է, որ պետք է արվի:

Տեսանյութեր

Լրահոս