Բաժիններ՝

«Բա ինչո՞ւ չեք գրում, որ ամեն օր Դովեղը ռմբակոծում են»

Դովեղում եմ: Արևոտ, խաղաղ օր է: Փողոցներում մարդ չի երևում: Տնակ հիշեցնող խանութ եմ մտնում: Երեք-չորս զույգ կոշիկ է սեղանին, հարևանությամբ՝ շաքարավազ, արևածաղկի սերմ, բրինձ:
– Մարոժնի կա՞,- ներս մտավ 30-ի մոտ մի տղամարդ:

– Կա՛ ոչ,- արձագանքեց գեղեցկադեմ վաճառողուհին:

– Ումոնցե՞ ես, աղջիկ ջան,- ինձ տեսնելով՝ հետաքրքրվեց մի տատիկ:

– Ավագյան Վիգենի աղջիկն եմ,- ասացի ես:

– Վայ, աղջիկ ջան: Բա ես էլ Արամայիսի աղջիկն եմ… Բա դե արի գնանք մեր տուն, Վիգենին շատ լավ գիտեի: Գնաք, կոֆե-մոֆե սարքեմ, մի քիչ էլ խնձոր դնեմ, տար երեխեքին:

– Շնորհակալություն, տատիկ ջան, մեկ ուրիշ անգամ:

– Չե՞ս վախենում, եկել ես, աղջիկ ջան,- հարցրեց վաճառողուհին:

– Չէ, ինչո՞ւ պիտի վախենամ:

– Գեղի հենց էս մասը գրանամյոտներով ռմբակոծում են: Էս գիշերն անընդհատ ռմբակոծել են:

Հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը հակառակորդը Քամառլու գյուղի հենակետերից ռմբակոծել է Դովեղը: «Ամեն օր ռմբակոծում են: Չենք կարողանում մեր մշակած այգիների բերքից օգտվենք: Հեռուստացույցով ասում են՝ ռմբակոծել են Չինարին, Մովսես գյուղը, բա ինչի՞ մեր մասին էլ չեն ասում: Օր չկա, չկրակեն: Մի տասը տարի հետո մենք ենք մնալու գյուղում: Ջահելներն էլ գնացած կլինեն: Մեկը ՝ ես, ո՞նց թողնեմ տղաս մնա»:

«Իմ գործընկերը՝ լրագրող Թաթուլ Հակոբյանը, պատմում էր, որ Դովեղում փողոցներում լուսավորություն են անցկացնում (իրո՛ք, գյուղում փողոցներում ձգվում էին լարերը)»:

«Է, հա, մի բարերար կա, օգնում ա, ապրի էդ բարերարի արևը, բայց էդ մարդը մի օր որ ընկավ-մեռավ, ո՞նց պիտի լինի: Ո՞վ պիտի էդ լուսավորության փողը տա՝ կա՛մ գյուղապետարանի վրա կընկնի ծախսը, կա՛մ մեր: Է՜…»:

Սահմանամերձ Դովեղի գյուղապետի հետ զրույցս ու ռեպորտաժը՝ գյուղից, կներկայացնեմ առաջիկայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս