Խոսեք` որքան ուզում եք, կիշխեմ ինչպես ուզում եմ
Անկախության օրը մեծ է գայթակղությունը` մատների վրա հաշվել ձեռքբերումները: Ծալում ես մի մատդ, մյուսըգ Երրորդին արդեն լարվում ես: Երկար մտածելուց հետո «հնաբնակ» լրագրողներից ոմանք նկատեցին ազատ խոսքը, անկախ մամուլը` որպես արժեքավոր ձեռքբերում: Թեև անմիջապես անհրաժեշտություն առաջացավ շտկել սեփական խոսքը: Այդուհանդերձ` համեմատաբա՛ր ազատ խոսք, համեմատաբա՛ր անկախ մամուլ:
Իշխող վերնախավի անդամների կենսագրության ամենահիշարժան դրվագները կարելի է հանդիպել Քրեական օրենսգրքի գրեթե բոլոր «նշանակալի» հոդվածներում: Սկսած` կեղծված ընտրություններից, իշխանության զավթումից, բռնաբարությունից, պետական ունեցվածքի վատնումից, վերջացրած` փողերի լվացմամբ, կոռուպցիայով: Սակայն նրանց հանդեպ հնչող ողջ քննադատությունը վերևում ընդունում են սառն անտարբերությամբ: Առհասարակ, անհարմար չզգալն իշխանությունների ինքնապաշտպանական առաջին արձագանքն է:
Այսօր խնդիր է ոչ թե ճշմարտությունն ասելու քաջություն ունենալը, հիմնավոր քննադատությունը, այլ այդ քննադատության արդյունքը տեսնելը:
Ազատ խոսքն ու անկախ մամուլը (անգամ` եթե դրանք համեմատաբար են ազատ ու անկախ) մեր իշխանությունների համար անհարմարություններ չեն ստեղծում: Եթե չասենք` ճիշտ հակառակը: Անհրաժեշտության դեպքում կարող են անգամ մատով ցույց տալ. «Խնդրեմ, մեր երկրում մամուլն ազատ է, գրում է այն, ինչ ցանկանում է»:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի և նրա ընտանիքի կենսագրությունը գանգստերական գրականության համար բացառիկ իրապատում նյութ է:
Լրատվամիջոցները գրեցին այս ընտանիքի գրեթե բոլոր ներկայացուցիչների վայրագությունների, սարսափելի սպանությունների, թմրամոլության, այլ հանցագործությունների մասին: Երկրի նախագահն այդ ողջ ընթացքում այն է` կամ քաղաքում չէր, այն է` զբաղված էր. հարկ չհամարեց արձագանքել: Սուրեն Խաչատրյանը հերթական աղմկոտ սպանությունից հետո ստիպված եղավ դադարեցնել իր լիազորությունները Սյունիքի մարզպետի պաշտոնում: Եվ ի՞նչ` ՀՀԿ-ում Միշել Մոնտենի հեղինակությունն ունեցող Գալուստ Սահակյանը չբացառեց Սուրեն Խաչատրյանին նոր պաշտոն տալու հնարավորությունը:
Մասնավորապես, Սուրեն Խաչատրյանի դեպքում ասել, թե լրագրողներն ազատ չէին, մամուլն այնպես չարձագանքեց, ազնիվ չէ: Սակայն դրանից ևս ոչինչ չփոխվեց: Ազատ խոսքն ու անգամ ամենասուր քննադատությունն իշխանությունը համարում է թույլատրելի, անմեղ մանրուք: Որովհետև այն ոչ մի վտանգ չի ներկայացնում. մամուլի, լրատվամիջոցների ազդեցության շրջանակը շատ նեղ է:
Մամուլն այսօր չունի այն ազդեցությունն, ինչ ուներ անկախության առաջին տարիներին, ընդհուպ` մինչև «Ա1+»-ի փակումը: Քաղաքական իրավիճակն էլ այնպիսին է, որ նրանք, ովքեր պատրաստ էին գործել 10-15 տարի առաջ, այսօր արդեն չեն կարողանում: Չեն էլ ցանկանում:
Ե՞րբ անհրաժեշտություն առաջացավ փակել «Ա1+»-ը: 2002-ի հասարակական տրամադրություններն այսօրվա հետ համեմատելի չէին: Այն ժամանակ ազատ ու անկախ խոսքը կարողանում էր աշխատել, այսինքն` զորություն ուներ: Մարդիկ դեռ չէին հասցրել որը` արտագաղթել, որը` հիասթափվել, որը` զոհվել, որը` ծերանալ, որը՝ վաճառվել իշխանություններին: Շատ ջրեր են հոսել այս տասը տարում` նախընտրական, ընտրական, հետընտրական գործողությունները, Մարտի 1-ը, իշխանությունների անհասկանալի կենսունակությունը հյուծեցին հասարակությանը: Բթացրեցին զգայարանները:
Դա է հիմնավորումը` ինչո՞ւ են այսօր հիմնականում փողոց դուրս գալիս երիտասարդները:
Եվ հետո` այսօր ազատ մամուլի կողքին կան հեռուստաընկերություններն ու ամսագրերը (գլյանցը): Հեռուստատեսությունը տեղեկատվություն ստանալու ամենահուսահատ միջոցն է. ուր պիտի հասնի, որ փորձես օրվա լրահոսին ծանոթանալ, օրինակ, «Հայլուրից»:
Հեռուստաընկերությունները գտել են տեղեկատվությանը փոխարինող տարբերակը. տեղեկատվությո՞ւն ես ցանկանում: Խնդրեմ, ընթերցիր աստղերի ինտիմ հարաբերությունների մասին, ծանոթացիր նրանց անձնական կյանքին: Ամառը հանգստանա՞լ ես ուզում` գնա Անթալիա (ահա փայլուն ու գունավոր նկարներ` լողափերից, հյուրանոցների ճաշարաններից):
Լրատվամիջոցներն էլ տեսնում ու զգում են` իրենք կարող են գրել ճշմարտությունը, լրագրողական հետաքննություն անել: Իսկ արդյո՞ւնքըգ Այնպես չէ, որ հետաքրքիր չէ: Հետաքրքիր է, հաճելի է ընթերցելը` սուրճի բաժակը` ձեռքիդ: Ֆեյսբուքը մեծ հնարավորություններ է ստեղծում` տարածել սրամտությունդ` թեմայի շուրջ, արձագանքիդ լայքերը հավաքելը մեկ այլ հաճույք է: Վիրտուալ տարածքում անսահմանափակ ազատությունը ստեղծում է խաբուսիկ պատկեր` իբրև դու ազատ ես: Անջատում ես համակարգիչդ, ու վերջ:
Երբ ազատ խոսքը տեղ չի հասնում, չի աշխատում, այն իմաստազրկվում է: Եվ դառնում անվտանգ: Եվ այդ անվտանգ վիճակը բերում է լճացման: Հիմա էլ ճիշտ այդ միտումներն են. Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կարծես թե լծվել է Սերժ Սարգսյանին երկրի ղեկավարի պաշտոնում հավերժացնելու գործին: Սակայն այս ամենը կարծես արդեն եղել է հեռավոր Պարագվայում: Այնտեղ, մասնակցելով չորս տարբեր հեղաշրջումների, 1954 թվականի հերթական հեղաշրջումից հետո գեներալ Ստրեսսներն իրեն հայտարարում է նախագահ: Ստրեսսների լիազորությունները ձգվում են 1954-ից` 1989թթ.: Նա անընդմեջ վերընտրվում է 1958-ին, 63-ին, 68-ին, 73-ին, 78-ին, 83-ին, 88-ին: Նրա իշխանությունն ավարտվում է 1989թ.-ին: Ստրեսսներն ինքն էլ դառնում է հեղաշրջման զոհ, որի հեղինակը փեսան էր:
«168 ԺԱՄ»