Ո՞վ է կանգնեցնելու թուրքական բանակին, Ջերմուկը դաս չեղա՞վ… չիպերի դիմաց հանձնում են Մեղրին… Իսկ կարո՞ղ է վերջին մոդելի Iphone-ով Երևանն էլ հանձնեն. Արթուր Խաչիկյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ինչո՞ւ է ընդդիմության մի հատվածը, որը մասնակցել է 2018-ի գունավոր հեղափոխությանը, այսօր Նիկոլ Փաշինյանին թողած՝ խոսում 2018 թվականից, «Սերժին մերժելուց». երբ քեզ հարցնում են՝ ինչո՞ւ տապալեցիր ընտրությունները, շատ հեշտ է ուշադրությունը շեղել այլ ուղղությամբ, միայն թե չպատասխանես բուն հարցին… Եվ փոխանակ խոսել այն մասին՝ ո՞վ փոշիացրեց ձայները, ո՞վ թույլ տվեց, որ այս իշխանությունը վերարտադրվի, ո՞վ սխալ ընտրություն կատարեց, խոսում են ուրիշ բաներից: Փոխանակ խոսեն 2026թ.-ից, խոսում են 2018-ից: Ես չեմ նայում Ազգային ժողովում էդ թատրոնը: Սերժ մերժողներին ցույց տվեք Wall street Journal-ի օրեր առաջ հրապարակած հոդվածը, որտեղ ասում են՝ մենք գնեցինք Մեղրին չիպերի դիմաց: Ցույց տվեք Guardian-ի հոդվածը, որում գրված է, որ TRIPP-ի կառավարիչ Սոկոլովը ԱՄՆ հանրապետականներին 12 միլիոն դոլար է տվել, 350 միլիոն դոլար էլ հավաքել են, որ Թրամփի նստավայրը կառուցեն: Դրա դիմաց նրան հանձնվեց TRIPP+-ը: Եթե սա կոռուպցիա չէ, ապա ի՞նչ է: 
  • 2018թ. ես էլ եմ մի քանի օրով հավատացել այդ մարդուն (Փաշինյանին): Երբ հրապարակում ասաց՝ հրապարակից ես կկառավարեմ երկիրը, հասկացա, որ սա դեմագոգ է: Այո՛, 2018-ինը դա գունավոր հեղափոխություն էր: Անհնար է, որ այդպիսի հեղաշրջումը կազմակերպվեր առանց արտասահմանի՝ արտաքին ուժերի աջակցության:
  • Մենք կորցրեցինք Արցախը, հիմա պետք է ամեն ինչ անենք, որ չկորցնենք Հայաստանը, եթե դա հնարավոր է, կանխենք Հայաստանի լիակատար թրքացումը, շատ արագ Ադրբեջանի կազմում վասալ պետություն դառնալը: Եթե տեսնեք՝ միջազգային մամուլն ինչ է գրում TRIPP-ի մասին… մի դրախտ են ներկայացնում: Բայց անկախ աղբյուրները նշում են՝ սա կատարյալ գաղութացում է, ցամաքային Հորմուզի նեղուց են դարձնում Հայաստանի այդ հատվածը
  • Մեր ամբողջ ռեգիոնում համաշխարհային պատերազմ է, և այդ պատերազմը սկսում է ձուլվել ուկրաինական պատերազմին: Մենք համաշխարհային պատերազմի կիզակետում ենք ու մինչ օրս դեռ քննարկում ենք՝ 2018 թվականին ո՞վ էր մեղավոր:

Կարդացեք նաև

  • Մենք ապրում ենք մի աշխարհում, ուր տեխնոլոգիական տնտեսական հարցերը դարձել են զենք և օգտագործվում են՝ որպես քաղաքական գործիք: Ատոմակայանի փակումն էլի զենք է դառնում մեր դեմ: Փաստորեն, նախկին իշխանությունները 5 միլիարդով Արցախը չհանձնեցին, բայց սրանք չիպերի դիմաց հանձնեցին Մեղրին: Հետաքրքիր է՝ եթե մեր բնակչությանը յուրաքանչյուրին վերջին մոդելի IPhone տան, Երևա՞նն էլ կհանձնեն: «Հիանալի» գաղափար է չիպերի դիմաց խաղաղություն ստանալը:

Հիշեցնենք. 2020թ. Բելառուսի նախագահ Լուկաշենկոն պատմել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր միջոցով ժամանակին ֆինանսական առաջարկ էր փոխանցել Երևանին: Նա նշել էր, որ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արվել է Արցախի հարցը գումարով լուծելու առաջարկ, սակայն Սարգսյանը հրաժարվել է այդ առաջարկից: 

Սկանդալային ձայնագրություն հրապարակվեց, որում Լուկաշենկոն Ալիևի անունից Սերժ Սարգսյանին 5 միլիարդ դոլար էր առաջարկում Արցախի 7 շրջաններից հրաժարվելու դիմաց, և Սերժ Սարգսյանը մերժում է առաջարկը: 

«Ես այսօր առաջին անգամ եմ հրապարակավ ասում դա, եղել է նման բան։ Բայց Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել է դրանից»,- «Беларусь 1»-ի փոխանցմամբ՝ ասել էր Լուկաշենկոն։ 

Հայկական սոցցանցային տիրույթում և տելեգրամ ալիքներում տարածվող սկանդալային աուդիո ձայնագրության մեջ զրուցակիցները ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն էին։ 

Լուկաշենկո. -Տո՛ւր Ալիևին Ղարաբաղի 7 շրջանները, նա քեզ 5 միլիարդ կվճարի առաջին փուլի համար: 

Սերժ Սարգսյան. Ես նրան 6 միլիարդ եմ տալիս, թող նա հրաժարվի։

Լուկաշենկո. -Ինչի՞ց։ 7 շրջանների՞ց։ Ի՞նչ ես խոսում։ Տես, եթե դու տաս այդ շրջանները, կարող ես ասել՝ գնացեք ու Ռուսաստանի հետ մի 20000 հոգի տարեք, թող հարցը լուծեն, բայց դու չես ուզում զիջել։ 

Սարգսյան. -Լսիր, Ալեքսանդր, ես չեմ կարող դա անել, որովհետև այդ 7 շրջանները նվաճվել են այնտեղ զոհված 5000 կյանքերի միջոցով։ 

Ի դեպ, տելեգրամյան ալիքները գրել էին, որ 2018թ. Դուբայում Ալիևի ներկայացուցիչը նման առաջարկ է արել նաև Նիկոլ Փաշինյանին։

  • Ես գիտեմ՝ ինչպես կանգնեցնեն Ուկրաինայում պատերազմը… թող բոլոր ՔՊ-ականներին ուղարկեն Ուկրաինա, մի ամիս հետո կասեն՝ Դոնբասը Ռուսաստան է, թոկ էր մեր վզին, հանձնենք, որ լավ ապրենք, ապագա կա, թող ասեն՝ նախկինները՝ Կուչման էր հանձնել, մենք չէինք, երկրի 25%-ն արագ կզիջեն, կհանձնեն, հետո կասեն՝ դուք ինչո՞ւ չեք զոհվել… Բայց նման բան տեղի չի ունենա, որովհետև Եվրոպան թույլ չի տալիս, որ Ուկրաինան մի միլիմետր զիջի, և դրա համար աշխարհի զենքը տալիս են Ուկրաինային: Ուկրաինան Եվրոպային պետք է, մենք՝ ոչ:
  • TRIPP կոչվածում ֆորմալ ձևով Հայաստանի ինքնիշխանությունը պահպանվելու է, բայց հայ սահմանապահները նստելու են հետևի սենյակում: Մեզ խաբում են՝ ասելով, որ մեր սուվերենությունը պահպանելու են: Մի երկիր ցույց տվեք, որի տարածքում իր իսկ սահմանապահները նստելու են հետևի սենյակում: Մի երկրի անուն ասեք, որ իր երկրի տարածքը 99 տարով զիջել է: Մենք զիջեցինք մեր երկրի տարածքը, տեղը ստացանք չիպեր: Ես չգիտեմ մի երկիր, որի ղեկավարությունն իր երկիրը հանձներ այսպիսի էժան գնով:

Հիշեցնենք. ամերիկյան հեղինակավոր պարբերականը՝ The Wall Street Journal-ը (WSJ), սեպտեմբերի 4-ին՝ հղում անելով բանակցություններին մասնակցած անձանց, գրել է. «ԱՄՆ-ն օգտագործել է Nvidia-ի չիպերի խոստումը՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործարքը կնքելու համար:

… Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը WSJ-ին պատմել է, որ ամերիկյան դիվանագետները բանակցությունների ընթացքում որպես խթան խրախուսել են առաջատար տեխնոլոգիաների հասանելիությունը: «Դրա Nvidia-ի բաղադրիչը գլխավոր խճանկարի չափազանց կարևոր մասն էր»,- նշել է Քվինը: 

Մոնտանայից հանրապետական սենատոր Սթիվ Դեյնսը, ով 2025 թվականի մայիսին Սպիտակ տան բանակցային թիմի անդամների հետ այցելել էր Հայաստան և հանդիպել Փաշինյանին, չիպերը որակել է՝ որպես զգալի քաղաքական ձեռքբերում։ «Չիպեր ստանալը վճռորոշ քաղաքական հաղթանակ էր»,- ասել է նա թերթին։ 

… ԱՄՆ նախկին դեսպան Քվինի խոսքով՝ ի վերջո ԱՄՆ-ն երկկողմ տնտեսական համագործակցության գործարքներ կնքեց թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ՝ որպես խաղաղության բանակցություններին «քաղցրավենիքներ» առաջարկելու միջոց։

«Nvidia-ի բաղադրիչն այս հանելուկի չափազանց կարևոր մասն էր»,- նշել է Քվինը»,- գրել է թերթը։

  • Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրություններ են լինելու, որում Թրամփը պարտվելու է, և հետո լինելու է իմպիչմենթի պրոցես: Դրա համար ուզում են ինչ-որ բան արված ցույց տալ: Նույնն էլ՝ այս անձը՝ Փաշինյանը: Երկուսի համար էլ հաջողություն է պետք ցույց տալ, դրա համար են չիպերի գործարան կառուցում Հրազդանում, որը հսկայական էներգիայի ու ջրի ծախսեր է պահանջելու մեր երկրից: Լինելու է ահռելի գործազրկություն: 

Բա չիպերով Միջին Արևելքի պատերազմներն ինչի՞ չեն կանգնեցնում: Բացեիբաց կաշառվում է մեր երկրի կառավարությունը: Հաջորդը Տիգրանաշենն է, մյուս գյուղերը, իրենց Հայաստան գալու հարցը: Արդեն քարտեզներ են հրապարակում՝ այստեղ որտեղ են ապրել:

  • Նայե՛ք՝ Իրանն ինչպես է հարվածում ամերիկյան ռազմական նավերին, փակել է Հորմուզի նեղուցը, մեր ռեգիոնից 30 ամերիկյան ռազմաբազա դուրս է եկել, Իրանի բարեկամ հութիները փակել են Կարմիր ծովը… Վերջին հարվածները Իրանն իրականացնում է նոր բալիստիկ հրթիռներով: ԱՄՆ-ը այս պատերազմում արդեն պարտվել է ռազմական առումով, հիմա պարտվում է տնտեսապես: Իրանը նաև ոչ ռազմական օբյեկտներին է հարվածներ հասցնում՝ դեսպանատներ, տանկերներ: Պատկերացրե՛ք՝ ինչ կլինի, եթե Իրանի սահմանին ամերիկյան ուժեր հայտնվեն: Մեր ռեգիոնում Իրանն ու Ռուսաստանը հանդիսանալու են գերիշխող պետություններ:

  • Կամաց-կամաց կարմիր գծերը հատվում են, և հիմա հարվածներ կարող են լինել թե՛ Ռուսաստանի, և թե՛ Եվրոպայի տարածքում: Մեզ համար ձեռնտու է, որ Ռուսաստանն ու Եվրոպան չբախվեն, որովհետև երբ ամեն անգամ նրանք բախվում են, մեզ համար սարսափելի հետևանքներ են լինում: Չի կարելի հայտնվել նրանց բախման կիզակետում, վաստակել Ռուսաստանի և Իրանի պես թշնամիներ: ՔՊ-ականնե՛ր, Ձեզ ոչինչ չի լինի, բայց մի երկու կոպեկ ստացող մեր թոշակառուները եթե չկարողանան վճարել գազի թանկ գին, կա՛մ սովից կմեռնեն, կա՛մ ցրտից, ինչպես 90-ականներին էր: 
  • Երևի «թուրքական» մեծ սիրո հետևանք է, որ վերջին 150 տարում Թուրքիան կանխեց հայկական պետություն ստեղծելու 4 փորձ, շատ «մեծ սիրո» հետևանք է, որ օկուպացրել են մեր տարածքներն ու դուրս չեն գալիս, էթնիկ զտման են ենթարկել ու հայրենազրկել մի ողջ ժողովրդի… Թուրքերն ուզում են մեզ վերածել իրենց համայնքի ու վերադարձնել 18-րդ դար, որ մենք ամեն օր խնդրենք, որ մեզ չմորթեն ու չբռնաբարեն: Նայեք՝ օտարներն ինչ են գրում՝ 18-19-րդ դարում Օսմանյան կայսրությունում ինչպես էին հայերն ապրում, ինչ հալածանքներ էին… Այդ մասին գրել են ամերիկացիները, անգլիացիները, գերմանացիները: Երևի մենք դեռ կենտրոնական նյարդային ամուր համակարգ չենք ձևավորել ու չենք հասկանում, որ եթե մեզ 4 անգամ կոտորել են, 5-րդ անգամ էլ են նույն բանն անելու:
  • Բիշքեկում Ռուսաստանի ղեկավարի դեմքի արտահայտությունից երևում էր, որ փորձում է Փաշինյանի հետ քաղաքակիրթ լինել, բայց նրա խոսույթը շատ կոշտ էր: Պահանջ է դրված, որոշե՛ք՝ կա՛մ ԵԱՏՄ, կա՛մ ԵՄ: Հայաստանի ղեկավարի խո՞սք էր իր երկրի կենսական շահերին վերաբերող ռազմաբազայի դուրսբերման մասին ասել՝ ուզում եք հանել՝ հանեք, մեզ պետք չէ: Եվ սա այն դեպքում, երբ մենք այդ դեպքում Թուրքիայի հետ մնում ենք մեն մենակ. Ինչ կուզենան, մեզ հետ կանեն: Մենք Ջերմուկ ներխուժում ենք տեսել… Հիմա եթե նույն բանը լինի Գյումրիի հետ, ո՞վ է կանգնեցնելու թուրքական բանակին: Սա ՆԱՏՕ-ի բանակ է, մենք դիմադրել չենք կարող: Մնում ենք իրենց հայեցողությանը: Մեզ Ջերմուկը դաս չեղա՞վ:
  • Իսկ ինչո՞ւ է պետք հրաժարվել ԵԱՏՄ շուկայից՝ ԵՄ-ն ձեռք բերելու համար: Տասնյակ երկրներ կան, որոնք Եվրոպայի հետ առևտրային հարաբերություններ ունեն, բայց դուրս չեն գալիս իրենց տարածաշրջանային կազմակերպություններից: Սա տնտեսական հարց չէ: Տնտեսական ինտեգրացիայի հարցերը Եվրոպան օգտագործում է մեզ Ռուսաստանից պոկելու ու թուրքերի գիրկը նետելու համար: Էս մարդկանց՝ ՔՊ-ի ստերի ցուցակը պետք է գրել:
  • Հայաստանում ո՞ւմ շահերից էր բխում Ռուսաստանի հետ թշնամանալը…Ոչ ոքի, բայց սա պատվեր էր: Եվրոպան ստիպեց դա անել. մեզ թշնամացրեցին ռուսների հետ, հետո կհանձնեն թուրքերին ու ադրբեջանցիներին: Նման բան պատմության մեջ եղել է արդեն:
  • Եվրոպայում աջ և ծայրահեղ աջ, պահպանողական ուժերն ուժեղանում են, և գլոբալիստներին շատ քիչ ժամանակ է մնում: Այս մարդիկ գնալու են, գալու են նոր, խելացի ղեկավարներ, ովքեր կհասկանան, որ Եվրոպայում երբեք խաղաղություն չի լինի, եթե որևէ գերտերության փորձեն մեկուսացնել ու անկյուն մղել: Ի վերջո, խաղաղություն Եվրոպայում կլինի, բայց Արցախն արդեն ոչ ոք մեզ չի տալու: Նրանք գնալու են, բայց մենք մնալու ենք մեր ռեգիոնում Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև: 
  • Եվրոպան դեռ կճնշի Փաշինյանին, և նա չի կարող տեղի չտալ, որովհետև իր՝ իշխանության մնալը կախված է կոնկրետ Եվրոպայից: Չեմ բացառում, որ ԵԱՏՄ-ից ու ՀԱՊԿ-ից էլ դուրս գան, բայց հետևանքները ողբերգական են լինելու: Ռուսաստանում հարյուր-հազարավոր ՀՀ քաղաքացի է ապրում ու աշխատում, ովքեր կորցնելու են Ռուսաստանում ապրելու և աշխատելու իրավունքը: Սա մեծագույն ճգնաժամ է առաջացնելու Հայաստանում: Կրկնում եմ՝ սա մեր շահերից չէր բխում, սա Արևմուտքի հրամանն էր:
  • Փաշինյանը հեղափոխության մասին խոսում է, երբ պետք է ինչ-որ բան հանձնել կամ ժողովրդի ուշադրությունը շեղել: Չի բացառվում, որ Արևմուտքը Փաշինյանին փոխելու ծրագիր ունենա: Չէի ուզենա, որ Հայաստանում անկայունություն լինի, բայց չեմ բացառում, որ ՔՊ-ի ներսում ինչ-որ պահի խժդժություններ սկսվեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930