«Հիմա արդյո՞ք այս մարդիկ Հայաստանի բարօրությունն են ուզում, երբ նման պահանջներ են հնչեցնում: Ցունամին բարձրանում է, սկսվում են կռիվներ, որոնք տարածվելու են ամբողջ տարածաշրջանով, շոշափելու են Պարսկաստանը և Թուրքիայի ուղղորդմամբ հասնելու են այստեղ: Եթե մենք գնում ենք էդ քայլերին, դրանով «էստի համեցե՛ք» ենք ասում, ուզում ենք, որ այդ ցունամին անցնի մեր վրայով, որովհետև ռազմաբազան հանեցիր, ռուսական ողջ սահմանապահ բանակը պիտի հեռանա: Սրանք քայլեր են, որոնք կարող են հանգեցնել մեր երկրի ծայրահեղ փոփոխությանն ու, ի վերջո, կործանմանը»,- ասաց Վարդան Խաչատրյանը:
Երբ ամեն առիթով ասում էինք, որ Արցախում՝ Արաքսի ափին, Հորադիզում՝ մեր պատմական Դիզակում, հայ զինվորը Կապանը, Գորիսն ու Երևանն է պաշտպանում, Քարվաճառում՝ Ջերմուկը, Սևանն ու էլի Երևանը, սթափ բանականության տեր մարդիկ հասկանում էին, էմոցիոնալ վիճակում գտնվողները՝ ոչ, բայց փաստը դա է։ Սկուտեղի վրա ստորագրությամբ մատուցվեց Քարվաճառը, հետևաբար՝ Ջերմուկն ու Գեղարքունիքը պիտի դառնային հարվածի թիրախ։
Փետրվարին սկսված ռուս-ուկրաինական պատերազմը, որն ի սկզբանե Ռուսաստան-Արևմուտք պատերազմ էր, Ադրբեջանի և Թուրքիայի համար հիանալի հնարավորություն ստեղծեց հարձակվելու Հայաստանի վրա՝ ինչպես իրենց երազած Սյունիքով միջանցքը վերցնելու, այնպես էլ՝ Արցախի հարցն առհասարակ փակելու համար, ուստի սպասելի էր, որ հիմա, երբ Ռուսաստանը խիստ ծանր օրեր է ապրում, Ադրբեջանը պետք է հարձակվեր Հայաստանի վրա. ի դեպ, սպասելի էր, որովհետև այդ մասին ահազանգում էինք դեռևս այս տարվա սկզբին՝ փետրվարին։