«Արցախի հարցը փակելով՝ ստացանք Սյունիքի հարց. Ընդդիմությանը ֆիզիկապես մեկուսացրել է, հիմա էլ փորձում է քաղաքականապես հեռացնել». Ստեփան Դանիելյան
Արդեն մի քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում է իրեն 6 ձայն տալ՝ Սահմանադրությունը փոխելու հանրաքվե անցկացնելու համար՝ խոստանալով, որ դրանից հետո ինքը հրաժարական կտա։
Այս շաբաթ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախ այս առաջարկը հնչեցրեց, այնուհետև կրկին սպառնաց ընդդիմությանը, որ եթե իրեն չհեռացնեն, ապա ինքն է ընդդիմությանը հեռացնելու։ Թե ինչ ճանապարհով է պատրաստվում հեռացնել ընդդիմությանը՝ չմանրամասնեց։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, խոսելով Նիկոլ Փաշինյանի այս առաջարկի մասին, ասաց, որ ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքը ներկայացնում է գաղափարախոսություն, այսինքն՝ փոխում է հայերի մտածողությունը։ Եվ այս մտածողության փոփոխության տարրերից մեկը Սահմանադրությունը փոխելն է, որտեղ Անկախության հռչակագրի հղումը կա և որտեղ 1990 թվականին Հայաստանն ու Արցախը միավորվել են, թեպետ 1991 թվականին քաղաքականությունը փոխվեց։
«Մի կողմ դնել Հայոց ցեղասպանությունը, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, դա օգտագործում են Հայաստանին հարևանների հետ կռվացնելու համար։ Փոխում է պատմության դասագրքերը, խորհրդանիշները և այս ամենի մեջ որպես մեկ էլեմենտ՝ փոխում է Սահմանադրությունը։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինքն առաքելություն ունի, առաքելություն իրականացնող մարդ է և, ինչպես հայտարարեց, իր ճակատագիրը դնում է այս հանրաքվեի համար։ Սա է Նիկոլ Փաշինյանի ամբողջ խոսույթը, որը նոր չի ձևավորվել, այն տարիներ շարունակ կա։ Այստեղ հարցն այն է, թե արդյո՞ք իրեն ընդդիմությունից պետք է 6 ձայն, որպեսզի հանրաքվեի խնդիրը դնի ժողովրդի առաջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ստեփան Դանիելյանը։
Քաղաքագետի բնորոշմամբ, այստեղ 2 կարևոր խնդիր կա՝ նախ, եթե Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն ուղղված առաջարկ է հնչեցնում, պետք է ընդդիմության ներկայացուցիչներին դուրս բերի բանտերից։ Այսինքն՝ չի կարող երկխոսություն վարել քաղաքական այն ուժերի հետ, որոնց առաջնորդները գտնվում են ԱԱԾ մեկուսարաններում։ Երկրորդ՝ հանրաքվե կարող է անել ոչ թե 6 ձայն պահանջելով, այլ ընտրությունների տեսքով։ Այսինքն՝ հունիսի ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ հայ ժողովուրդը 1988 թվականից սկսած սխալ ճանապարհով է գնացել, Հայաստանին օգտագործել են, և այլն։
«Կարող է նոր արտահերթ ընտրություններ կազմակերպել, 2 անգամ հրաժարական ներկայացնել, և, ըստ էության, ԱԺ ընտրությունները դառնում են հանրաքվե։ Եթե այդ ընտրություններում հաղթում է, ապա հեշտությամբ կարող է հանրաքվե անել։ Բայց նույնիսկ այս պայմաններում, եթե ցանկանում է, որ ընտրությունները լինեն լեգիտիմ, պետք է մրցակիցներին ազատի բանտերից։ Հակառակ պարագայում այդ ընտրությունները չեն կարող լեգիտիմ լինել։ Դրան զուգահեռ՝ պետք է փոխվի նաև ԿԸՀ նախագահը, որպեսզի ՔՊ-ից չլինի, քանի որ մենք տեսանք, թե ինչ եղավ ԲՀԿ-ի ձայների հետ»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ «սա ոչ միայն Սահմանադրությունը փոխելու հանրաքվե է, այլև Անկախության», Ստեփան Դանիելյանն ասաց՝ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարում է, որ անկախանալով՝ մտել են պատերազմի մեջ, որտեղ դրսի ուժերը Հայաստանին օգտագործել են՝ նկատի ունենալով Ռուսաստանին, դրա համար էլ երկիրն անկախ չէ։
«Այստեղ հարց է առաջանում, եթե մտնենք Նիկոլ Փաշինյանի տրամաբանության մեջ ու ասենք, որ, այո՛, «սխալ տրամաբանությամբ» ենք գնացել և «անկախ չենք», Արցախի հարցը փակելով, ինչպես ինքն է ասում, հիմա էլ ստացել ենք Սյունիքի հարցը, որը դառնում է նոր կոնֆլիկտի պատճառ։ Իր ԱԽ նախկին քարտուղարը հարցազրույցում ասում էր, որ 2022 թվականին, երբ Ջերմուկի դեպքերը եղել են, կանգնեցրել են 2 պատճառով՝ Իրանը զորքերը մոտեցրել է սահմանին, և ԱՄՆ պետքարտուղարը զանգահարել է Ալիևին ու զգուշացրել։ Այսինքն՝ կրկին դրսի ուժերի միջոցով կարողացել է պատերազմը կանգնեցնել կամ հետաձգել։ Արդյունքում՝ խնդիրն արդեն Արցախը չէ, այլ Սյունիքը։ Եվ սա ինքը համարում է անկախություն՝ ասելով, որ մեզ երաշխավորներ պետք չեն, մինչդեռ պատերազմը երաշխավորների միջոցով է կանգնեցրել։
Կրկին իր ԱԽ նախկին քարտուղարն էր ասում, որ 2025 թվականին պատերազմի վտանգ կար՝ ըստ էության ակնարկելով, որ ԵՄ մտնելու սկիզբն անվտանգային առումով է ընդունվել, որպեսզի ԵՄ-ն մտնի այս գործընթացների մեջ ու պրոցեսը կանգնեցնեն։ Այդ օրենքով ոչ թե ԵՄ-ին ինտեգրվելու խնդիր է դրվել, այլ նպատակ է դրվել ԵՄ-ին բերել տարածաշրջան, դարձնել խաղացող, որպեսզի կանգնեցնեն Ադրբեջանի առաջխաղացումը։ Նա նույն տրամաբանությունն է առաջ տանում, որի համար քննադատում է ուրիշներին, և սա համարում է նոր քաղաքականություն և Անկախության սկիզբ։ Ստացվում է՝ Արցախը չէ վեճի պատճառը, փոխարենը՝ Սյունիքն է դարձրել վեճի պատճառ»,- շեշտեց Ստեփան Դանիելյանը։
Խոսելով ընդդիմադիրներին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի սպառնալիքների մասին՝ Ստեփան Դանիելյանը նկատեց, որ հեռացնելը 2 ճանապարհով է լինում՝ ֆիզիկական ու քաղաքական։ Ֆիզիկական առումով շատերին հեռացրել է ու լցրել է ԱԱԾ մեկուսարաններ։ Այն ընդդիմությունը, որին մեղադրում է, ըստ Նիկոլ Փաշինյանի, այլևս ԱԺ-ում չպետք է լինի։
«Նիկոլ Փաշինյանն օգտագործում է, այսպես կոչված, «միքս» տարբերակը. ֆիզիկապես մեկուսացրել է և փորձում է նաև քաղաքականապես հեռացնել»,- ընդգծեց Ստեփան Դանիելյանը։

