Ի՞նչ խնդիր է լուծել Ալիևը՝ Ջերմուկի հատված մտնելով, արդյո՞ք կա պլան Բ, ի՞նչ ռիսկ է պարունակում Ջերմուկի բարձունքներից ադրբեջանական զորքերի հետ չգնալն ու ամրանալը

2025 թվականի փետրվարին՝ «ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ, կամ՝ բանակն իրավունք չունի մտնելու միջազգայնորեն ճանաչված 200 քկմ ՀՀ ինքնիշխան տարածք. Փաշինյանի խոստովանությունը և ոչ օրինական հրամանը» վերտառությամբ մեր հոդվածում անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» հոդվածին, որտեղ նա, մասնավորապես, նշել էր.

«Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»:

Այսինքն, օկուպացված 200 քկմ-ով է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29.743 քառակուսի կիլոմե՞տր:

Մենք մեր հրապարակումներում բազմիցս հարցադրում ենք հնչեցրել՝ երբ Փաշինյանն ասում է, որ ՀՀ ինքնիշխան և միջազգայնորեն ճանաչված տարածքը 29.743 քառակուսի կիլոմետր է, արդյո՞ք այդտեղ հաշվի է առնվում նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ավելի քան 200 քկմ-ն, քանի որ այս հարցի և՛ դրական, և՛ բացասական պատասխանը կարևոր հուշումներ է անելու: Եվ, փաստորեն, Փաշինյան իր վերոնշյալ հոդվածում, ըստ էության, հաստատում է մեր հարցադրման «լեգիտիմությունն» ու արդարացված լինելը:

Կարդացեք նաև

Ավելին, մենք բազմիցս կասկած ենք հայտնել, որ քաղաքական ճանապարհով հնարավոր է լինելու վերադարձնել  օկուպացված ամբողջ 200 քկմ տարածքը, հատկապես, երբ ինչ-որ պահի և ինչ-որ առիթներով Փաշինյանը սկսել էր կասկածի տակ դնել որոշակի հատվածի հայկական լինելը կամ դրանց պատկանելությունը Հայաստանին: Դեռ չենք նշում այն, որ ադրբեջանական առաջխաղացումների դեմն առնելու թույլտվություն չի տրվել, գուցեև՝ արգելք է եղել: Խոսքը, մասնավորապես, 2021 թվականի մայիսին տեղի ունեցած Ադրբեջանի զինուժի ներխուժման մասին է ՀՀ ինքնիշխան տարածք:

Իսկ Ալիևը Փաշինյանի՝ զորքի հետքաշման սկզբնական առաջարկներին ի պատասխան՝ չի թաքցրել, որ չի պատրաստվում զորքը հետ քաշել ՀՀ տարածքներից: Թե ինչու, այդ հարցին էլ վերջին 5 տարիներին բազմաթիվ անգամներ անդրադարձել ենք՝ գրելով, որ նրանք վերահսկողություն են հաստատել կարևորագույն բարձունքների նկատմամբ, որով ռազմավարական, ռազմական, քաղաքական, ջրային կարևոր խնդիրներ են լուծում:

Եվ Նիկոլ Փաշինյանն Ալիևի այս հստակ որոշմանը, Տավուշի հատվածում սահմանազատման և սահմանագծման գործընթացի համատեքստում, հայտարարեց.

«Մենք պատրաստ ենք՝ ոչ թե իրենք հետ գնան, նոր ստորագրենք, այլ՝ ստորագրենք, նոր հետ գնան, մենք էլ, իրենք էլ, բայց դա պետք է գրվի և ստորագրվի այնպես, որ տարընթերցման տեղիք չտա»:

Թե ինչ տեղի ունեցավ կոնկրետ Տավուշում «պիլոտային» սահմանազատմամբ և սահմանագծմամբ, և ինչ է դեռ սպասվում այստեղ գործընթացի երկրորդ փուլով և այլ տեղերում սահմանների ճշգրտման և «անկլավների» հանձնման գործընթացի արդյունքում, կարող ենք և՛ ենթադրել, և՛ պնդումներ անել:

Իսկ այս առումով բարդ ժամանակներն առջևում են, ինչը հաստատեցին երկրի ռազմաքաղաքական և քաղաքական ղեկավարության վերջին հայտարարությունները:

Նախ հունիսի 9-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սահմանազատման և սահմանագծման գործընթացին, փորձել է համոզել, որ ՀՀ տարածքը 29.743 քկմ է, այնուհետ շարունակել է.

«Ոչ մի թիզ հող չի հանձնվելու: Եթե այդ անկլավները ՀՀ 29.743 քկմ-ի մեջ են մտնում, մի միլիմետր հող չի հանձնվելու»:

Այսինքն, ԳՇ պետն անուղղակի հաստատում է` «անկլավները» հանձնվելու են:

Դրանից հետո հուլիսի 9-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ըստ էության, հաստատում է Տիգրանաշենի հանձնման մտադրությունը: Ավելին՝ նա մի շատ վտանգավոր ձևակերպում է անում՝ լեգիտիմացնելով Ջերմուկ ադրբեջանական ներխուժումը և այնտեղ Բաքվի «իրավունքները»:

«Սահմանազատման ընթացքում պետք է այդ հարցերը կարգավորվեն, որովհետև այն քարտեզները, որով սահմանազատումն անում ենք, այդ քարտեզներում այդ տարածքներն արտահայտված են: Մենք չենք կարա մկրատով այդ քարտեզը կտրենք և ասենք՝ էս հատվածն արտահայտվում է, չի արտահայտվում: Եթե մկրատը վերցնենք, քարտեզը կտրենք, Ադրբեջանն էլ Ջերմուկի, Տավուշի Բերքաբերի հատվածները կկտրի, և այդպես՝ ուրիշ հատվածներ»,- ասել է Փաշինյանը:

Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2024 թվականի հունվարին ադրբեջանական լրատվամիջոցների հետ հանդիպմանն Ալիևը հայտարարել էր. 

«Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար։ Ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել՝ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։

Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իրական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը:

Իմ արևմտյան հյուրերից մեկը զրույցի ժամանակ ինձ ասաց. «Չէ՞ որ դուք արբանյակ ունեք, կարող եք տեսնել այդ ամենն արբանյակից», ես պատասխանեցի՝ «իմ արբանյակն իմ աչքերն են»:

Ես պետք է տեսնեմ իմ սեփական աչքերով։ Արբանյակը սարք է, կարող է շարքից դուրս գալ, կամ էլ՝ դուք այն կանջատեք, դա ձեր ձեռքերում է։ Մենք սխալ ոչինչ չենք արել, դա է գլխավորը, հիմնական գործոնը»։

Այսինքն, Ալիևն այն դիրքորոշմանն է, որ նպատակն արդարացնում է միջոցները, իսկ նպատակը սեփական սահմանների անվտանգությունն է և հայկական բանակի նկատմամբ վիզուալ վերահսկողության հաստատումը: Ալիևը նույնիսկ Բաքվի «դատավարության» ժամանակ է փորձել արդարացման հիմք գտնել Հայաստանի վրա 2022թ. սեպտեմբերի հարձակման համար:

168.am-ը դեռ տարիներ առաջ գրել է, թե Փաշինյանն ու Ալիևը սեպտեմբերյան մարտերով ինչ հարցեր լուծեցին:

Ամեն դեպքում, վերադառնանք Փաշինյանի վերջին հայտարարությանը և «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձենք պարզել՝ ինչի՞ մասին է այն հուշում, ի՞նչ իրավունքներ կարող է ունենալ Ադրբեջանը Ջերմուկի հատվածում, որ հայկական կողմն էլ իբր փորձում է զսպել այն, երբ արդեն իսկ Ջերմուկի «գլխին նստած են»:

– Նախևառաջ, անշնորհակալ ու անտրամաբանական գործ է Փաշինյանի որևէ խոսք վերլուծելը կամ դրա հիման վրա եզրակացություններ ու գնահատականներ տալը։ Բայց փաստն այն է, որ մի քանի տարի շարունակ հենց ինքն էր պնդում ու հայտարարում, թե անկլավների հարցը ոչ մի իրավական հիմք չունի, որ նման հարց պարզապես գոյություն չունի, իսկ հիմա բոլորովին այլ մեկնաբանություններ է անում։

Կարելի է անվերջ խոսել սահմանազատումների, սահմանագծումների և դրանցից բխող հնարավոր ռիսկերի մասին, բայց մի բան ակնհայտ է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր, ողջ գործընթացի ընթացքում, Հայաստանը միայն ու միայն զիջել է՝ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական ճակատներում։ Մնացած ամեն ինչ զուտ մեկնաբանության հարց է։

Ես ամենևին չեմ զարմանում Փաշինյանի այն արտահայտության վրա, թե՝ «չենք կարող մկրատով կտրտել քարտեզը»։ Զավեշտն այն է, որ Ալիևը լավ էլ կարողանում է և այսքան ժամանակ հենց դա էլ անում է՝ հաջողությամբ կտրտելով մեր սահմանները։

Իր իսկ մատնանշած տարածքներում չկա սահմանազատման մի շրջան կամ սահմանային գոտի, որը լուծված լինի հօգուտ մեզ։

Ջերմուկի վերաբերյալ նրա վերջին հայտարարությունը ևս ինձ չի զարմացնում, Նիկոլը միշտ էլ նախապես հող է նախապատրաստում, որպեսզի հետագայում «փակի» իր հերթական ձախողումները։ Ցույց տվեք գոնե մեկ գործընթաց, որտեղ Հայաստանը չի զիջել։ Հիմա էլ, փաստացի, սկսվում է «անկլավները» զիջելու նոր արարը։

Իսկ ընդհանուր առմամբ, մեկ այլ զավեշտ է այն իրողությունը, որ պետական մակարդակով սահմանաբաժանումների մասին խոսելիս Փաշինյանը որպես արգումենտ՝ օրինակ է բերում ադրբեջանական մետաղադրամը։ Այ հենց սրանով էլ կարելի է սահմանափակվել, սա է այս մարդկանց պատկերացումները լուրջ քաղաքական պրոցեսների վերաբերյալ:

– Ամեն դեպքում, կարո՞ղ եք առարկայական անդրադառնալ այս ամենի անվտանգային ռիսկերին, այդ թվում՝ Ջերմուկի հատվածի հետ կապված:

– Եթե Տավուշի և Տիգրանաշենի տարածքների հանձնման թեմայով բազմիցս խոսվել է այն համատեքստում, թե ինչպես են դրանով պարալիզացվում Հայաստանի միջպետական ճանապարհները, ապա Ջերմուկի բարձունքներից ադրբեջանական զորքերի հետ չգնալը և այնտեղ ամրանալը պարունակում է կոնկրետ Սյունիքը երկրի «պարանոցից» կտրելու ռազմավարական լուրջ ռիսկեր։

Փոխանակ հանրային ու դիվանագիտական օրակարգերում այս հարցը բարձրացվի և առաջնահերթ հենց այս ուղղությամբ բանակցություններն առաջ մղվեն, տեղի է ունենում հակառակը, ինչը, ըստ էության, հող է նախապատրաստում Վայոց ձորն ու Սյունիքը մշտական բարձր ռիսկի տակ պահելու համար։

Այս իրողությունը ձևավորում է մի քանի լուրջ սպառնալիքներ, որոնք փոխկապակցված են։ Նախ՝ Ջերմուկի բարձունքներից մինչև Նախիջևանի սահման ընկած ամենանեղ հատվածում հակառակորդի խորացումը ստեղծում է մշտական հարվածային միջանցք, ինչը ցանկացած էսկալացիայի դեպքում հնարավորություն է տալիս կիսել երկիրը երկու մասի՝ Սյունիքը մեկուսացնելով կենտրոնից։

Բացի այդ, ինչպես Տավուշում կամ Արարատում խնդիրը միջպետական ճանապարհների խոցելիությունն է, այնպես էլ Ջերմուկի դիրքերից հակառակորդի ուղիղ նշանառության տակ են անցնում Վայք-Սիսիան մայրուղու հանգույցները և տարածաշրջանի կենսական ջրային ու էներգետիկ աղբյուրները։

Միևնույն ժամանակ, Տավուշի կամ «անկլավների» թեման առաջնային պլան մղելով՝ ադրբեջանական կողմը հաջողությամբ շեղում է միջազգային ուշադրությունը ՀՀ սուվերեն տարածքների օկուպացիայից, որտեղ տեղում կատարվող ամրաշինական աշխատանքներով փաստացի փորձ է արվում ձևավորել «նոր սահմանագիծ»։

Իսկ Փաշինյանն այդ թելը թելում է:

Ի վերջո, հարավային թիկունքի և հաղորդակցության ուղիների այս մշտական վտանգվածությունը նպատակաուղղված կերպով թուլացնում է Հայաստանի դիմադրողականությունն ու բանակցային դիրքերը Սյունիքով անցնող տրանսպորտային ուղիների շուրջ ընթացող ավելի մեծ աշխարհաքաղաքական պայքարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031