Այսպես կոչված «կրթական բարեփոխումներն» ու մեդալի իրական երեսը. Լիլիթ Գալստյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Սեպտեմբերի 8-ին հրապարակված OECD-ի PISA 2025 միջազգային կրթական գնահատման ծրագրի պաշտոնական տվյալները սառը ցնցուղի պես իջան ու մերկացրին այսպես կոչված կրթական բարեփոխումների իրական երեսը։ Նշեմ, որ PISA-ն, հանրակրթության ոլորտի ամենահեղինակավոր միջազգային ծրագիրն է․ ստուգում է 15 տարեկան աշակերտների՝ մաթեմատիկա, ընթերցանություն, բնագիտություն առարկաներից ստացած գիտելիքները իրական կյանքում կիրառելու կարողությունը։ Գնահատմանը մասնակցել 15-ամյա աշակերտների մոտ 80 տոկոսը։

Այսպես՝

Մաթեմատիկա -կարողանո՞ւմ է աշակերտը մաթեմատիկական գիտելիքը կիրառել իրական խնդիրների լուծման համար։

Ընթերցանություն – կարո՞ղ է հասկանալ, վերլուծել և գնահատել տարբեր տեքստերից ստացված տեղեկությունը։

Բնագիտություն -կարո՞ղ է գիտական գիտելիքը կիրառել երևույթներ բացատրելու և խնդիրներ վերլուծելու համար։

Եվ ահա, թե ինչ աղետալի պատկեր է արձանագրվել․ Ընթերցանությունից Հայաստանի 15-ամյա աշակերտների միայն 19 տոկոսն է հասել այն նվազագույն մակարդակին, որը PISA-ն անհրաժեշտ է համարում տեքստը հասկանալու, հիմնական միտքը գտնելու և պարզ եզրակացություններ անելու համար։

Մաթեմատիկայից 15-տարեկանների միայն 28 տոկոսն է հասել նվազագույն պահանջվող մակարդակին– կարողանալ կիրառել հիմնական մաթեմատիկական գիտելիքները պարզ խնդիրներ լուծելիս։ Նույն է պատկերը նաև բնագիտության ոլորտում՝ 26 տոկոս։

Վրաստանը և Ադրբեջանը երեք հիմնական ոլորտներում էլ Հայաստանից առաջ են նվազագույն հմտությունների մակարդակի հասնող աշակերտների բաժնով։ Հատկապես մեծ է տարբերությունը ընթերցանության մեջ՝ Հայաստանի 19%-ի դիմաց Վրաստանում 39% է, Ադրբեջանում՝ 35%։

Փաստորեն, Հայաստանի կրթական համակարգի PISA չափումը միջազգային չափանիշի նկատմամբ շատ ցածր արդյունք է ցույց տալիս, և բոլոր երեք հիմնական ուղղություններով տարածաշրջանում, ներառյալ Թուրքիան, ամենացածր ցուցանիշն ունի։

Այս աղետալի պատկերը երկրում կրթական քաղաքականության անարդյունավետության, իսկ ավելի ճիշտ՝ ֆիասկոյի մասին է։

Սա խոսում է «կրթական բարեփոխումներով» հանրակարթության համակարգը շարունակ ցնցումների տանելու, ոլորտի կառավարման անարդյունավետության, խորքային խնդիրներին համակարգային լուծումներ տալու անկարողության և, առհասարակ, երկրի համար խիստ ռազմավարական ուղղության տապալման մասին։

Ի դեպ, վերջին հինգ տարիներին՝ 2021–2025թթ․, կրթության ֆինանսավորումը դրամային արտահայտությամբ արագ աճ է արձանագրել։ ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ կրթության ոլորտի ծախսերը եղել են մոտավորապես՝ 149 մլրդ դրամ (2021), 167 մլրդ (2022), 192 մլրդ (2023), 288 մլրդ (2024) և 300 մլրդ (2025)։

Այսպես կոչված «կրթական բարեփոխումները» եղել են կառավարության և հատկապես տվալ գերատեսչության հիմնական խաղաթուղթը։ Կրթական նոր չափորոշիչն էլ ներկայացվել է որպես կրթական մրցակցային առավելություն։

Բազմաթիվ անգամներ եմ շեշտել, որ դպրոցաշինությունը/ինքնին թերակատարված և անորակ/ դեռ կրթական որակ չէ, ինչպես որակի չափանիշ չեն ձախողված և ոչ բավարար փորձարկում անցած, բայց պարտադրվող դասագրքերը, մեխանիկական ատեստացիան, նույնքան արկածային Ակադեմիական քաղաքը․․․, հանրակրթության կառավարման շարունակ փոփոխվող մոդելները և միմյանց հաջորդող իրավական ակտերն ու չմարսված օրենքների փոփոխությունները։

Կրթական հաստատության ժապավեն կտրելն էլ դեռ գիտելիք ու կառավարում չէ, որ էլ մրցունակ կրթական քաղաքականության գրավական։

Ոլորտի բազմաթիվ փորձագետների հարյուրավոր առաջարկներ և լուծումներ մնում են մերժված– ձայն բարբառոյ յանապատի, որովհետև քաղաքական մեծամասնության թիմից չեն, որովհետև քաղաքական մեծամասնությունն այլ առաջնահերթություններով է առաջնորդվում։

Լոզունգներով, անբովանդակ մեծախոսությամբ, մակերեսային պատկերացումներով և այլակարծությունը մերժող պահվածքով չի կարելի ոլորտ կառավարել կամ քաղաքականություն մշակել– հենց այս մասին է արձանագրված արդյունքը։

Կրթության ոլորտում ցնցումների, սիրողական և պոպուլիստական փորձարկումների կամ օտարածին օրակարգերի համար հանրությունն է վճարում և այն շատ թանկ գին ունի։

Ութը տարի շարունակ ռազմավարական կարևորագույն ուղղություն հանդիսացող Կրթության/ և ոչ միայն/ համակարգը արկածախնդրության տարած և, առհասարակ, հանրությանը այս աղետալի փաստի առջև կանգնեցրած կառավարիչները պիտի պատասխանատվություն կրեն սրա համար։ Նաև կրթության բյուջեի անարդյունավետ ծախսի համար․․․

Ֆեստիվառների, ամեն տեսակի գինարբուկների, թմբուկների հարվածների տակ հնարավոր չէ պարտակել այս ճգնաժամային և ամոթալի պատկերը․․․

Հիշեցի ՔՊ քարոզարշավին աշխատանքի ժամին մասնակցած Արագածոտնի մարզի, նաև Արմավիրի, մի շարք դպրոցների մանկավարժական կոլեկտիվների և աշակերտների մասնակցության դեպքը․․․

Հ․Գ․ Ի դեպ, հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ԿԳՄՍ ոլորտի մի քանի փոխնախարարներ ինչո՞ւ ազատվեցին աշխատանքից։

10.09.2026»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930