Ադրբեջանի թիրախն այս պահին կարող է լինել հայ-ադրբեջանական 1000 կմ-անոց սահմանային հատվածի ցանկացած ուղղություն. Շիրազ Խաչատրյան

Մոտ մեկ ամիս է՝ Ադրբեջանը պարբերաբար ՀՀ զինված ուժերին մեղադրում է հրադադարի ռեժիմը խախտելու համար, մինչդեռ տևական ժամանակ է՝ Ադրբեջանն ինքն է սահմանագոտու գրեթե բոլոր ուղղություններով խախտում հրադադարը՝ կրակոցներ արձակում, մասնավորապես, բնակավայրերի ուղղությամբ:

Ավելին, ապրիլի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրավիրել էր ծառայողական խորհրդակցություն, որի ժամանակ համապատասխան պաշտոնյաներին հստակ խնդիրներ էր առաջադրել՝ կապված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստ լինելու և ցանկացած «սադրանքի» օպերատիվ արձագանքելու հետ:

Իսկ ապրիլի 7-ին արդեն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել էր՝ «նշված շրջաններում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են պատասխան համաչափ միջոցներ»: Այսինքն, ադրբեջանական կողմն ընդունել է իր կողմից կրակոցների փաստը, իհարկե, ներկայացնելով՝ որպես պատասխան:

Ի՞նչ հեռահար նպատակ է հետապնդում Ադրբեջանն իր ոչ թիրախային և թիրախային կրակոցներով և շարունակվող հրադադարի խախտումներով, արդյո՞ք ներկա իրավիճակը մոտ ապագայում կարող է վերածվել կոնկրետ ու առավել մասշտաբային սադրանքի, և ո՞ր ուղղությամբ: Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

Կարդացեք նաև

– Խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության, դրա շուրջ ծավալվող իրադարձությունների, այլ ընդհանուր ռեգիոնալ և աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։

Այն, որ Բաքուն ուժի և ուժի սպառնալիքի կիրառման մեթոդից երբեք չի հրաժարվել և շարունակում է նույն ձեռագրով շարժվել՝ հայկական կողմից շարունակական միակողմանի զիջումներ ստանալու ակնկալիքով, ցավոք սրտի, դարձել է երկու երկրների ղեկավարների կողմից տարվող արտաքին քաղաքական օրակարգ։ Մի կողմը պարտադրում է, մյուսը՝ զիջում։

Բայց այս պահին ադրբեջանական կողմի ակտիվությունը պայմանավորված է ոչ միայն հայկական կողմի վրա ճնշումներ բանեցնելու մարտավարությամբ, այլ նաև խոշոր դերակատարների կողմից մեր տարածաշրջանում տարվող անորոշ գործընթացներով։

Սակայն որքան էլ ռեգիոնում խաղացողների կողմից վերադիրքավորումների անորոշություն լինի, Բաքուն մեկ բան շատ լավ է հասկանում՝ միջազգային խաղի կանոնները համահունչ են նրա վարքագծին: Այսինքն՝ աշխարհում խոշոր դերակատարներից սկսած՝ մինչև փոքր սուբյեկտներ, չեն պահում որևէ խաղի կանոն, և միջազգային իրավունքն ու պայմանագրերը մղվում են երկրորդ պլան, իսկ որոշումները շատ հաճախ թելադրվում են ուժի գերակայության հիման վրա։

Բաքուն տեղեկատվական և այլ հնարքներով մշտապես փորձում է ցույց տալ, որ տարածաշրջանում ռազմական էսկալացիայի վտանգ առկա է, և տարածաշրջանային անկանխատեսելի զարգացումների դեպքում պատեհ առիթ է ստեղծելու Հայաստանի դեմ ռազմական գործողություններ սկսելու համար։

Իսկ ո՞ր դեպքում և ի՞նչ ուղղությամբ է հնարավոր ադրբեջանական հարձակումը, կախված է՝ ինչ խնդիր է փորձելու լուծել տվյալ պահին։ Համենայնդեպս, բացի Սյունիքից, այլ ուղղություններով էսկալացիայի վտանգներ ևս առկա են։

Ըստ էության, Տավուշի ուղղությունը ևս թիրախում է, թեպետ տեղեկություններն այդ հատվածին առնչվող քիչ են: Տավուշյան թևում հնարավոր ռազմական ճանապարհով ի՞նչ խնդիր ունի լուծելու Ադրբեջանը, երբ սահմազատման հաջորդ փուլի ուղղությունը հստակ է, դեռ մի կողմ ենք դնում, որ նախորդ՝ պիլոտային փուլից էլ Ադրբեջանն է շահել:

– Սահմանազատում, սահմանագծում, «խաղաղության պայմանագիր» և նմանատիպ եզրույթները լոկ բառեր են, ուրիշ ոչինչ։ Մենք շատ հաճախ ադրբեջանական հնարավոր ռազմական էսկալացիայի ուղղություն ենք դիտարկում Սյունիքը և հիմնական քննարկումները ծավալում ենք, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Թուրանի ճանապարհի, Հայաստանն Իրանից կտրելու և բազմաթիվ այլ փաստարկների շրջանակներում, և ավելի քիչ ենք քննարկում Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի ուղղություններով ադրբեջանական հնարավոր հարձակման վտանգի և ստեղծվելիք ռիսկերի մասին։

Պարզ է, չէ՞, Վայոց ձորի հատվածում, հատկապես Ջերմուկի ուղղությամբ, ադրբեջանական կողմն ինչպես է ծավալվել, տիրանալով ոչ միայն մեր ռազմավարական բարձունքներին, օկուպացնելով հսկայական տարածքներ, ինչպես է «նստել» մեր ջրային պաշարների գլխին, նույն պատկերը Գեղարքունիքում է: Բայց ասեմ, որ այստեղ ադրբեջանցիների ռազմավարական նպատակն է՝ ինչ-որ ուղղությամբ ոտք դնել Սևանա լիճ, ինչն աղետալի դրության առաջ կկանգնեցնի Հայաստանին։

Իսկ ինչ վերաբերում է Տավուշի ուղղությանը, սամանազատում-սահմանագծում վերջնական գործընթացի (եթե, իհարկե, ավարտվի պրոցեսը) հետևանքով պարալիզացվելու է Հայաստան-Վրաստան տանող գլխավոր ուղղությունը, դեռ չեմ խոսում, որ այդ ուղղությամբ տեսականորեն ռազմական գործողությունների դեպքում էլ ավելի բարդ խնդիրների առաջ կարող ենք հայտնվել։

Այնպես որ, այս պահին թիրախը հայ-ադրբեջանական 1000 կմ-անոց սահմանային հատվածի ցանկացած ուղղություն կարող է լինել, նայած, թե Ադրբեջանն իր համար ինչ առաջնահերթություն կորդեգրի տվյալ պահին։

– Այսօր Սիրիայում Թուրքիա-Իսրայել կոնֆլիկտ կա, լուրջ տարաձայնություններ, և երեկ սիրիական բազայի թիրախավորումից թուրք ինժեներներ են զոհվել: Սրան զուգահեռ՝ կա Իսրայելի հետ ռազմավարական հարաբերություններ ունեցող Ադրբեջանը, ի՞նչ խնդիրների կարող է բախվել նա թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումից:

– Թուրքիայի ու Իսրայելի միջև հարաբերությունները վերջին տարիներին միշտ էլ լարված են եղել՝ պայմանավորված ռեգիոնալ քաղաքականությամբ, և հատկապես՝ Սիրիայում տեղի ունեցող զարգացումներով։ Թուրքիան տարածաշրջանի տարբեր ուղղություններով ագրեսիվ ծավալապաշտական քաղաքականություն է վարում, և թուրքական ազդեցության աճն անհանգստացնում է ոչ միայն Իսրայելին, այլ նաև մյուս խոշոր դերակատարներին՝ ԱՄՆ-ին, ՌԴ-ին, Իրանին:

Մոտ մեկ ամիս առաջ Թուրքիայի, Սիրիայի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի պաշտպանության նախարարների հանդիպումից, պլանների մշակումից, իսկ մոտ երկու շաբաթ առաջ էլ Թուրքիայի՝ Սիրիայի տարածքում ռազմաբազաներ ստեղծելու որոշումից հետո էլ ավելի սրվեցին թուրք-իսրայելական հարաբերությունները։

Եվ որքան էլ Թուրքիան իր զորքերի տեղակայումը Սիրիայում բացատրի ահաբեկչության դեմ պայքարով, պարզ է՝ իր ապագա գործողությունները տարածաշրջանում ուղղված են հենց Իսրայելի դեմ։ Իսրայելը շատ լավ է հասկանում այդ ամենը և տեսնում, որ տարածաշրջանում այսօր իր թիվ մեկ խնդիրը ոչ թե Իրանն է, այլ հենց Թուրքիան, որը հետևողականորեն իր ազդեցության գոտիներն ավելացնում է ցանկացած ուղղությամբ։

Այդ իսկ պատճառով Իսրայելը փորձում է քայլեր ձեռնարկել՝ տարածաշրջանում թուրքական ամրապնդումը թույլ չտալու համար։ Համոզված եմ՝ այստեղ դեռ շատ լարված զարգացումների, բարդ, բազմաշերտ սցենարների ենք ականատես լինելու։

Եվ թուրք-իսրայելական հակասությունների սրացման հետևանքներն անդրադառնալու են ոչ միայն Մերձավոր Արևելքի երկրների, այլ լայն տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հարավային Կովկասի վրա։

Եթե թուրք-իսրայելական հարաբերությունները ծայրահեղ ձևով սրվեն, ապա Ադրբեջանը ևս կարող է բախվել մի շարք ռազմավարական, քաղաքական, տնտեսական խնդիրների և հայտնվել երկակի ճնշման ներքո։

Իսկ Իրան-ԱՄՆ հարաբերությունների ի՞նչ զարգացում ակնկալել, դրա հնարավոր ազդեցությունը տարածաշրջանում: Ի դեպ, մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ նախատեսվում է Իրանի նախագահի այցն Ադրբեջան, արդյո՞ք այն երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային ծրագրերի համատեքստում է լինելու, թե՞ աշխարհաքաղաքական այլ թեմաների՝ թուրք-իսրայելական, ամերիկա-իրանյան և այս ֆոնին՝ նաև ադրբեջանա-իրանական հարաբերությունների հարցը կամ Ադրբեջանի հնարավոր դիրքի:

– Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-Իրան հարաբերությունները գտնվում են լարված ու անկանխատեսելի փուլում։ Չնայած Թրամփն ագրեսիվ հռետորաբանություն է կիրառում Իրանի հանդեպ, զգուշացնում Իրանի դեմ ռազմական գործողությունների հնարավորության մասին, սակայն ներկայում առաջնահերթությունը տրվում է դիվանագիտական ջանքերին, հատկապես նոր միջուկային համաձայնագրի և այլ պայմանավորվածությունների հասնելու նպատակով։

Դժվար է կանխատեսել, թե հաջորդ փուլում ինչ զարգացումներ տեղի կունենան երկկողմ հարաբերություններում, բայց այն, որ ԱՄՆ-Իրան հակամարտության սանձազերծումը վերափոխելու է ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև Հարավային Կովկասի պետությունների ռազմական, տնտեսական և դիվանագիտական բալանսը, և այն վերածվելու է խոշոր դերակատարների առճակատման գոտու, դա ակնհայտ է։

Թե ինչպիսի ռազմաքաղաքական միջավայր կստեղծվի այստեղ, մեծ հաշվով կախված է խոշոր դերակատարների հաշվարկներից, որոշումներից, պայմանավորվածություններից, շահերի համադրումներից և բախումներից։

Բայց նաև այն, որ փոքր պետություններին ներգրավելը հակաիրանյան բլոկում կատաստրոֆիկ է լինելու հենց այդ պետությունների համար, դա նույնպես տեսանելի ու պարզորոշ իրողություն է։

Իսկ ինչ վերաբերում է Բաքու Իրանի նախագահի այցին, ենթադրվում է, որ առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտային և այլ ոլորտների թեմաների քողի տակ քննարկվելու է գլխավոր հարցը՝ տարածաշրջանային անվտանգության թեման։ Իհարկե, Թեհրանի ու Բաքվի հարաբերությունները, այսպես ասած, նուրբ և հավասարակշռված հիմքերի վրա են կառուցված, բայց վերջին ժամանակաշրջանում թուրք-իսրայելական և ամերիկա-իրանյան լարվածության այս փուլում Իրանի նպատակն է զսպել Բաքվի ամբիցիաները: Թե ինչ միջոցներով, ինչ պայմանավորվածությունների և փոխզիջումների դիմաց, այս պահին դժվար է կանխատեսել։

Տեսանյութեր

Լրահոս