Եթե ՀՀ-ն կորցնի անմիջական վերահսկողությունը, սահմանափակվելու են զորքերի մանևրելու և արագ տեղաշարժվելու հնարավորությունները. Վիտալի Մանգասարյան
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Վիլեն Գաբրիելյանը Լրատվական ռադիոյի եթերում ասել է՝ հաշվի առնելով, որ աշխարհաքաղաքական, քաղաքական, տարածաշրջանային վիճակը փոխվել է, գոյություն ունի խաղաղության գործընթաց, ազգային անվտանգությանն առնչվող փաստաթղթերը պետք է վերանայվեն: Այս համատեքստում ՔՊ-ական պատգամավորը նշել է, որ «հայկական բանակը ներկայումս հակառակորդ չունի, բայց հայկական բանակի համար մեկ խնդիրը ՀՀ սահմաններն անվտանգ և անառիկ պահելն է»:
«Հենակետ» ռազմական վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի հետ զրույցում քննարկել ենք, թե այսօրվա աշխարհաքաղաքական, տարածաշրջային իրադարձությունները, աշխարհում անվտանգային զարգացումներն ի՞նչ են հուշում՝ Հայաստանին ինչպիսի՞ ռազմական դոկտրին, ազգային անվտանգության հայեցակարգ է անհրաժեշտ: Եվ արդյոք վտանգավոր չէ՞ այս պահին բանակին ներարկել, որ հակառակորդ չպետք է ունենա:
– Այսօրվա արագ փոփոխվող աշխարհաքաղաքական և տարածաշրջային զարգացումները հրամայական են դարձնում պետական անվտանգային ճարտարապետության հիմնարար վերանայումը։ Վիլեն Գաբրիելյանի այն թեզը, թե «բանակն այս պահին չունի հակառակորդ», խիստ վտանգավոր և իրողություններից կտրված մոտեցում է, քանի որ ժամանակակից աշխարհում անկայունությունն ու սպառնալիքները բազմաշերտ են, և պաշտպանական համակարգը չի կարող կառուցվել միայն տվյալ պահի իրավիճակների վրա։
Այս ֆոնին մտահոգիչ է նաև այն փաստը, որ մինչ այս պահը մենք չունենք ազգային անվտանգության ռազմավարություն։ Վերջին անգամ այն ընդունվել է 2020 թվականի օգոստոսին, և փաստացի հնացած ու այսօրվա մարտահրավերներին չհամապատասխանող փաստաթուղթ է։ Այդ փաստաթուղթը պետությունների ազգային անվտանգության հիմնարար տեսլականն է, և, փաստացի, այս պահին առնվազն փաստաթղթավորված մենք դեռևս չունենք այդ տեսլականը։
Աշխարհում տեղի ունեցող անվտանգային զարգացումները ոչ միայն հուշում, այլև ուղղակիորեն պարտադրում են մեր նման պետություններին գնալ համապարփակ պաշտպանության կոնցեպտի ճանապարհով։ Այս մոտեցումը պահանջում է պետական բոլոր ինստիտուտների, տնտեսության, հասարակության և ենթակառուցվածքների սինխրոնիզացիա և պատրաստվածություն ճգնաժամային իրավիճակներին։ Տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ համապարփակ պաշտպանության կոնցեպտն ընդունվել է Անվտանգության խորհրդի նիստում, սակայն մինչ այս պահը ոչ մի տեսանելի ու առարկայական քայլ այդ ուղղությամբ գործնականում չի արվել: Այդ ամենը պետք է արտացոլվի պետության առաջնահերթությունների մեջ։
2026-2031 թվականների կառավարության ծրագիրն արդեն հավանության է արժանացել, և այստեղ պետք է շատ պարզ հարց տալ՝ եթե անվտանգությունն իսկապես պետության գոյության նախապայմանն է, ապա ինչպիսի՞ տեղ է բանակը զբաղեցնում պետության առաջնահերթությունների շարքում։
Ցավոք, տպավորությունն այնպիսին է, որ իշխանության ներկայացրած հնգամյա ծրագրի առաջնահերթությունների ցուցակում բանակը զբաղեցնում է առաջին հորիզոնականը՝ վերջից։ Մեր պես երկրները չեն կարող իրենց թույլ տալ ազգային անվտանգության ռազմավարություն չունենալու ճոխությունը։
Մեզ անհրաժեշտ է նոր ազգային անվտանգության ռազմավարություն, դրանից բխող ռազմական դոկտրին և համապարփակ պաշտպանության համակարգ։ Որովհետև խաղաղությունը ցանկություն չէ, այլ այնպիսի պետական կարողությունների արդյունք, որոնց շնորհիվ հնարավոր հակառակորդը հասկանում է, որ Հայաստանի դեմ ուժի կիրառման գինը չափազանց բարձր է։
– Ժամանակին շատ էինք ասում, որ ցանկացած կոնֆլիկտ կամ դրա որևէ հանգուցալուծում ազդելու է Հայաստանի վրա այս կամ այն կերպով, հաշվի առնելով հատկապես՝ ով է հաղթելու կամ պարտվելու: Հիմա երբեմն տեսակետներ են հնչում ռուս-ուկրաինական պատերազմի մոտալուտ հանգուցալուծման մասին: Ռուսաստանի առնվազն չպարտվելուց ի՞նչ պետք է սպասել Հայաստանի շուրջ, ի՞նչ ռիսկեր կան մեզ համար: Նույնը վերաբերում է դեռ Իրան-ԱՄՆ դիմակայությանը և դրա արդյունքներին:
– Տարածաշրջանային կամ գլոբալ ազդեցություն ունեցող դերակատարների բախումները երբեք տեղայնացված չեն մնում, այլ ուղղակի և անուղղակի կերպով ձևավորում են անվտանգային նոր միջավայր Հայաստանի շուրջ: Այդ ազդեցությունը սկսվում է տնտեսական վայրիվերումներից, մատակարարման շղթաների խաթարումներից ու լոգիստիկ կոլապսներից, և հասնում մինչև այն պարզ իրողությանը, որ երբ քո անմիջական հարևանությամբ կամ ռազմավարական գոտիներում մասշտաբային պատերազմներ են ընթանում, պատկերավոր ասած, գլխիդ վրայով թռչող հրթիռների շեղման կամ վթարային անկման հավանականությունը մեծանում է։
Կարծում եմ` վաղաժամ է, և գուցե նաև անիմաստ՝ խոսել թե՛ ռուս-ուկրաինական, թե՛ Իրան-ԱՄՆ հակամարտությունների վերջնական հանգուցալուծման մասին։
Այս երկու պատերազմները մեզ համար մեկ ընդհանուր դաս ունեն։ Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ լինել ուրիշների հակամարտությունների արդյունքների սպասողը։ Մենք պետք է պատրաստ լինենք մի քանի հնարավոր սցենարների՝ թե՛ Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի երկարաձգմանը կամ տարբեր պայմաններով ավարտին, թե՛ Իրանի և ԱՄՆ-ի դիմակայության խորացմանը կամ թուլացմանը։ Որքան մեծ են տարածաշրջանում ներգրավված ուժերը, այնքան մեծ է դրանց գործողությունների անուղղակի ազդեցությունը Հայաստանի վրա՝ տնտեսությունից ու էներգետիկայից՝ մինչև անվտանգություն և հաղորդակցության ուղիներ։
Հետևաբար՝ մեր խնդիրը ոչ թե կանխատեսելն է` ով երբ կհաղթի, կամ երբ կավարտվի պատերազմը, այլ ունենալ այնպիսի պետական և անվտանգային համակարգ, որը կարող է աշխատել տարբեր զարգացումների պայմաններում։ Որովհետև աշխարհաքաղաքականության մեջ ամենավտանգավոր սխալներից մեկն ուրիշների պատերազմի ավարտը սեփական անվտանգության ռազմավարության հիմք դարձնելն է։
– Օրերս Բաքուն հաստատեց, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի հաջորդ փուլը սկսվելու է հյուսիսից հարավ՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից, այսինքն, Տավուշից: Ի՞նչ վտանգներ է սա ենթադրում անվտանգային, նաև բուն ռազմական առումով, հատկապես, երբ ուղղություններն ու պայմաններն ընտրում է Ադրբեջանը, իսկ Հայաստանն ընդամենը համաձայնում է, ըստ էության:
– Այո, ժամանակն ու փորձը ցույց են տալիս, որ ՀՀ իշխանությունները մաքսիմալ շարժվում են Ադրբեջանից թելադրված խաղի կանոններով, անտեսելով երկրի երկարաժամկետ անվտանգային շահերը։ Այս փուլում Ադրբեջանի հիմնական նպատակն է՝ ստանալ առավելագույն վերահսկողություն Հայաստանի ստրատեգիական նշանակության ճանապարհների և կենսական ենթակառուցվածքների նկատմամբ։
Ժամանակին Ալիևը տարբեր առիթներով բացահայտ խոսում էր դրա մասին՝ նշելով, որ իրենց նպատակն է վիզուալ տեսնել, թե կոնկրետ ինչ է կատարվում այս կամ այն հատվածում, և հույսը չդնել որևէ տեխնիկական միջոցի կամ միջնորդների վրա։ Ռազմական և անվտանգային տեսանկյունից սա նշանակում է Հայաստանի խոցելիության կտրուկ աճ և պաշտպանական դիրքերի էական թուլացում։ Տավուշի և հարակից ուղղություններով ստրատեգիական բարձունքների և հաղորդակցության ուղիների նկատմամբ վերահսկողության կորուստն ադրբեջանական կողմին հնարավորություն է տալիս հրետանային և տեսողական ուղղակի նշանառության տակ պահել հայկական մատակարարման հիմնական զարկերակները։
Փաստացի մենք կորցնում ենք անմիջական վերահսկողությունը երկրի համար կենսական նշանակություն ունեցող միջպետական ճանապարհների նկատմամբ, ինչը սահմանափակում է զորքերի մանևրելու և արագ տեղաշարժվելու հնարավորությունները։ Այս սպառնալիքները միջնաժամկետ, իսկ հատկապես երկարաժամկետ հեռանկարում դառնալու են առավել շոշափելի։
– Ի դեպ, մեկ շաբաթ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Տիգրանաշենի հանձնմանը վերաբերող հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը բառախաղի դիմեց՝ «ես Տիգրանաշենի մասին ոչինչ չեմ ասել, ես ասել եմ Քյարքիի մասին»:
– Փաշինյանի պաշտոնավարման տարիներին նման բառախաղերն ու ձևակերպումների վրա կառուցված պաշտպանական մեխանիզմները բազմիցս օգտագործվել են։ Երբ ասվածի քաղաքական հետևանքները դառնում են անհարմար, սկսվում է բառերի մեկնաբանության, ենթատեքստերի և ձևակերպումների շուրջ քննարկում՝ բուն բովանդակությունից ուշադրությունը շեղելու համար։ Հետևաբար՝ այս դրվագը նույնպես կարելի է դասել Փաշինյանի քաղաքական խոսքի արդեն ծանոթ «կռուտիտի» շարքին։
– Դուք ռեա՞լ եք համարում, որ Ադրբեջանը դուրս գա ՀՀ օկուպացված տարածքներից, գրաված բարձունքներից, մասնավորապես՝ Ջերմուկի հատվածում, որն այսօր Փաշինյանը խաղարկում է Տիգրանաշենի թեմայում, երբ մի առիթով Ալիևը խոստովանել է. «Մեզ մեղադրում են Հայաստանի վրա հարձակվելու մտադրության համար։ Ես այս մասին արդեն խոսել եմ, բայց ևս մեկ անգամ ուզում եմ միանգամայն անկեղծ ասել՝ եթե ցանկանայինք, կմտնեինք ու կգնայինք մինչև վերջ։ Մեր դիմաց Ջերմուկ քաղաքն էր՝ մեր նախկին քաղաքը, որի իրական անունը Իստիսու է։ Ո՞վ կկանգնեցներ մեզ։ Մենք նման մտադրություն չունեինք։ Մեր նպատակը մեր սահմանները պաշտպանելն էր։ Այնպիսի բարձունքներ պետք է ունենայինք մեր ձեռքում, որ մեր աչքերով տեսնեինք, թե ինչ են ծրագրում հայերը: Ես պետք է տեսնեմ իմ սեփական աչքերով։ Արբանյակը սարք է, կարող է շարքից դուրս գալ, կամ էլ՝ դուք այն կանջատեք (նկատի ունի արևմտյան երկրներին), դա ձեր ձեռքերում է»։
– Ես ռեալ չեմ համարում այն սցենարը, որ Ադրբեջանը պարզապես որոշում է կայացնելու և դուրս է գալու ՀՀ այն տարածքներից ու բարձունքներից, որոնք գտնվում են նրա վերահսկողության տակ։ Եվ սա միայն այն պատճառով չէ, որ Ադրբեջանի վարքագծի, հայտարարությունների և նպատակների վերաբերյալ որոշակի փորձ արդեն ունեմ։ Եթե դիտում ենք այդ տարածքներից շրջանառվող շինարարական և ինժեներական աշխատանքների տեսանյութերը, առաջին տպավորությունն ամենևին այն չէ, որ Ադրբեջանը պատրաստվում է այնտեղից հեռանալ։ Ընդհակառակը՝ ճանապարհների, դիրքերի, ենթակառուցվածքների և պաշտպանական կառույցների կառուցման ու ընդլայնման գործընթացը խոսում է նրանց երկարաժամկետ ներկայության, և, այսպես ասած, «տնավորման» մասին։
– Հայկական բանակը, ըստ իշխանական քաղաքական հայտարարությունների, հակառակորդ չունի այսօր, ինչը, իհարկե, չի արտահայտում իրականությունը: Իսկ ի՞նչ եք կարծում՝ Ադրբեջանը սպառնալիք համարո՞ւմ է հայկական բանակը, կամ՝ ո՞վ կարող է լինել այսօր Ադրբեջանի և Թուրքիայի համար սպառնալիք:
– Բաքուն և Անկարան ձգտում են հասնել այնպիսի ուժային բալանսի, որը Հայաստանին երկարաժամկետ կտրվածքով կզրկի զսպման հնարավորությունից։ Այդ նպատակով կիրառվում է համակարգված ճնշումների գործիքակազմ՝ դիվանագիտական, տնտեսական և տեղեկատվական հարթություններում։
Ներկայիս տարածաշրջանային դինամիկայում Ադրբեջանի և Թուրքիայի համար գլխավոր սպառնալիքները կապված են ոչ միայն անմիջական հարևանների ռազմական ներուժի, այլև՝ աշխարհաքաղաքական խոշոր կենտրոնների շահերի բախման հետ: Մասնավորապես, նրանք որպես մարտահրավեր են դիտարկում Հարավային Կովկասում այլ գերտերությունների ռազմական ներկայության ամրապնդումը, որը կարող է հավասարակշռել նրանց ազդեցությունը տարածաշրջանում:

