Ուրիշ մտքեր կախաղանին թող մոտ չգան
Հարցը՝ ինչո՞ւ վերջին տարիների ընդդիմությունները՝ առանձին-առանձին և հավաքականորեն, ձախողեցին իրենց իսկ հռչակած և կենսականորեն կարևոր իշխանափոխության նպատակը, խորքային իմաստով, այդպես էլ անպատասխան է մնում։
Իրականում՝ այդ հարցն ուղիղ կերպով ու առանց արդարացումներ գտնելու նախնական մտադրության, չի էլ առաջադրվում։ Այն դեպքում, երբ դրա նպատակը ոչ թե արդարացումներ և ոչ էլ մեղադրյալներ գտնելն է, այլ իրապես գոյաբանական նպատակի իրականացումը տապալելու պատճառները հասկանալը՝ նույն ձախողված ճանապարհով չընթանալու համար։
Այս հարցին արդարացում-պատասխանների պակաս, բնականաբար, չկա՝ սկսած դավադրության տեսություններից ու աշխարհաքաղաքական առևտրից, մինչև հանրային անտարբերություն։ Բայդ դրանք և էլի շատ այլ ձևակերպումներ արտաքին բացատրություններ են։
Մինչդեռ, ամբողջական պատկեր ու ֆունկցիոնալ պատասխան ստանալու համար անվանական ընդդիմություններն ու իշխանության դեմ պայքարող բոլորը պետք է հարցի պատասխանը փնտրեն նաև ներհայեցման, ներքին շերտերում պատճառները որոնելու միջոցով։ Մեծ մասը, սակայն, դրանից խուսափում է, որովհետև ներհայեցումը նույնացվում է միայն սխալների վերհանման ու մեղավորների նշանակման հետ, որը պատմության մի մասն է միայն։
Իրականում, սակայն, ընդդիմադիր պայքարների տապալման պատճառը ոչ միայն, իսկ երբեմն՝ գուցե ոչ այնքան սուբյեկտային է՝ կախված դրանով զբաղվող անձերի ու խմբերի անուններից, որքան գտնվում է մտածողության մեթոդի, աշխարհընկալման տիրույթում, որտեղ իշխանության դեմ պայքարողները մշտապես պարտվում են իշխանությանը՝ առնվազն ժամանակի հետ համահունչ գործելու իմաստով։
Հակաիշխանական գրեթե բոլոր անհատներն ու միավորները խոսում ու գործում են (եթե գործում են) անցյալի՝ առնվազն մեկ-երկու տասնամյակ առաջ ակտուալ եղած արժեքներով, գաղափարներով ու կաղապարներով։
Մինչդեռ դրանցից ոչ մեկը, անգամ առաջին հայացքից անփոփոխելի թվացողները հավերժական չեն, ենթարկվում են ժամանակի, դրա ռիթմի, ներքին կյանքի նորմերի, արտաքին հարաբերություններում՝ ուժերի ու խաղացողների փոփոխությանը։
Նոր իրականությունում հին գաղափարներով ու հին մեթոդներով պայքարելու գայթակղությունը ծուղակ է դարձել պայքարողների, բայց լայն իմաստով՝ նաև պետության համար։ Այն դեպքում, երբ գործող իշխանությունը կարողանում է զգալ ոչ միայն հանրության շրջանում դոմինանտ արժեքների, գաղափարների ու կաղապարների փոփոխությունը, այլ շատ հաճախ ինքն է գեներացնում ու արմատավորում դրանք՝ քաղաքական օրակարգը մշտապես պահելով իր իսկ թելադրած խաղի կանոնների շրջանակում։
Իշխանությունը տիրապետում, տնօրինում ու ուղղորդում է հանրային միտքը՝ անգամ այն դեպքում, երբ դա ծառայեցվում է Հայաստանը կառափնարան տանելու նպատակին։ Բայց տվյալ դեպքում խնդիրը նոր արժեքների, նորմերի գնահատումը չէ, դրանց լավ կամ վատ, ազնիվ կամ անազնիվ, բարոյական կամ ստոր լինելն արձանագրելը չէ, որը հեշտ և երբեմն մակերեսային զբաղմունք է։
Շատ ավելի կարևոր է նախ նոր իրողությունների, արժեքային, սոցիոնորմատիվային համակարգում նոր իրականության հետ առերեսումն ու դրանց դեմ հին կաղապարներով ու մեթոդներով պայքարելու դատապարտվածության ընդունումը, որից հետո միայն հնարավոր կլինի նոր իրողություններում պայքարի նոր մեթոդներ, իսկ դրանից առաջ՝ նոր մտածողություն գեներացնելը։
Հակառակ դեպքում իշխանության դեմ պայքարից մնալու է միայն երբեմնի հաղթանակած ժամանակներում հուզիչ հայրենասիրական ձայնապնակը, որը նոր իրականության մեջ մտածող մարդկանց համար տհաճ է, ինչպես ցանկացած երեսպաշտություն։
Հարություն Ավետիսյան

